«Արցախի գոյությունն ու կարգավիճակն Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են». Հայաստանի և Արցախի խորհրդարանականները քննարկում են համագործակցության հարցեր

Այսօր ՀՀ ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը։ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ բազմիցս ասվել է, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, սակայն Արցախի ժողովուրդն ինքն է իր ճակատագրի տերն ու տնօրինողը:

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ որևէ հարթակում կամ ատյանում, որևէ ձևաչափով չի կարող ընդունվել այնպիսի որոշում, որն անընդունելի կլինի Արցախի ժողովրդի համար կամ կսպառնա նրա անվտանգությանը: Ե՛վ Հայաստանի, և՛ Արցախի հանրապետությունների իշխանությունները նախագահների մակարդակով բազմիցս են հայտարարել, որ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Պետք է ճանաչվի ու հարգվի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատորեն որոշելու իրավունքը և երաշխավորվի նրա անվտանգությունը: Արցախի գոյությունն ու կարգավիճակը Ադրբեջանի կազմում որևէ տարբերակով անհնարին և անընդունելի են»,- ասաց Ա.Բաբլոյանը:

Ըստ նրա՝ բանակցություններում իրական առաջընթացի հասնելու համար Ադրբեջանը նախևառաջ պետք է հրաժարվի Արցախն անգամ տեսականորեն իր կազմում պատկերացնելու մտքից:

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի խոսքով՝ վերջին 1 տարվա քննարկումների բովանդակությունը ցույց է տալիս որոշակի նոր տրամադրությունների հայտնվելու մասին:

«Մենք գնահատում ենք ՀՀ ԱԺ մեր գործընկերների ջանքերը՝ միջազգային խորհրդարանական կառույցներում հայկական կողմերի դիրքորոշումները պատշաճ ներկայացնելու, Ադրբեջանի իշխանությունների կողմից խնդրի էությունը խեղաթյուրող և կողմնակալ ձևակերպումներին ու նախաձեռնություններին դիմակայելու ուղղությամբ»,- ասաց նա՝ դրական գնահատելով, որ անցած տարի ապրիլյան պատերազմից հետո, ապրիլ-հունիս ամիսներին, Արցախ են այցելել ՀՀ խորհրդարանի գրեթե բոլոր պատգամավորները՝ շատ հաճախ իրենց հետ Արցախ բերելով արտասահմանյան խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչների:

Անդրադառնալով Հայաստանում և Արցախում հետսահմանադրական գործընթացներին՝ Ա. Ղուլյանը նշեց, որ, չնայած պետական կառավարման տարբերություններին՝ համատեղ քննարկումների անհրաժեշտություն կա, խորհրդարանական հարթակը ոչ միայն հնարավորություն է՝ օրենսդրական փորձի փոխանակման տեսանկյունից, այլ նաև յուրահատուկ խողովակ է՝ ինչպես՝ տարբեր երկրների խորհրդարանականների հետ կապեր հաստատելու, այնպես էլ՝ միջազգային խորհրդարանական ամբիոնից Արցախի դիրքորոշման մասին բարձրաձայնելու համար:

«Արցախի Հանրապետությունը համարվում է մեր տարածաշրջանի ժողովրդավարության օազիսը»,- հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ դրա մասին վկայում են Արցախում անցկացված սահմանադրական բարեփոխումները, ժողովրդավարական ընտրությունները, ակտիվ քաղհասարակության առկայությունը, ՏԻՄ կայացվածությունը, և այլն։

Նա համոզմունք հայտնեց, որ Ղարաբաղյան խնդիրն առնչություն չունի ո՛չ կատալոնական, ո՛չ Ղրիմի, ո՛չ էլ Հարավային Օսիայի խնդիրների հետ: Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է կարողանա բոլոր հարթակներում հասկացնել, որ Արցախի Հանրապետությունը ԽՍՀՄ-ից անջատվել է նույն այն օրենսդրական նորմերով, ինչ 15 միութենական հանրապետությունները, և, եթե ոմանք կարծում են, թե Արցախի անկախությունն օրինական չէ, ուրեմն օրինական չեն ո՛չ Լատվիայի, ո՛չ Լիտվայի, ո՛չ էլ Էստոնիայի անկախությունները. «Ինչո՞ւ եմ այս երեք երկրների օրինակը բերում: Նրանք ԵՄ անդամներ են: Նրանք ԽՍՀՄ-ից անօրինական են անջատվել»:

«Մարդիկ հասկացել են, որ Արցախի պայքարը ոչ թե՝ Ադրբեջանի դեմ է, այլ՝ հանուն ազատության և անկախության: Մենք բոլորս մի բռունցք ենք, և Արցախի հարցն այն հարցն է, որտեղ ՀՀ ազգային ժողովում կուսակցական պատկանելությունն առաջնային չէ: Մեր բոլոր գործընկերները, անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, Արցախի հարցում ունեն նման դիրքորոշում: Արցախի անկախությանն այլընտրանք չկա, դուխով, հավեսով, միասին»,- հավելեց ԱԺ փոխնախագահը:

Տեսանյութեր

Լրահոս