«2017թ. Գյումրու 84 անօթևան ընտանիքի տրամադրվել է գնման վկայագիր. դրանով ավարտվում են պետության պարտավորությունները երկրաշարժից տուժածների նկատմամբ»
«Մեդիա կենտրոնն» այսօր Գյումրիում կազմակերպել էր «Գյումրու զարգացման ծրագրերը և անօթևանության խնդրի լուծումները. բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը» թեմայով քննարկում։ Քննարկման ժամանակ ՀՀ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Տիգրան Հարությունյանն ասաց, որ 2017թ. պետությունը Գյումրի քաղաքում 84 ընտանիքի տրամադրել է բնակարանների գնման վկայագիր, որով, ըստ նրա՝ ավարտվում են պետության պարտավորությունները երկրաշարժից տուժածների նկատմամբ։
«Հետազոտություններ ունենք, Գյումրիում կա 600-700 անօթևան, բայց նրանք տարբեր պատճառներով փաստաթուղթ չեն ներկայացրել։ Դրանք բոլորը պետական ծրագրերից դուրս են մնացել։ Վագոն-տնակների քանակը 1800-2000 է․ նրանք համարվում են տնակում ապրող անօթևաններ, բայց ոչ՝ երկրաշարժից տուժած»,- ասաց նա։
Գյումրու ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն ասաց, որ տարբեր տվյալներով՝ մինչև 3000 անօթևան ընտանիք կա Գյումրի քաղաքում. «Դրանց մի մասը անօթևանության պատճառով Գյումրիում չի բնակվում, երկրաշարժից հետո գնացել են քաղաքից։ Արդեն նշվեց, որ կան տնակներում ապրող ընտանիքներ, և քաղաքապետարանի տվյալներով՝ մոտ 3000 տնակ կա։ Դա չի նշանակում, որ 3000 անօթևան ընտանիք կա։ Երկար ժամանակ պետական իշխանությունն այս ընտանիքներին նույնիսկ անօթևան չէր կոչում, ասում էր՝ դրանք անօթևանի կարգավիճակ չունեն»։
Նա նշեց, որ երկրաշարժի ժամանակ տվյալ ընտանիքը քանի սենյականոց բնակարան կորցրել է, այդքան էլ հիմա փոխհատուցում են. «Եթե 5 հոգանոց ընտանիքը երկրաշարժի ժամանակ կորցրել է 2 սենյականոց բնակարան, և անցելէ 20-25 տարի ու այդ ընտանիքը դարձել է 15 հոգանոց, փոխհատուցվում է երկու սենյականոց բնակարան։ Պետությունն այդ 84 ընտանիքի հարցն էլ կլուծի և կասի՝ վերջ, ձեռքերս լվանում եմ: Երեք թե չորս տարի առաջ Գյումրու ավագանին դիմեց կառավարությանը՝ առաջարկելով փաստացի անօթևանությունը վերացնելու ծրագիր առաջ քաշել, որպեսզի Գյումրի քաղաքն ազատվի այս խնդրից ընդհանրապես։
Կառավարությունն այդ թուղթն ուղարկում է Քաղաքաշինության նախարարություն, քաղաքաշինության նախարարն էլ պաշտոնապես պատասխանում է, թե՝ Հայաստանում 30 հազար անօթևան ընտանիք կա, երբ խնդրեցինք այդ 30 հազարի բացվածքը տրամադրել, ասացին՝ չկա այդ բացվածքը, սա փորձագիտական գնահատական է։ Յուրաքանչյուր 20-րդը Հայաստանում, պետական իշխանության տվյալներով՝ անօթևան է։ Գյումրի քաղաքն այս իմաստով առանձնահատուկ խոցված է»։
Նրա խոսքով՝ առանձնատներ կորցրած ընտանիքներին պետությունը չի փոխհատուցում. «Մարդիկ սեփական տներ են կորցրել, և պետությունը որոշել է, որ նրանց փոխհատուցելու բան չունի։ Ընտանիքներ կան, որ փոխհատուցում ստացել են, բայց տարբեր պատճառներով վաճառել են ու վերադարձել տնակների մեջ։ Ունենք նաև ներգաղթած ընտանիքներ, որոնք հայտնվել են տնակային կարգավիճակով։ 90-95 տնակային թաղամաս Գյումրիում դեռ պահպանվում է։ Ճիշտ է՝ տնակների թիվը նոսրացել է, բայց դրանք խոցված տարածքներ են․ քաղաքում խայտառակ իրավիճակ է։ Մոտավորապես 35-40 մլն դոլարի ծախս է Գյումրին անօթևանությունից ազատելը, իսկ դա պետական բյուջեի 1.2%-ն է։ Եթե 4 տարվա վրա բաշխենք, ապա տարեկան հարկավոր կլինի 8-9 մլն դոլար։ 4 տարում այդ խնդիրը կարող ենք լուծել»։