Բաժիններ՝

Հայաստանում է 9 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր «Էմերսոն» լարային քառյակը

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հրավերով Հայաստանում է աշխարհահռչակ երաժիշտներից կազմված, 9 «Գրեմմի» մրցանակակիր «Էմերսոն» լարային քառյակը, ովքեր այսօր՝ նոյեմբերի 11-ին, համերգային ծրագրով հանդես կգան Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ դահլիճում: Համերգին նախորդող մամուլի ասուլիսին աշխարհահռչակ երաժիշտները խոսեցին համերգի. հայաստանյան առաջին այցի տպավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին հարցերին:

«Շատ երջանիկ ենք, որ վերջապես Հայաստանում ենք, որովհետև մեր հայաստանյան այցի բանակցությունները տևեցին մի քանի տարի: Մենք շատ թվով հայ ընկերներ ունենք, ովքեր մեզ քաջալերում էին՝ գալու Հայաստան և համերգներ ունենալու այստեղ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասում է քառյակի ջութակահար Ֆիլիպ Զեթցերը:

Քառյակի ջութակահար Յուջին Դրուքերն իր խոսքում անդրադարձավ հայազգի ֆանտաստիկ, լեգենդար անունի՝ Իվան Գալամյանին, ով ամերիկյան երաժշտական դպրոցի ամենաազդեցիկ ջութակի ուսուցիչն է, ով կրթել և դաստիարակել է մի քանի սերունդ. «Ջութակի հայտնի դպրոցում, որտեղ երկար տարիներ դասավանդում էր հայազգի մեծանուն ուսուցիչը, ես բազմիցս պատիվ եմ ունեցել հանդիպելու նրան, զրուցելու նրա հետ, լսելու նրա երաժշտության մասին մտորումները: Ցավոք, առիթ չեմ ունեցել անձամբ ուսանելու իր դասարանում, բայց պետք է նկատել, որ նա ամենահարգված ուսուցիչներից մեկն էր, ում հանդիպել եմ ես երաժշտական աշխարհում: Նույնիսկ կարելի է ասել, որ աշխարհի մասշտաբով Իվան Գալամյանը հանդիսանում է երաժշտական աշխարհում ջութակի արդի կատարողական դպրոցի հիմնադիրը»:

Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ չորս տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ և լավագույն մեկնաբանող: Հիմնադրվելով 1976 թվականին՝ Նյու Յորքում, «Էմերսոնն» առաջին քառյակներից էր, որի ջութակահարները փոխհաջորդում են միմյանց առաջին ջութակի դերում, ինչը, անխոս, վկայում է երաժիշտների կատարողական բարձրարվեստ տիրապետմանը:

Տեղեկացնենք, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս