2018-ի ապրիլից հետո ո՞վ է նստելու բանակցային սեղանի շուրջ

«Մենք մի քիչ ժամանակից առաջ ենք ընկնում` փոխզիջումների, լուծումների մասով: Իմ խորին համոզմամբ՝ մենք շատ հեռու ենք այդ փուլից, որովհետև այն, ինչ այսօր նկատում ենք բանակցային գործընթացում, միանշանակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն հեռու է, այլևս նույնիսկ ցանկություն չունի գնալ կոնկրետ լուծումների։ Այս պարագայում, իհարկե, պետք է շարունակել բանակցային գործընթացը, պետք է փորձել նրանց որոշ բաներ բացատրել, և ամենակարևորը՝ բանակցային գործընթացը երկկողմանի ճանապարհ է»,- այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը՝ խոսելով Ղարաբաղյան խնդրի շուրջ վերջին զարգացումների մասին:

Ըստ նրա՝ չի կարող լինել, որ հայկական կողմերը զիջումների պատրաստ լինեն, իսկ ադրբեջանական կողմը պատրաստ չէ: Նա վստահություն հայտնեց, որ 2016 թ. ապրիլից հետո մենք շատ ավելի ճիշտ ենք պատկերացնում մեր անվտանգության համակարգի բոլոր բաղադրիչները, որ դրա մեջ մտնում են և՛ տարածքները, և՛ տնտեսական կենսունակությունը, և այդ պաշարն այսօր չի կարելի թուլացնել։ Ա.Ղուլյանի կարծիքով՝ զիջումների մասին խոսակցությունները միայն մեր ներքին հասարակական ամրությունն են խաթարում.

«Ես վստահ եմ, այդ հարցերի պատասխանն ունի միայն մեկ սուբյեկտ`Արցախի Հանրապետության ժողովուրդը, որին Սահմանադրությամբ տրված է այդպիսի լիազորություն»։

Անդրադառնալով խնդրին, թե 2018-ի ապրիլից հետո ո՞վ է նստելու բանակցային սեղանի շուրջ, Ա.Ղուլյանը հայտարարեց, որ ի դեմս ՀՀ գործող նախագահի՝ Արցախի հարցում ունենք լավ պատրաստված մարդու, բայց այդ հարցում այսօր շատ ավելի լայն շրջանակ է ներգրավված:

Ա.Ղուլյանի կարծիքով՝ Ժնևի բանակցություններից հետո և առաջ հայկական կողմի դիրքորոշումը չի թուլացել. «Եթե մեկ տարի և ավելի բանակցություններ չունենք և նույնիսկ չունենք դրա նախապատրաստում, դա նշանակում է, որ մենք ցանկացած առիթ պարզապես պետք է օգտագործենք`բանակցային գործընթացը գոնե վերսկսելու համար: Իմ կարծիքով՝ հենց դա է տեղի ունեցել Ժնևի խորհրդատվությունների ընթացքում: Թե ի՞նչ է լինելու հետո, կարծում եմ՝ դա բանակցային գործընթացը վերականգնելուն զուգահեռ պետք է ընթանա: Այն, որ 2016 թվականից հետո մեր դիրքորոշումը կոշտացել է, միանշանակ է, և որևէ հիմք չկա այն մեղմացնելու։ Կյանքը ցույց է տվել, որ Ադրբեջանի պահվածքը շատ անկանխատեսելի է, և որևէ բան այսօր չի խոսում այն մասին, որ նրանք փոխվել են, կամ դեպի դրական գործընթացներ կան։ Պարզապես վստահ եմ, որ 2016 թվականի ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանն ինչ-որ հետևություններ արել է, և այսօր, հաշվի առնելով նաև մեր հակառակորդի պահվածքը՝ մենք ավելի պատրաստ ենք»:

Բանակցություններին Արցախի վերադարձի մասին Ա.Ղուլյանը նշեց, որ դա հերքում է միայն Ադրբեջանը, և այն պահից, երբ Ադրբեջանը համաձայնի այդ տարբերակին, պարզ կլինի, որ հարցը լուծելու ցանկություն կա, որովհետև բանակցությունների սեղանին ծագող հարցերի հիմնական պատասխանատուն Արցախի Հանրապետությունն է. «Մեզ համար միանշանակ է, որ Արցախի Հանրապետության մասնակցությունը պետք է լինի բոլոր փուլերում»։

Անդրադառնալով ՀՀ-ում տարկետման իրավունքի վերացման և Երևանում ընթացող դասադուլների խնդրին՝ Արցախի ԱԺ նախագահը նշեց, որ չպիտք է գնալ հակադրության`գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը, և միաժամանակ՝ պետք է համադրել: Ըստ նրա՝ տարկետման վերացումը չի նշանակում, որ գիտությունը բաց ենք թողել:

«Կարծում եմ՝ ՀՀ-ում անպայման կգտնեն այս հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես՝ որևէ տարկետման իրավունք չկա, միայն մի հանգամանք կարող է երիտասարդին ազատել բանակից՝ առողջական խնդիրը։ Եվ բոլոր երիտասարդները, անկախ նրանից՝ պետպատվերո՞վ են սովորում, թե՞ մասնավոր հիմունքներով, բոլորը, Հանրապետության նախագահից սկսած, բոլոր պաշտոնյաների որդիները 18 տարեկանը լրանալուց հետո ծառայում են»։

Տեսանյութեր

Լրահոս