«Թուրքիան փայլուն դիվանագիտական հաղթանակ տարավ սիրիական ճակատում». արաբագետ
«Սիրիայում պատերազմը մոտենում է ավարտին։ Սիրիան թևակոխում է հետպատերազմյան ժամանակաշրջան, քանի որ սիրիական իշխանությունները հայտարարել են, որ իրենք վերահսկում են տարածքների 90 տոկոսից ավելին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանը՝ ընդգծելով, որ «Իսլամական պետության» դեմ պայքարը ևս մոտեցավ իր ավարտին։
Արաբագետի խոսքով՝ սիրիական կառավարությունը հաղթանակած դուրս եկավ միջազգային բարդ ճգնաժամից՝ իր դաշնակիցների հաշվին. «Եթե չլիներ Իրանի, շիայական տարբեր աշխարհազորների և ՌԴ-ի աջակցությունը, գուցե սիրիական կառավարությանը չհաջողվեր հաղթանակ արձանագրել։ Սիրիական հասարակության տարբեր հանրույթներ աջակցում էին նախագահ Ասադին։ Հաղթանակը Սիրիայում հնարավոր եղավ նաև միջազգային ուժերի համագործակցության շնորհիվ։
Թուրքիան փայլուն դիվանագիտական հաղթանակ տարավ սիրիական ճակատում։ Եթե Սաուդյան Արաբիան ինչ-որ իմաստով ձախողվեց, ապա Թուրքիան կարողացավ վերականգնել իր դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ, Թուրքիան փորձում է ամեն կերպ կասեցնել Սիրիայի հյուսիսում քրդական պետության կազմավորումը։ Սա Թուրքիայի համար ամենակարևոր ռազմական նշանակություն ունեցող խնդիրն է սիրիական ճակատում, և նա դեռ երկար ժամանակ կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում»։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նպատակն այս պահին ոչ թե՝ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելն է, ինչպես նախկինում ԱՄՆ-ն էր պահանջում, այլ՝ քրդերի հետագա առաջխաղացումը կասեցնելը։
Հարցին՝ Թուրքիայի դիվանագիտական հաղթանակը և՛ սիրիական հակամարտությունում, և՛ նաև քրդական հիմնախնդրում, և ըստ այդմ՝ նրա ազդեցության մեծացումը տարածաշրջանում ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում տարածաշրջանի և Հայաստանի համար, Արաքս Փաշայանը պատասխանեց. «Թուրքիան միշտ էլ առաջատար դիրքեր ունի Մերձավոր Արևելքում:
Սիրիական պատերազմում Թուրքիան ուզում էր իշխանությունից հեռացնել Բաշար Ասադին, օգնել՝ իշխանության գալ սուննիական չափավոր իսլամամետ ուժերին, ոչնչացնել Հալեպը՝ որպես տնտեսական կենտրոն, և դա նրանց հաջողվեց, թուլացնել հայ համայնքի դիրքերը։ Այսինքն՝ կարելի է ասել, որ իրենք հաջողեցին։ Դա Հայաստանի համար կարող է իր հետևանքներն ունենալ. որպես կշիռ ունեցող ուժ՝ Թուրքիան կարող է իր աջակցությունը ցույց տալ Ադրբեջանին: Իրենք միշտ էլ միջազգային տարբեր ատյաններում աջակցում են Ադրբեջանին հնարավոր բոլոր ռեսուրսներով»։