«Անընդունելի է, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումն իրականացվում է առանց Արցախի մասնակցության». Արզիկ Մխիթարյան

Արցախը դատապարտում է Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի Հանրապետության խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը։

«Արցախում չեն զարմանում, երբ Իլհամ Ալիևը նստում է Սերժ Սարգսյանի դիմաց, նայում աչքերին, խոսում հրադադարի մասին, բայց 2 օր հետո կրկին զոհեր ենք ունենում»,- ասաց նա:

Ըստ Ա.Մխիթարյանի՝ անընդունելի է, որ Արցախի քաղաքական խնդրի լուծումն իրականացվում է՝ առանց Արցախի մասնակցության։ Նա նշեց, որ արցախցիների համար թիվ 1 հիմնախնդիրն Արցախյան խնդրի լուծման ձևաչափում Արցախի իրավունքների վերականգնումն է, որպեսզի իրենք ևս կարողանան մասնակից լինել իրենց ճակատագրի լուծմանը.

«Մենք չենք կասկածում, որ հայկական պատվիրակությունները, խորհրդարանական դիվանագիտության մակարդակում, իրոք պաշտպանում են Արցախի խաղաղ կարգավորման հարցը, սակայն փորձել լուծել մի ժողովրդի խնդիր, որին մասնակից չեն նրանք, սա նորմալ երևույթ չէ»: Ա.Մխիթարյանի խոսքով՝  արցախցիները միշտ էլ պատրաստ են պատերազմի և այդ ընկալումն ունեն 1988 թվականից, երբ իրենց խաղաղ պահանջներին մատուցվեց սումգայիթյան ոճրագործությունը:

Արցախցի խորհրդարանականի կարծիքով՝ քանի որ Ադրբեջանը քաղաքական լուծումների չի գնում և քաղաքական լուծումներ չի առաջարկում, այդ պատճառով բանակցություններին վերադառնալու միակ տարբերակը գուցե պատերազմն է. «Բայց ես կարծում եմ, որ գոյություն ունի քաղաքական մշակույթ, որին պետք է հետևի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Կարծում եմ, որ խորհրդարանական դիվանագիտության մակարդակում պետք է հասնել նրան, որ Արցախն այս ձևաչափում ունենա իր դերակատարությունը»:

Ա.Մխիթարյանը նշեց, որ Արցախի խորհրդարանը չունի այն գործիքները, որ միջազգային հարթակներում կարողանա իր իրավունքները պաշտպանել, և միակ խողովակը ՀՀ խորհրդարանի պատվիրակություններն են, որոնք Արցախի դատը պաշտպանում են եվրոպաներում. «Կարծում եմ, նրանք պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի իրոք վերականգնվեն մեր իրավունքները»:

Տեսանյութեր

Լրահոս