«Խիզախ լրագրողներ Հայաստանում, իհարկե, կան, որոնց, որպես կանոն, ոչ ոք չի սիրում». Մանանա Ասլամազյան
Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր, «Կրթված Մեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար Մանանա Ասլամազյանը Հայաստանում է: «168 Ժամը» հանդիպել և զրուցել է Մանանա Ասլամազյանի հետ, քննարկել ժամանակից տեղական մեդիա ոլորտին առնչվող մեծաթիվ խնդիրները, փորձել է հասկանալ և ուրվագծել դրանց հնարավոր լուծման ուղիները:
– Եթե խոսում ենք հայաստանյան ժամանակակից մեդիայի մասին, ապա չենք կարող չնկատել, որ տպագիր մամուլն այստեղ հետընթաց է ապրում, և ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդպես: Ինչ էլ որ պատահի, կան մարդիկ, ովքեր ցանկանում են տեղեկատվությունը ստանալ ավանդական մամուլի այս տեսակից, բայց Հայաստանում թերթի թղթի որակն անմխիթար է: Այն կեղտոտում է ձեռքերը, գեղեցիկ չէ, նկարներն անորակ են, անգույն և անհրապույր:
Հետևաբար՝ եթե կա այնպիսի այլընտրանք, ինչպիսին էլեկտրոնային մամուլն է՝ ապա ինչո՞ւ ես պետք է գումար վճարեմ և ստանամ այն, ինչ արդեն նկարագրեցի, հատկապես, եթե այդ ամենն ավելի լավ որակով ինձ հասանելի է, այսպես ասած, անվճար:
Եթե այսօրինակ որակով տպագիր մամուլ թողարկողները մտածում են, որ դեռ կան ծերուկներ, որոնց համար ինֆորմացիայի ստացման միակ միջոցը շարունակում է մնալ տպագիր մամուլը, և նրանք, այսպես թե այնպես, կկարդան իրենց թերթը, ապա նրանք պետք է հաշվի առնեն, որ այդ սերունդն արդեն մահանում է: Եթե ժամանակակից ընթերցողն ավանդական թերթ կարդալու ցանկություն է ունենում, նա դա կգնի ոչ թե արագ ինֆորմացիա ստանալու ակնկալիքով, այլ բոլորովին այլ որակի բովանդակության հետ առնչվելու ցանկությամբ՝ լուրջ, վերլուծական մտքի, խորն ուսումնասիրությունների, գեղեցիկ մատուցված լեզվի, շատ հետաքրքիր և օրիգինալ կոնտեքստի համար միայն: Արդյո՞ք այդպիսին է այսօրվա տպագիր մամուլն այստեղ՝ Հայաստանում:
– Հավանաբար երկրի սոցիալ-տնտեսական պայմաններն այս կերպով իրենց հետքն են թողնում նաև տպագիր մամուլի վրա, թեև մասնագիտական որակների՝ համապատասխան կադրերի պակասը նույնպես շարունակում է արդիական խնդիր մնալ:
– Ես հասկանում եմ, որ Հայաստանում ինտերնետային միջավայրում փող աշխատել դեռևս չի հաջողվում, և դա՝ մի պարզ պատճառով, որ չգիտեն դրա կիրառման առավել արդյունավետ ձևերը: Բայց, եթե դու արդեն ունես խմբագրություն և լրագրողներ, և, եթե նրանց ժամանակին, թեկուզ՝ աստիճանաբար, բայց սովորեցրել ես տիրապետել ժամանակակից մեդիայի գործիքներից օգտվելու առավել արդյունավետ միջոցներին, եթե ունես հստակ նախանշված ստրատեգիկ ուղղվածություն, ապա այս պարագայում աստղաբաշխական թվերի հասնող ֆինանսական ներդրումների կարիքը, հավատացեք, չկա: Ինքներդ մտածեք՝ ինչքա՞ն գումար է անհրաժեշտ, որպեսզի նույն լրագրողն իր աշխատանքն անի առավել մաքուր, բարեխիղճ և կոկիկ մոտեցմամբ:
– Դուք խոսում եք որակական խնդիրների բացակայությունից, այո՞:
– Այո:
– Ուրեմն, այս պարագայում, նախևառաջ՝ պետք է խոսել լրագրողական դպրոցի բացակայության մասին:
– Ես կարող եմ ընդունել, որ համալսարանների լրագրության ֆակուլտետներում ամենաբարձր որակի մասնագետներ չեն պատրաստում, դա այդպես է: Որակը, մեղմ ասած, շատ ցածր է: Ես ինքս մի կարճ ժամանակահատված փորձեցի դասավանդել Սլավոնական համալսարանում, և իմ ընկերները՝ Մեդիա նախաձեռնության կենտրոնից, նույնպես փորձել են դասավանդել տարբեր բուհերի լրագրության ֆակուլտետներում, բայց տեսնում ենք, որ լրագրողների պատրաստման հստակ սիստեմ այստեղ չկա, գոյություն չունի, որպեսզի բուհից դուրս եկած լրագրողն ունենա բոլոր անհրաժեշտ որակները, որոնք պետք են գոնե սկսնակ լրագրողին:
Մյուս կողմից՝ ես գիտեմ, թե որքան կարևոր և օգտակար ինֆորմացիաներ են փոխանցում ՀՀ-ում կազմակերպվող լրագրողական տարատեսակ սեմինարներն ու ֆորումները՝ հենց նույն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում և շատ այլ տեղերում: Հետևաբար, եթե լրագրողն իսկապես ցանկություն ունի ինքնազարգացման, ապա նա այլընտրանքային տարբերակներ՝ նոր գործիքներ, նոր մտածողության ուղիներ, անպայման կգտնի:
Այս պրոցեսն այնքան է հեշտացել, որ ուսանողն իրեն անհրաժեշտ ինֆորմացիան՝ դասախոսության ողջ ծավալով կարող է գտնել նաև ինտերնետում, դուրս չգալով այն տարածությունից, որտեղ գտնվում է ինքը:
– Վերադառնա՞նք արդեն առկա մամուլի խնդիրներին…
– Այստեղ ուզում եմ նկատել հետևյալը՝ կան մամուլի տեսակներ, որոնք իրենց ինֆորմացիան լսարանին են հասցնում միաժամանակ երկու տարբերակով՝ ավանդական տպագիր մամուլի և, զուգահեռաբար՝ նաև էլեկտրոնային կայքերի միջոցով: Սրանք որոշ ժամանակ անց ինֆորմացիոն դաշտում դոմինանտ տեղ գրավելու շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն: Եթե դու նկատում ես, որ լրատվամիջոցիդ էլեկտրոնային տարբերակն ավելի շատ են կարդում, քան թերթը, փորձիր ուժերդ առավել գեներացնել կայքիդ վրա:
Լավ խմբագիրը պետք է հասկանա՝ ո՞ր պահին է հարկավոր որոշակի փոփոխություններ մտցնել թերթային տարբերակի հրատարակության մեջ, կամ զարկ տալ կայքի զարգացմանը: Եթե նա մեդիան անում է, որովհետև ինչ-որ հարուստ մի մարդ, ասենք՝ Գագիկ Ծառուկյանի նման մեկը, փող է տալիս, դա հեռահար ապագա ունենալ չի կարող:
Բայց եթե մեդիադ զարգացնում ես՝ հիմնվելով լրագրողական հիմունքների և բացառապես ընթերցողիդ շահը սպասարկելու նպատակով, սա արդեն պրոֆեսիոնալ մոտեցում է: Իհարկե, ֆինանսական միջոցների բացակայությունը ծառացած մեծ խնդիր է ցանկացած խմբագրի համար, բայց դրանք հուշելու բազմաթիվ ճանապարհներ կան: Ի՞նչ արեց «The New York Times»-ը մի քանի տարի առաջ, երբ հասկացավ, որ իր էլեկտրոնային լրատվամիջոցն ավելի ու ավելի շատ են կարդում, բայց միևնույն է՝ գումար չկա: Նա հայտարարեց՝ մենք անցնում ենք վճարովի բաժանորդագրման սիստեմին: Իհարկե, համապատասխան մասնագետները լավագույնս հասկացել էին՝ հատկապես ե՞րբ է կարելի իրականացնել այդ անցումը և ի՞նչ չափով:
Նրանք վճարովի դարձրին հրապարակումների մի մասը միայն: Եթե դու շատ ես սիրում «The New York Times»-ը, ունես նախընտրելի սյունակներ և անպայման ուզում ես բաց չթողնել դրանք, ապա դրանցից մի որոշ մասին հասանելի լինելու համար պետք է վճարես: Արդյունքում՝ նրանք հիմա ունեն և՛ օնլայն անվճար, և՛ օնլայն վճարովի տարբերակ, ինչպես նաև՝ 2 կգ կշռող ավանդական տպագիր տարբերակը նրանց համար, ովքեր ուզում են կամ կարիք ունեն վայելելու ավանդական մամուլի հետ հաղորդակցվելու հաճույքը: Նույնիսկ ոչ այնքան հարուստ Ռուսաստանում այսօր կան վճարովի բաժանորդագրությամբ գործող 3-4 լրատվամիջոցներ:
Ուզո՞ւմ ես հետաքրքիր բան կարդալ՝ պետք է վճարել, չէ՞ որ թերթի համար նույնպես վճարում ես, չէ՞, իսկ ինչո՞ւ կայքի դեպքում չվճարել: Անկասկած, այս ամենը կարող է տեղի ունենալ միայն բացառիկ հեղինակություն վայելող և բրենդ հանդիսացող լրատվամիջոցի պարագայում միայն: Այն թերթերը, որոնք չեն հասկանում, որ իրենց բրենդը պետք է ամեն տեսակի մրցակցությունից դուրս լինի, դատապարտված են մահանալու:
Անցյալ տարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից կոնֆերանս էր կազմակերպվել, որի ընթացքում Հարվարդի համալսարանի առաջատար մասնագետներից մեկը՝ Գժեգոժ Պիխոտան, ներկայացրեց իր պրեզենտացիան, որ պատմում էր աշխարհի մասշտաբով ամենաազդեցիկ խմբագրի մասին: Իսկ գիտե՞ք՝ ով էր նա. Մարկ Ցուկերբերգը:
– Ինչպիսի անարդարություն՝ աշխարհում գոյություն ունեցող և հարյուրամյակների պատմություն ունեցող մամուլի և նրանց խմբագիրների նկատմամբ…
– Այո, բայց չենք կարող հաշվի չնստել դրա հետ: Մենք անպայման կվերադառնանք նաև այդ հարյուրամյակների պատմություն ունեցող մամուլի կարգավիճակին: Նույն կերպ այսօր աշխարհի ամենահայտնի և առավել մեծ պահանջարկ վայելող հյուրանոցային ցանցը համարվում է ո՛չ ավել, ո՛չ պակաս «Airbnb»-ը: Եթե դու ճամփորդում ես և առանձնապես շատ հարուստ չես, ապա չես կարող քեզ թույլ տալ հինգաստղանի հյուրանոցային համար վարձել, ասենք՝ եվրոպական որևէ երկրում:
Բայց եկեք չմոռանանք, որ նույն «Airbnb»-ը չունի սեփական գեթ մեկ հյուրանոց: Դա ցանցային համակարգ է, որտեղից հազարավոր մարդիկ փնտրում և գտնում են իրենց հարմար բնակարաններ՝ աշխարհի ցանկացած կետում: Նույնը վերաբերում է նաև «Uber» տաքսի ծառայությանը, որն իր հաշվին գրանցված որևէ մեքենա չունի, այլ նույնպես ցանցային համակարգ է, որ աշխարհի ցանկացած կետում էժան և որակյալ տաքսի ծառայություններ է մատուցում իր հաճախորդներին: Նույն բանը կատարվում է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցի հետ:
Ցուկերբերգը համարվում է աշխարհի ամենաազդեցիկ խմբագիրն այն պարագայում, երբ իր հիմնած ընկերությունն իրենից ներկայացնում է ընդամենը սոցիալական ցանց՝ համապատասխանաբար չունենալով ո՛չ որևէ լրագրող, ո՛չ newsroom և այլն, բայց ֆեյսբուքյան ալգորիթմներն այնքան են հեշտացրել որոնողական համակարգի աշխատանքը, որ այն այսօր միլիոնավոր օգտատերերի համար դարձել է թիվ մեկ, այսպես ասած՝ լրատվամիջոցը: Ի դեպ, նույնը կարելի է ասել նաև Google որոնողական համակարգի մասին:
Վերադառնալով հարյուրամյա ավանդական մամուլին և ստեղծված «անարդար» իրականությանը՝ նկատենք, որ ուշադիր խմբագիրներն անպայման վերլուծում են, թե որտեղից է ուղղորդվում ընթերցողների հոսքը՝ դեպի իրենց մամուլի ինտերնետ տարածք, և նրանք անպայման նկատում են, որ դա տեղի է ունենում հիմնականում՝ սոցիալական ցանցերի, և հատկապես՝ Ֆեյսբուքի միջոցով: Հետևաբար՝ շատ կարևոր է իմանալ և կիրառել երկու տեխնիկա՝ հզորացնել սեփական մամուլի սոցիալական էջերը, և որքան շատ լինի սոցիալական ցանցերում լրատվամիջոցի ընդգրկվածությունը, այնքան լավ:
Ընթերցողը պետք է հասկանա, որ թեկուզ սոցիալական ցանցի միջոցով, բայց ինքն ուղղորդվում է հենց այս կամ այն լրատվամիջոցի պաշտոնական կայք:
Հետևաբար՝ հնարավոր բոլոր ջանքերով պետք է հզորացնել սեփական բրենդն ինտերնետի տրամադրած բոլոր հարթակներում: Նույն Գժեգոժ Պիխոտան շատ հետաքրքիր բան պատմեց՝ աշխարհի 10 հայտնի մեդիաները՝ «The New York Times»-ը, «CNN»-ը, «BBC»-ն, և այլն, իրենց նորություններն ամեն վայրկյանը մեկ տեղադրում են ինտերնետի տրամադրած 22 տարբեր պլատֆորմներում:
Մեկ ամիս առաջ ես զրուցում էի «Medusa»-ի գլխավոր խմբագրի՝ Գալինա Տիմչենկոյի հետ, ով նույնպես հաստատեց՝ «Medusa»-ն ամեն վայրկյանը մեկ 12 տարբեր պլատֆորմների վրա տարածում է իր ինֆորմացիան, որպեսզի որսա ընթերցողին հնարավոր բոլոր ուղղություններով, որտեղ նա կարող է ժամանակ անցկացնել: Բրենդինգի ճանաչելիության երկրորդ ամենագլխավոր գործիքը, ինչպես արդեն ասացի՝ հնարավորինս մանրամասն և լուրջ վերլուծությունն է՝ որտեղի՞ց է այնուամենայնիվ գալիս քո ընթերցողը, քանի՞ րոպե է նա անցկացնում քո կայքում, հատկապես ո՞ր նյութերին է ուշադրություն դարձնում, և այլն:
Դրա համար կան համապատասխան ծրագրեր, որ հասանելի են բոլոր հետաքրքրված խմբագիրներին: Ժամանակակից տենդենցները հուշում են՝ չփակվելու, չկորելու և չլացելու համար կարիք չկա սպասել, որ ընթերցողն է գալու քեզ մոտ, ո՛չ, դու ես ստիպված գնալ նրա հետևից և հրավիրել նրան քո տարածք:
– Տիկին Ասլամազյան, այնուամենայնիվ, մի քիչ շատ չե՞ն լրատվամիջոցները մեր փոքրիկ և աղքատ երկրի համար:
– Այս փոքրիկ և աղքատ պետության համար (որը 20 մլն-անոց Մոսկվայի համեմատությամբ, որտեղ կա ընդամենը մեկ քաղաքային հեռուստատեսություն), ունենալ 44 հեռուստաալիք՝ ուղղակի անհավատալի է: Այս է պատճառը, որ մեր մեդիաները չեն միանում, չեն հզորանում և մրցունակ չեն դառնում: Առաջնորդվելով անհասկանալի ամբիցիաներով, ամեն մեկը մի փոքր բան է ստեղծել ու կամաց-կամաց յոլա տանելով՝ մի օր՝ կրկնություններով, մի օր՝ սրանից-նրանից վերցված հաղորդումներով, գոյատևում է:
Եթե նկատել եք՝ նրանց կադրային նախընտրությունները, որպես կանոն, կանգ են առնում հիմնականում երիտասարդ և անփորձ լրագրողուհիների վրա, մի պարզ պատճառով՝ սա էժան աշխատուժ է, և որակն այստեղ ամենաէականը չէ: Յուրաքանչյուր լրատվամիջոց՝ անկախ ամեն տեսակի խանգարող հանգամանքներից և նույնիսկ ֆինանսական միջոցների սղությունից, պետք է ինքն իր առջև առաջխաղացման նպատակ դնի և առաջ շարժվի: Հավատացեք, բոլոր խնդիրների լուծումը հենց այսպիսի նախաձեռնողականության մեջ է: Պետք է նկատեմ նաև, որ շատ լրատվամիջոցներ արդեն կամաց-կամաց հասկանում են սա:
Համեմատականներ տանելով հետխորհրդային երկրների հետ՝ պետք է նկատեմ, որ մենք ունենք բավականին լավ որակի Հանրային հեռուստատեսություն, մասնավորներից, կրկին համեմատական կարգով, կարելի է առանձնացնել «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունները:
– Իսկ ինձ թվում էր՝ դրանք շատ գավառական են, տիկին Ասլամազյան:
– Ես արդեն մի քանի տարի անձամբ չեմ հետևում դրանց աշխատանքին, և փոխանցեցի ձեզ ընկերներիս մեծամասնության կարծիքը, բայց, եթե համեմատվենք «BBC»-ի, «OPT»-ի, «CTC»-ի հետ, իսկապես գավառական տպավորություն կթողնենք: Դրա համար մենք համեմատում ենք դրանք նախկինում և հիմա՝ ժամանակի ընթացքի մեջ:
– Միգուցե, որովհետև այսօր Հայաստանում չափազանց քիչ են հեռուստատեսության այնպիսի ղեկավարներ, ովքեր լրատվամիջոցը համարում են լուրջ եկամտաբեր բիզնեսի տեսակ:
– Այո, այդպես է, և ես այն կարծիքին չեմ, թե նրանք դա չեն հասկանում: Շատ լավ էլ հասկանում են, պարզապես այստեղ շատ մեծ կոմպրոմիսի, սեփական ինքնագնահատականի և վերջին հարցով վճռական լինելու հարցեր կան: Այլ կերպ ասած՝ ոչ ոք հավես չունի՝ մտածելու, շարժվելու, լինելու այլ կերպ, քան արդեն ընդունված մոդելն է, որի մեջ նրանք շատ լավ տեղավորվել են և կարծես իրենց այնքան էլ վատ չեն զգում:
Եթե դու մոտենում ես քո լրատվամիջոցին՝ որպես ազնիվ լրագրող, որովհետև դա, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քո առաքելությունն է, ապա այս կերպ ապրել և աշխատել դու, իհարկե, չես կարող: Թե չէ գնալ, թակել հարուստ մեկի դուռը՝ ամենահեշտ տարբերակն է, ովքեր, եթե անգամ համաձայնում են օգնել քեզ, որպես կանոն, որոշ ժամանակ անց թողնում են քեզ կեսճանապարհին, ու դու չես կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս շարունակել և ի՞նչ անել ստեղծված իրավիճակում:
– Հայաստանում խիզախ լրագրողներ կա՞ն, տիկին Ասլամազյան:
– Այո, կան: Չնայած ես շատ վատ եմ հիշում անունները, այնուհանդերձ պետք է առանձնացնեմ «Ազատություն» ռադիոկայանից մի քանի խմբագիրների, «Սիվիլնեթից» մի քանիսին՝ նույնպես, իհարկե, «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանին և այնտեղ աշխատող բոլոր լրագրողներին:
Նույնիսկ Հանրային հեռուստատեսության գլամուրային փաթեթավորմամբ մատուցված հաղորդումների լրագրողներն են խիզախ, հենց միայն նրա համար, որ այն խնդիրները, որոնք նրանք բարձրացնում են, կարող էին անել ավելի լուրջ տեսքով և մատուցմամբ, բայց հասկանալով, որ դրանից իրենք ավելի շատ հեռուստադիտող չեն վաստակի, դիմում են մատուցման այդ տարբերակին: Դա ևս խիզախության որոշակի դրսևորում է: Խիզախ լրագրողներ Հայաստանում, իհարկե, կան, որոնց, որպես կանոն, ոչ ոք չի սիրում: Ընդհանրապես լրագրողներին ոչ ոք չի սիրում, նրանցից առավել խիզախներին՝ հատկապես: