
«Ձեռքերից ու ոտքերից բռնած Գևորիկին տանում էին. երկու կաթիլ արյուն էր, մաքրեցի». վկա. «ՀԺ»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել էր, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը: Սույն քրեական գործով ամբաստանյալի կարգավիճակում են քրեական հեղինակություններ Չարբախցի Գեղամը (Պետրոս Իսրայելյանը), Նորատուսցի Ալիկը, նրա թիկնապահը՝ Բդոն:
Դատարանն այս փուլում հարցաքննում է գործով անցնող վկաներին:
Վկա Վարդիկ Մկրտչյանին, որը որպես հավաքարար է աշխատում «Լիա» գեղեցկության սրահում, դատարանը հարցաքննեց շուրջ 2 ժամ: Դատավորի հարցին, թե ամբաստանյալներից ո՞ւմ է ճանաչում, վկան, նայելով գործով ամբաստանյալներին, հայտնեց, որ ճանաչում է Գեղամին: Խոսքը գործով ամբաստանյալ Չարբախցի Գեղամ մականունով Պետրոս Իսրայելյանի մասին է:
Երբ դատավորը վկային պարզաբանեց որպես վկա իր իրավունքների եւ պարտականությունների մասին եւ առաջարկեց դրան ծանոթանալուց հետո ստորագրել, վկան ասաց, որ առանց ակնոցի է եկել դատարան եւ չի կարող կարդալ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ հուշաթերթիկը: «Ինչու չեք բերել ձեր ակնոցները, տիկին ջան»,- դիմելով վկային՝ ասաց դատավորը:
Դատավորի պարզաբանումից հետո միայն վկան ստորագրեց հուշաթերթիկը, հայտնելով, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունի: Իսկ երբ դատավորը հարցրեց, թե ե՞րբ է դեպքը տեղի ունեցել, վկան ասաց. «1916 թվականին»:
Վկա Վարդիկ Մկրտչյանը իր ցուցմունքում հայտնեց, որ դեպքից առաջ փորձաշրջան է անցել գեղեցկության սրահի տնօրենի՝ Անժելայի (գործով ամբաստանյալ Պետրոս Իսրայելյանի կնոջ՝ Անժելա Մանուչարյանի մասին է,-հեղ.) մոտ, այնուհետեւ ընդունվել աշխատանքի: Նա հայտնեց, որ երեք շաբաթ էր, ինչ գտնվում էր փորձաշրջանի մեջ, երբ դեպքը պատահել է: Այնինչ նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է, որ մեկ տարի է, ինչ աշխատում է գեղեցկության սրահում:
Նա պատմեց, որ դեպքի օրը գեղեցկության սրահ է եկել Ռուբենը (խոսքը Ռուբեն Խաչատրյանի մասին է,-հեղ.), որը վարսավիր Ալբերտի հաճախորդն էր:
Ապա վկան իր ցուցմունքում նկարագրեց, թե ինչպես էին երկու հոգի մի ջահել տղայի ձեռքերից ու ոտքերից բռնած գեղեցկության սրահից դուրս հանում:
«Հետո իմացա, որ այդ տղան Գեւորիկն էր (խոսքը սպանվածի՝ 25-ամյա Գեւորգ Ավետիսյանի մասին է,-հեղ.): Հետո տեսա, թե ինչպես է Արամը (խոսքը Արամ Պետրոսյանի մասին է, որը դեպքի օրը դանակահարվել է,-հեղ.) ձախ կողքը բռնած դուրս գալիս»,-պատմեց վկան՝ նշելով, որ ինքը դա տեսնելով, վախից սկսել է դողալ: Վկան հայտնեց, որ գեղեցկության սրահում մի երկու կաթիլ արյուն է եղել, ինչը ինքը մաքրել է, սակայն թե ինչ է եղել նկուղում, տեղյակ չէ, երբեւէ նկուղում չի եղել:
Այնինչ նրա նախաքննական ցուցմունքի հրապարակումից պարզ դարձավ, որ վկան նկուղում մաքրել է արյան հետքերը. «Ինձ կանչեց Անժելան, ասաց՝ հատակը մաքրի: Էնտեղ կոտրված կավի հետքեր կային, ծխախոտի մնացորդներ ու արյան հետքեր»,- նախաքննության ընթացքում ասել էր վկան: Նա դատարանում հայտնեց, որ իրեն դեպքից հետո տարել են բաժին, որտեղ ահաբեկել եւ նվաստացրել են, ինչպես նաեւ անվայել արտահայտություններ հնչեցրել:
«Ահաբեկելով, կոպիտ խոսելով էս սենյակից էն սենյակն էին տանում: Ասում էին՝ հեսա քեզ կտանենք կանանց գաղութ, նոր կիմանաս: Թզբեհը գցեցին դեմս, ասացին՝ սովորի, որ Աբովյանի գաղութում գցես»,- պատմեց վկան եւ հավելեց, որ բաժնում իրեն անգամ ցանկացել են ծեծել: Ապա ասաց, որ ժամերով պահել են բաժնում՝ սոված-ծարավ:
Դատախազի հարցին, թե ինչո՞ւ այս ճնշումների մասին չի բողոքել, վկան պատասխանեց. «Ո՞ւմ բողոքեի, միսն էլ ա իրանց ձեռը, դանակն էլ»: Դատախազի մյուս հարցին, թե ինչ-որ մեկը ձեզ ուղղորդե՞լ է, վկան պատասխանեց՝ ոչ:
«Սաղ իմ խելքով եմ գրել»,-ասաց նա, սակայն որոշ ժամանակ անց ինքն իրեն հակասելով՝ հայտնեց, որ նախաքննական ցուցմունքներն ինքը չի գրել: Իսկ երբ դատախազները սկսում էին հակասությունների վերաբերյալ հարցեր ուղղել նրան, վկան վրդովվում էր: Վկայի հարցաքննության ժամանակ դատավորն ու դատախազը բանավեճի բռնվեցին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: