Կարեն Կարապետյանը հանձնարարականներ է տվել

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել 2018 թ. Հայաստանում անցկացվելիք 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի և Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մանրամասներ է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի նախապատրաստման և անցկացման վերաբերյալ: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները և նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ, իր հերթին, զեկուցել է ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են տարբեր կազմակերպչական հարցեր և առաջարկություններ:

Վարչապետը, ընդգծելով 2018 թ. մեր երկրում անցկացվելիք այս երեք խոշոր միջոցառումների կարևորությունը, շեշտել է, որ դրանք պետք է կազմակերպվեն բարձր մակարդակով և հավուր պատշաճի: Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչություններին լինել ակտիվ և պատասխանատու թե´ կոնկրետ ոլորտային, թե´ ընդհանուր կազմակերպչական աշխատանքների մասով: «Յուրաքանչյուրն իր տեղում պետք է հնարավորինս ներգրավված լինի կազմակերպչական բոլոր գործընթացներում, և համապատասխան աշխատանքային խմբերը պետք է կանոնավոր, առարկայական և համակարգված աշխատեն այդ ուղղությամբ», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում ամփոփել բոլոր 3 միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները, հստակեցնել նախատեսվող միջոցառումները և ներկայացնել կոնկրետ ծրագրեր:

Տեսանյութեր

Լրահոս