Բաժիններ՝

«Հանրապետականի մոտ, կարծես, լավ է ստացվում՝ գիշերով որոշումներ կայացնել». Գևորգ Գորգիսյան

«Մենք իրականում շատ հանկարծակիի եկանք, մեզնից ոչ մեկը պարզապես չհասցրեց գնալ, մասնակցել։ Հանձնաժողովի անդամ Սասուն Միքայելյանն ապրում է Հրազդանում և չէր հասցնի գալ ու մասնակցել նիստին։ Բայց մեզ անգամ չէին էլ տեղեկացրել նիստի մասին, թեև Արտակ Զեյնալյանն օրինագծերից մեկի համահեղինակն է և պետք է մասնակցեր։ Ինձ թվում է՝ վախեցան հերթական աղմուկից։ Ուսանողները ժամը 18-ին պատրաստված եկել էին ԱԺ-ի դիմաց և, գուցե մտածեցին, որ երկուշաբթի էլ և՛ ուսանողները կլինեն, և՛ մենք, ու փորձեցին մութ գիշերով որոշումներ կայացնել։ Հանրապետականի մոտ դա, կարծես, լավ է ստացվում, արդեն ավանդույթ է դառնում, շատ վատ ավանդույթ։ Կարծում եմ՝ չէր կարելի նման աղմկահարույց հարցն այդպես անցկացնել։ Անընդունելի մոտեցում է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ մեկնաբանելով երեկ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի տապալումը ժամը 18։00-ին՝ քվորումի բացակայության պատճառով, դրա հետաձգումը մինչև երկուշաբթի ժամը 11:00-ն, ապա՝ հապշտապ կայացումը ժամը 21։00-ին։

Հանձնաժողովը, հիշեցնենք, երկրորդ ընթերցումից առաջ քննարկել և հավանության է արժանացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նիստին մասնակցել են իշխանական կոալիցիայի 4 ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանը, Ֆելիքս Ցոլակյանը, Միհրան Պողոսյանը և ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը։

Ըստ Գորգիսյանի՝ այս փուլում ընթացակարգերի տեսանկյունից առաջարկներ ներկայացնելու փուլն էր։ «Ելքն» առաջարկել էր տարկետման իրավունքը պահպանել։ Օրենքի մնացած կետերը, Գ.Գորգիսյանի խոսքով, նորմալ են։

«Սակայն նախարարությունից նույնիսկ պատրաստ չէին քննարկելու և լսելու։ Օրենքը, ամենայն հավանականությամբ, Հանրաապետականը մեծամասնությամբ կընդունի։ Այս փուլում ուրիշ ոչինչ չենք կարող անել։ Ամեն դեպքում, մենք առնվազն մեր բոլոր մտահոգությունները հնչեցրեցինք, թեև մեծ մասն անպատասխան մնաց և պատրաստակամության նույնիսկ նշույլ չեղավ, որ ցանկանան մեզ հետ քննարկել այդ ամենը։ Երբ նախարարը հայտարարեց, որ եկել և մեր հետ քննարկել է, ընդամենը քննարկվել էին «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը, որոնք ընդունելի են, բայց որոնք այս օրենքի մաս չեն, և դրանց մասին օրենքում մեկ բառ անգամ չկա, միայն տարկետման վերացման մեջ կա պայման, որ տարկետում հնարավոր է, եթե կնքվեն այդ պայմանագրերը։ Իսկ օրենքի որևէ դրույթ մեզ հետ չի քննարկվել»,- ասաց Գ.Գորգիսյանը։

Անդրադառնալով օրենքի նպատակին՝ նա համոզմունք հայտնեց, որ բանակին միայն մարդաքանակ չէ պետք, այլ՝ բարձր տեխնոլոգիաներ և զենք է պետք, որն անընդհատ գնել հնարավոր չէ, քանի որ մենք մրցավազքի մեջ ենք ավելի շատ ֆինանսական ռեսուրսներ ունեցող հակառակորդի հետ։

Սակայն, պատգամավորի կարծիքով, մենք նրանց բոլոր տեսանկյուններից՝ հաղթում ենք գիտական պոտենցիալի ոլորտում, և մենք մեր տեխնիկական նորամուծությունով և բարձր տեխնոլոգիաներով գիտությունը զարգացնելով միայն կարող ենք այդ մրցավազքում հաղթող դուրս գալ։

«Բանակի թերհամալրվելու խնդիրը գալիս է նաև կոռուպցիայից։ Եթե հիմնական խնդիրը դա է, պետք է կոռուպցիոն համակարգերը լուծեն, պետք է բանակը գրավիչ դարձնեն։ Մենք բոլոր ոլորտներում թերհավաքումներ ունենք, մարդիկ բուհ չեն ուզում գնալ, մարդիկ բանակ չեն ուզում գնալ, մարդիկ ռազմական ակադեմիա չեն ուզում գնալ, և այնպիսի իրավիճակ է, որ այդ ամենը գնալով ավելի ու ավելի ոչ գրավիչ է դառնում քաղաքացիների համար։

Պրոֆեսիոնալ բանակ կազմելու քայլերի կամ մտադրությունների առաջարկի մասին պաշտպանության նախարարը միանգամից հակադարձում է, թե առաջարկում եք այնպես անել, որ հարուստները փողը տան՝ ազատվեն բանակից, իսկ աղքատները գնան, և ի՞նչ խղճով է նայելու մարդն իր զավակի աչքերին ու ասի՝ ես փող չունեմ, դու պետք է գնաս բանակ, կամ տունը վաճառի, որ բանակ չուղարկի իր զավակին։ Սա ամենավատ մեսիջն է, որ պաշտպանության նախարարը կարող էր տալ, այսինքն՝ բանակում այնքան վատ է, որ քաղաքացին պատրաստ է նման քայլի։

Մինչդեռ մեզ մոտ միշտ այն գաղափարախոսությունն է քարոզվել, որ մարդիկ հպարտորեն իրենց զավակներին պետք է բանակ ուղարկեն, հայրենիքին ծառայելը հպարտություն է, նույնիսկ հայրենիքի համար մահանալը պատիվ է, հերոսություն է, և այդ ամենի ֆոնին՝ գալիս է պաշտպանության նախարարն ու ասում, որ մարդիկ պատրաստ են տունը վաճառել՝ զավակին բանակից ազատելու համար։

Սա նշանակում է, որ նա իր ֆունկցիան ամբողջութամբ տապալել է, և բանակը չի դարձել այնպիսին, որ մարդիկ հպարտությամբ գնան բանակ»,- ասաց Գ.Գորգիսյանը։

Նա նշեց, որ պետք է քայլեր կատարել, որ բանակը նաև նպաստի գիտության զարգացմանը.

«Գլխավոր մեծ կոռուպցիոն ճեղքը բժշկական ոլորտում, որով մարդիկ ազատվում են բանակից, բաց թողած, խոսում ենք տարկետումը վերացնելու մասին։ Լավ կլիներ, իհարկե, որ բոլորը հավասար գնային ծառայեին, բայց մենք գիտենք, որ այսօր այդպես չէ, և այդպես չի լինելու, եթե տարկետումը վերացնենք»։

Գ.Գորգիսյանն ուրախություն հայտնեց, որ ուսանողությունն ակտիվացել է, որովհետև գլոբալ այլ նախաձռնություններ ևս եղել են, որոնք երկրի համար վատ հետևանքներ են ունեցել ու շարունակում են ունենալ, բայց մեր ուսանողությունը երկար տարիներ ուղղակի լռել է, ոչ մի բանով չի փորձել ներգրավված լինել երկրի սոցիալ-քաղաքական հարցերում.

«Սա լավ ազդակ էր, որպեսզի ուսանողները գիտակցեն, որ խորհրդարանում կատարվող ամեն ինչ, ի վերջո, ազդելու է իրենց վրա, և ավելի ուշի ուշով այսուհետ կհետևեն ամեն ինչին և միգուցե հետագայում իրենց անձնական շահերի դեմ ուղղված հարցերի դեմ դուրս կգան պայքարի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս