«Պուտինը մերժել է Էրդողանին». Արման Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Էրդողան-Պուտին հանդիպմանը՝ նշեց, որ այն այս տարվա ընթացքում 16-րդ շփումն էր երկու նախագահների միջև։ Նրա խոսքով՝ եղել է 4 հանդիպում և 12 հեռախոսազանգ, ինչը վկայում է այդ երկրների հարաբերությունների զարգացման մասին։

«Էրդողանը մի քանի սադրիչ հայտարարություն արեց՝ մեղադրելով Արցախին և Հայաստանին ագրեսիվ քաղաքականության մեջ, ասելով, թե արյունաքամ է լինում տարածաշրջանը, և այլն։ Այդ հայտարարություններն ուղղված էին ոչ թե արցախյան խնդրի կարգավորմանը, այլ, առաջին հերթին՝ Ադրբեջանին, ցույց տալու համար, թե ինչքան է Անկարան սիրում Ադրբեջանին։ Էրդողանն արտահայտեց իր վարդագույն երազանքը՝ մասնակցելու Արցախի խնդրի կարգավորմանը։ Բայց Թուրքիան երբեք չի կարող դառնալ ՄԽ համանախագահող երկիր, թեև նա դա ուզում է։ Դա ընդունելի չէ մեզ համար և երբեք չի լինի»,- ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ այս պահին նույնիսկ Իրանի կողմից որևէ միջամտություն չի կարող լինել ՄԽ ֆորմատին. «Ալիևը նույնիսկ ամբողջական պլան նկարագրեց, թե իբր ՌԴ-ն պետք է ընդունի 3 պայման և իրագործի։ Պայմանները հետևյալն են՝ Ադրբեջանը կարող է դառնալ ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ, տարածքները վերադարձվեն, և ՌԴ-ն այնտեղ մտցնի խաղաղարար զորքեր։ Ոչ մեկը. իհարկե. մեզ համար ընդունելի չէ, և բնության մեջ գոյություն չունի»։

Դեսպանը հետաքրքրական է համարում Լավրովի հայտարարությունը, որ՝ Արցախի խնդրի լուծման հարցում փոփոխություն չի լինելու. «Սա մեկընդմիշտ պետք է հանդիսանա այս խնդրի կարգավորման ուղեցույց։  Հիմա Լավրովը պետք է գնա Բաքու, հետո՝ Երևան։ Այստեղ երկու խնդիր է շրջանառվում։ Նախ, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարվեն, մյուսն էլ այն է, որ այս հարցը մնում է ՄԽ համանախագահների իրավասության շրջանակներում։ Նույն բանը հայտարարեց նաև ԱՄՆ-ը, և, ինչպես երևում է հանդիպման արդյունքներից, էրդողանն այդ հարցը նույնիսկ չի բարձրացրել, կամ եթե բարձրացրել է՝ ստացել է մերժում Պուտինից»։

Կարդացեք նաև

Արման Նավասարդյանն անհիմն է համարում այն կարծիքները, որ Լավրովը տարածաշրջան է գալիս նոր առաջարկներով. «Քանի տարի է՝ Լավրովին պլաններ են վերագրում, բայց այդ բոլորը ոչինչ են։ Կարող է՝ ինչ-որ բաներ կան, բայց Հայաստանը երբեք դա չի ընդունի, և Ռուսաստանը դա շատ լավ գիտի։ Այսօր ԱՀ լուծման ոչ մի հեռանկար չի կարող գոյություն ունենալ»։

Տեսանյութեր

Լրահոս