«Աստված չանի՝ պատերազմ լինի, այս պայքարող երիտասարդներն են գնալու կռվելու, ոչ թե նրանք, ովքեր ընդունում են այս օրենքը». Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ «Զինվորական ծառայության և  զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն ընդունվեց, որովհետև ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով իշխանությունը ցույց տվեց, որ ջախջախել է հասարակական կարծիքը, ընդդիմությանը և միահեծան կարող է իշխել․

«Դրանից հետո իշխանությունն իրեն ավելի ինքնավստահ է զգում և ցինիկ է պահում։ Երբ ԱԺ-ում այս օրինագիծը քննարկվում էր, ես այնտեղ էի և այդպիսի տհաճություն վաղուց չէի զգացել. բոլոր պատգամավորները հաճոյանում էին պաշտպանության նախարարին, և նա իրեն շատ ինքնավստահ էր զգում։ Այս ամբողջն ապրիլի 2-ի հետևանքներն են։ Երեկ լսում էի պաշտպանության փոխնախարարին, որն ապրիլի 2-ի սինդրոմով ասում էր՝ ոչ մի բան էլ չի լինելու, անցկացնելու են օրենքի նախագիծը։ Այսինքն՝ նրանք բացարձակ չեն վախենում ընդվզումներից»։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս օրենքը բացարձակապես չի լուծելու հավասարության հարցը. «Շատ են բերում Իսրայելի օրինակը, որը ծիծաղելի է, քանի որ Իսրայելում անհնար է՝ վարչապետ կամ նախարար դառնա մեկը, որը չի ծառայել բանակում։ Այդ մարդիկ ընդունում են այս օրենքը, որ բոլորը պետք է գնան ծառայելու, և այնպիսի ձայնով են խոսում, ոնց որ պատերազմի հերոսներ լինեն։ Ի դեպ, Աստված չանի՝ պատերազմ լինի, այս պայքարող երիտասարդներն են գնալու կռվելու, ոչ թե նրանք, ովքեր ընդունում են այս օրենքը։ Ես տեսել եմ այդ երիտասարդներին, նրանք իսկապես մտահոգված են»։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, թե գերազանցիկները պետք է ավարտելուց հետո գնան ծառայելու, ապա Իշխանյանն ասաց, որ գերազանցիկները «սարքովի» են լինում. «Հիմա Հրազդանի քաղաքապետի տղան, որը մարդ գցեց մեքենայի տակ, կազատվի բանակից, որովհետև գերազանցիկ է։ Ես ընդունում եմ, որ մեր կրթության, գիտության որակը բավականին վատ է, բայց սրանով էլ ավելի է վատանալու»։

Նա ընդգծեց՝ առաջին հերթին՝ թող բանակում կատարվող հանցագործությունները պարզեն, որ վստահություն առաջանա.

«Արդյո՞ք այս օրենքն ընդունելուց հետո ծնողները դադարելու են ծանրոցներ ուղարկել, արդյո՞ք բանակում դադարելու են նվաստացումները։ Այդ ամենը կարգի բերեք, դադարեցրեք։ Այո, բանակում համալրման խնդիր կա, իսկ ինչո՞ւ կա այդ խնդիրը, ո՞ւմ քաղաքականության արդյունքում է արտագաղթ եղել, որ համալրման խնդիր կա։ Կան ծնողներ, որոնք որոշ դպրոցներում պայմանավորվել են, որ երեխաներին «ներկա» դնեն, որպեսզի փախցնեն երկրից, որովհետև գիտեն՝ միանգամից տանելու են բանակ։ Մի քանի տարի հետո էլ օրենք կընդունեն, որ աղջիկները գնան բանակ»։

Իշխանյանն անդրադարձավ նաև այն շահարկումներին, թե օրենքի դեմ պայքարող ուսանողները քիչ են, և հակադարձեց՝ քիչը չի նշանակում, որ իրենք ճիշտ չեն. «Հայաստանում խորհրդային տարիներին անկախության գաղափար մի քանի հոգի ունեին, ուրեմն՝ նրանք ճիշտ չէի՞ն։ Մեր հայկական մթնոլորտն այնպիսին է, որ մյուսները վախենում են խոսել»։

Տեսանյութեր

Լրահոս