Տարածաշրջանի նորագույն զարգացումները. հայկական դիտակետեր
Ներսաուդյան մագլցողականությամբ հատկանշվող իրադարձությունները, եմենական դիրքերից դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը, Լիբանանի վարչապետի հանկարծակի հրաժարականի հայտարարության մեջ աննախադեպ հակաիրանական հռետորաբանության օգտագործումը, տարածաշրջանային մակարդակով նոր օրակարգի հասունացման մասին ընդգծումները տեսանելի են դարձնում: Եթե նաեւ անմիջապես մտաբերենք ԻՊ-ի դեմ պատերազմի վերջին փուլի անցմանն առընթեր ԱՄՆ-ի կատարած վերհիշեցումը Հեզբոլլայի երեւույթի նկատմամբ վերաբերում ճշտելու անհրաժեշտության հրապարակումով, կսկսենք տեսանելի նկատել սուննի-շիա լարվածության նոր հարթության անցումը:
Վերահսկելի քաոսի աշխարհաքաղաքական ծրագիրը պարզ է, որ ԻՊ-ի չեզոքացումով կամ քրդական պետության կամ անկախ Քրդստանի ծրագրի առկախումով երկար դադար պիտի չառներ:
Վերահսկելի քաոսը նոր օրակարգ պիտի ձեւավորեր, որի համար արդեն պարարտացնում էր ենթահողը սուննի-շիա բեւեռների սուր հակադրությամբ նոր ցնցումներ խոստանալով տարածաշրջանին:
Այդ վերահսկելի քաոսի պահպանման եւ մագլցման համար անհրաժեշտ գործիքներ են Սաուդիան Արաբիայի նոր արքայազնի հակակոռուպցիոն պայքար մղելու խանդավառ պատրաստակամությունը, արմատական ցնցումային փոփոխությունները, ձերբակալությունները, գումար վերադարձնելու գործողությունները, լարվածություն թեժացնող հայտարարությունները եւ անմիջական ազդեցութան տակ գտնվող երկրին Լիբանանում իրավիճակ ստեղծելը:
Ընդհանուր քաոսային վարքագծի տրամաբանությանը հետեւելով իհարկե քաղաքական ճիշտ ընթերցումներ կատարելու խնդիր գոյություն ունի մերձավոր արեւելքի այս դեպքում նաեւ կարեւորագույն չափով լիբանանահայությունը նվազագույն վնասներով դուրս բերելու ուղիների որոնումներն ու ըստ այնմ շարժելու հնարավորություններին տիրապետելով:
Անկախ այս ուղղությունից կա նաեւ հայկական ոսպնյակով զարգացումները կանխատեսելու առաջնահերթություն, հատկապես երկու հակառակորդների տարածաշրջանում ունեցած դերակատարության մասին պատկերացումներ կազմելու համար:
Տարածաշրջանում հետզհետե ձեվավորվել էր եւ հատկապես Սիրիայի տարածքում արձանագրվող իրադարձություններին երեւում էր Իրան-Թուրքիա-ՌԴ առանցքը թե՜ քաղաքական եւ թե՜ ռազմական մակարդակների վրա:
Իրանում վերջերս կայացած Թեհրան-Մոսկվա-Բաքու եռակողմանի հանդիպումը այդ առանցքի վրա ածանցյալ կարգով համալրեց Բաքուն, որը առիթը չկորցրեց հանրային կարծիքին փոխանցելու համար, թե արծարծվել է նաեւ արցախյան հակամարտության խնդիրը եւ առանցքային-միջպետական համաձայնություն է գոյացել այդ ուղղությամբ: Եռակողմ հանդիպումից բխած պաշտոնական հայտարարությունը Բաքվի փոխանցած թյուր տպավորությունը չէր հաստատում:
Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերություններում փոքր-ինչ լարվածության առաջացմամբ, Բաքուն անմիջապես վերադարձավ իր հիմնական առաքելությանը, այն է` այս դեպքում լիարժեք լծվելով Սաուդյան Արաբիայի` հակաիրանական քարոզչության գործին, եւ ըստ պարսկական աղբյուրների` վիրավորական մեկնաբանություններ արեց ԻԻՀ հոգեւոր իշխանության ներկայացուցիչների հասցեին:
Մինչ, Անկարան բավարարվեց դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը դատապարտելով:
Սիրիական եւ հատկապես քրդական հարթությունների վրա շահերով ժամանակավոր համընկումներով գոյացած Մոսկվա- Թեհրան- Անկարա եւ ածանցյալ կարգով Բաքու առանցքը դյուրաբեկ է այս դեպքում : Ռիադի շուրջ հանգուցվող դեպքերի եւ հատկապես Ռիադ- Թեհրան հարաբերությունների վերաթեժացումը առիթ եւ տեղ չեն տալիս նախ Անկարային միեւնույն առաձգականությամբ շարժելու այնպես ինչպես շարժեց Սիրիայում կամ Իրաքում: Սուննի աշխարհին ղեկավարություն խոստացող Էրդողանը միեւնույն ազատությունը չունի սուննի-շիա առճակատման մեջ դիրքորոշվելու եւ մանավանդ գործնական դրսեւորումներ ունենալու:
Իսկ շիա Ադրբեջանի դավանանքը այս դեպքում երկրորդական նշանակություն ունի. ածանցյալ կարգավիճակը գերադաս է այս պարագայում:
Երեւութական առանցքի Թեհրան Մոսկվա հատվածը հաստատ է թվում, մինչ Անկարայի եւ Բաքվի բաժինը, այս նախադրյալները նկատի ունենալով` դյուրաբեկ:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր