Բաժիններ՝

««Զինվորական ծառայության մասին» օրենքում դրույթ կա, որից ենթադրվում է, որ զինվորական ծառայողին և սպային կարելի է արձակուրդ տալ նաև սեփական կնոջ ամուսնության առիթով». Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն առաջարկեց «time out» վերցնել ու օրենքի ընդունումը հետաձգել, քանի որ, ըստ նրա, 5 ուսանողների հացադուլը և մի քանի հարյուր ուսանողների դասադուլը երկրում իրավիճակ են ստեղծել, որը հանգուցալուծում է պահանջում:

Նա ասաց, որ ինքն այսօր հանդիպել է 5 հացադուլ անող երիտասարդներին, որոնցից 4-ը, նրա խոսքով, ծառայած են, ու հստակ գիտակցում են՝ ինչ են անում:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ իրենց առաջարկների փաթեթը կփակի այն խոսակցությունները, որ իրենց ասում են, որ առաջարկ չեն ներկայացրել: Նա ասաց, որ իրենք շատ երկար քննարկել են՝ առաջարկ ներկայացնե՞ն, թե՞ ոչ, և հանգել են նրան, որ, եթե այս մարդիկ այս տրամաբանության մեջ են, ի՞նչ իմաստ ունի առաջարկ ներկայացնելը:

«Ինքս բանավոր առաջարկ եմ ներկայացրել: Ես մոտեցել եմ կառավարության ներկայացուցչին, ասել եմ՝ «Զինվորական ծառայության մասին» օրենքում դրույթ կա, որից ենթադրվում է, որ զինվորական ծառայողին և սպային կարելի է արձակուրդ տալ նաև սեփական կնոջ ամուսնության առիթով: Ասել եմ՝ սա բարձրաձայնելու բան էլ չէ, անիմաստ անեկդոտների առիթ կտա, խնդրում եմ, նայեք, փոխեք այս դրույթը, հիմա բերել են նույն դրույթով: Կարող է՝ ՀՀԿ-ն մտածում է՝ ԶՈՒ-ի սպային կարելի է արձակուրդ տալ կնոջ ամուսնության  կապակցությամբ, դե, հիմա քվեարկեք, ընդունեք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մենք բոլորս պետք է հասկանանք, որ Պաշտպանության նախարարը պատերազմող երկրի Պաշտպանության նախարար է, Պաշտպանության նախարարը չպե՞տք է հասկանա, որ ինքը պատերազմող երկրի Պաշտպանության նախարար է.

«Բա, պատերազմող երկրի Պաշտպանության նախարարն իրեն թույլ կտա՞ խորհրդարանական խմբակցության հասցեին ասել՝ «դե, դուք բան չեք որոշում, ես ձեռքս մեկնել եմ ձեզ…»: Հլը, շնորհակալ եղեք, որ չենք ասել՝ էդ մեկնած ձեռքն ինչ պետք է աներ: Էդ ի՞նչ եզրափակիչ ելույթ էր, հարձակում խմբակցության վրա: Որևէ մեկը չմտածի, որ մեզ հետ կարող է այդ լեզվով խոսել, ուզում է՝ Պաշտպանության նախարար լինի, ԱԱԾ-ի պետ լինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս