
2017 թվականը կարող է տեղ գտնել մոլորակի պատմության մեջ ամենաշոգ տարիների եռյակում. կանխատեսում

Ընթացիկ տարին, 2015 եւ 2016 թվականների հետ միասին, մեծ հավանականությամբ տեղ կգտնի եղանակի եւ կլիմայի սիստեմատիկ դիտարկումների ողջ պատմության ընթացքում ամենաշոգ տարիների եռյակում:
Նոյեմբերի 6-ին Ժնեւում այս կանխատեսմամբ հանդես է եկել Օդերեւութաբանական համաշխարհային կազմակերպությունը (ՕՀԿ)։ ՕՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ «հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ժամանակաշրջանում գլոբալ միջին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի 0,47 աստիճանով ավելի բարձր է եղել, քան 1981-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակաշրջանի միջինը»:
Ընդգծվում է, որ սա 1,1 տոկոսով ավելի բարձր է, քան մինչինդուստրիալ դարաշրջանում: Փորձագետները հիշեցնում են, որ Եվրոպայի հարավի առանձին շրջաններում, ներառյալ Իտալիան, ինչպես նաեւ Հյուսիսային Աֆրիկայում, Աֆրիկայի արեւելքի եւ հարավի առանձին մարզերում, Ռուսաստանի Դաշնության ասիական մասում «ռեկորդային տաք է եղել»: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հյուսիսարեւմտյան մասում եւ Կանադայի արեւմտյան մասում ավելի ցուրտ է եղել, քան 1981-ից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակաշրջանի միջինը:
ՕՀԿ-ում կանխատեսում են, որ, Էլ-Նինիո հզոր երեւույթի հետեւանքով, «2016 թվականը, հավանաբար, դիտարկումների պատմության մեջ կմնա ամենատաք տարին», իսկ 2017 եւ 2015 թվականները կգրավեն երկրորդ եւ երրորդ տեղերը: Դրա հետ մեկտեղ 2013-ից մինչեւ 2017 թվականն ընդգրկող ժամանակաշրջանը «դիտարկումների պատմության մեջ ամենատաք հնգամյա ժամանակաշրջանը կդառնա ջերմաստիճանի միջին ցուցանիշով, ըստ նախնական տվյալների, 0,4 աստիճանով ավելի բարձր, քան 1981-ից մինչեւ 2010 թվականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: