Բաժիններ՝

«Ավելի հավանական է, որ այսկերպ Վիգեն Սարգսյանը փորձում է պարտադիր զինծառայության դաշտ մտցնել մեծահարուստների ճտերին». Սամվել Մարտիրոսյան

Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էապես սահմանափակել ուսումնառության նպատակով տարկետման իրավունքը, արդեն երրորդ օրն է, փողոց է հանել նախագծից դժգոհ ԵՊՀ ուսանողների ստվար զանգվածի, ովքեր կազմակերպված դասադուլների միջոցով ահազանգում են՝ օրենքի ուժ ստանալու պարագայում նախագիծը սպառնում է խոչընդոտել երկրի ներսում կրթության և գիտության բնականոն զարգացմանը:

168.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, փորձելով պարզել՝ որքանո՞վ կարող է առաջարկվող օրինագիծը խոչընդոտ հանդիսանալ կրթության որակների համար.

«Ինձ թվում է՝ այս հարցը պետք է մի քանի այլ տեսանկյուններից քննարկել, որովհետև սա առնվազն կոմպլեքս հարց է: Կան միաժամանակ մի քանի խնդիրներ՝ տարբեր ոլորտներից, որոնք եկել-բախվել են մի կետում:

Առաջին տեսանկյունն արդարության սկզբունքն է: Հասարակության մեջ կա շատ տարածված տեսակետ, որի համաձայն՝ բանակ չեն գնում տնտեսական և քաղաքական վերնախավում բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց երեխաները:

Կարծում եմ, հիմնականում դա հենց այդպես էլ կա, և, եթե անգամ նրանցից ոմանց երեխաները մեկնում են ծառայության, ապա առաջին գծում նրանք չեն լինում: Բնականաբար, երբ գոյություն չունի հավասարության և արդարության սկզբունք, ապա յուրաքանչյուր շարժ կամ, այսպես ասած, բարեփոխում այս հարցում առաջացնում է ինչ-որ ընդվզում:

Երկրորդ տեսանկյունն ընդհանուր կրթական համակարգն է՝ իր լրջագույն խնդիրներով: Չեմ կարծում, որ տարկետման իրավունքի լինել-չլինելը գիտության վրա ինչ-որ ձևով կազդի, որովհետև ազդելու բան համարյա էլ չի մնացել՝ բուհերն այսօր վերածվել են ամեն ինչի, բացի բուն նպատակից՝ կրթության օջախներից: Բուհերում չկան գիտական աշխատող էքսպերիմենտներ, դրանց կոռուպացիան այն մակարդակների է հասել, որ սա արդեն ազգային անվտանգությանը սպառնացող լուրջ խնդիր է:

Վերջիվերջո, կան տարբեր կարևոր մասնագիտական ֆակուլտետներ ավարտող ուսանողներ, որոնց հետագա աշխատանքը կարող է վտանգել ուրիշների կյանքը, միայն այն պատճառով, որ այստեղ սովորող ուսանողների մեծ մասը կաշառքով են սկսել և նույն կերպ էլ ավարտել են իրենց կրթությունը: Բացի այդ, բուհերն այսօր խիստ քաղաքականացված են, այն աստիճանի, որ դադարելով լինել կրթօջախներ՝ դարձել են կուսակցական գրասենյակային կենտրոններ:

Թվարկածս ամբողջությամբ գիտությունը դարձնում է շատ խոցելի, և հարցն այստեղ այն է, որ առհասարակ գիտության հանդեպ պետության մոտեցումն ինքնին շատ տխուր պատկերներ է արձանագրում: Գիտության զարգացմանն ուղղված ֆինանսավորումը գնալով պակասում է, գիտությունը չունի սոցիալական վարկանիշ և չի համարվում առաջնային զարգացող ոլորտ Հայաստանում: Այսքանից հետո մի քանի հարյուր ուսանողի վրա ազդող տարկետման իրավունքի վերացման հարցն ինչ-որ անիմաստ բան է դառնում այս ամենի ֆոնին»:

Շարունակվող դասադուլների հարցն այս պարագայում Սամվել Մարտիրոսյանն առաջարկում է դիտարկել՝ իբրև գործողություն և երևույթ.

«Մեր ուսանողներն իրենց քաղաքացիական կեցվածքով չափազանց պասիվ են: Մենք չունենք երկրին հուզող տարատեսակ հարցերի վերաբերյալ ուսանողական շարժում կամ ընդվզում, և այլն: Եվ եթե հիմա այս շարժումը դիտարկենք՝ որպես ընդհանուր ուսանողական ընդվզման փորձ, ապա շատ դրական կարելի է գնահատել, կապ չունի անգամ, թե ի՞նչ է այն հետապնդում, կարևորը՝ ինքը կա՝ որպես ուսանողական բողոքի դրսևորում: Ուսանողությունը պետք է լինի ընդվզող, եթե այդպիսին չէ, ապա դա նոնսենս է, բայց եթե սա տեղի է ունենալու և մարի-գնա՝ մնալով պարզապես որպես չհաջողված օրինակ, շատ տխուր կլինի»:

Կստանա՞ արդյոք նախագիծն օրենքի ուժ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ոչինչ ասել չի կարող, փոխարենը՝ հիշեցնում է.

«Եթե հիշում եք, մոտավորապես տասը տարի առաջ ճիշտ նման հարց կրկին բարձրացվեց, բայց ուսանողությունը կարողացավ առաջ տանել իր տեսակետը, ու տարկետման իրավունքը չհանվեց: Հիմա, եթե բանակը կամ Կրթության նախարարությունը համարում է, որ սա իսկապես շատ կարոևոր հարց է, որը միգուցեև հենց այդպես էլ կա, ինձ թվում է՝ հասարակության հետ կարելի էր և պետք էր ավելի երկար աշխատել, նոր միայն նման առաջարկներով հանդես գալ: Իհարկե, բանակում ծառայողների թվի պակասը բացահայտ է, բայց չեմ կարծում, որ այս փոփոխությունը հատկապես այդ հարցի լուծմանն է միտված:

Ի վերջո, տարկետման իրավունքի վերացումից հետո ահռելի մեծ թվով զինծառայողներ չեն, որ համալրելու են բանակը: Հետևաբար՝ ավելի հավանական է, որ այսկերպ Վիգեն Սարգսյանը փորձում է պարտադիր զինծառայության դաշտ մտցնել մեծահարուստների ճտերին, այլ կերպ ասած՝ բանակում ծառայելը պարտադիր է դառնում բոլորի համար, անկախ սոցիալական, կենցաղային և խավային պատկանելությունից»:

Հիշեցնենք, որ դասադուլի մասնակիցներն արդեն նամակներ են ուղարկել Պաշտպանության և ԿԳ նախարարություններին, ինչպես նաև հանդիպում ունեցել հանրապետության վարչապետի և համապատասխան գերատեսչությունների ղեկավարության հետ: «Կառավարության հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի դեմ արդեն երրորդ օրը պայքարի դուրս եկած ուսանողները պնդում են՝ իշխանություններին չի հաջողվելու որևէ կերպ իրենց ետ պահել պայքարից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս