Բաժիններ՝

«Պետք է ստեղծենք համակարգ, որտեղ բիզնեսը շահագրգռված լինի մտնել համալսարան և այդ համալսարանի թիկունքին կանգնել». Լևոն Մկրտչյան

«Ամեն տարի ինձ բուհերից զանգահարում էին ու հայտարարում, որ ինձ մոտ գալու է 100 պրակտիկանտ, որովհետև նրանք, ովքեր ուղարկելու էին, կարծում էին, որ մենք դեռևս ապրում ենք Խորհրդային  Միության տարածքում, և ես պարտավոր եմ իմ արտադրությունից հանել մասնագետների, տեխնիկա, տրամադրել ժամանակ, տարածք, գույք և այլն, ու անվճար հիմունքներով պատրաստել ինչ-որ բուհի ուսանողների»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը:

Նա նկատեց, որ մինչ օրս պրակտիկան բուհերում շարունակում է ձևական բնույթ կրել, ընդունող կառույցը չի ֆինանսավորվում. «Բայց չէ՞ որ, հիմա բոլորն առանձին տնտեսվարող սուբյեկտներ են, որոնց գործառույթների մեջ չի մտնում կրթական գործընթացը»:

Ի պատասխան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ պետք է ստեղծեն համակարգ, որտեղ բիզնեսը շահագրգռված լինի մտնել համալսարան և այդ համալսարանի թիկունքին կանգնել. «Որ կարողանա որակ ձևավորել, որ համալսարանի ուսանողն իմանա, որ ինքն ավարտելուց հետո ունի այս հնարավորությունները: Բիզնեսն Անգլիայում սկսում է թակել համալսարանների դռները, գալիս է, որոնում է, իր համար լավագույն կադրերին ընտրում ու տանում է:

Երբ բիզնեսը ուզում է մտնի համալսարան, ինքը նաև ուզում է հասկանալ այդ համալսարանի որակը, իր դերն այդ համալսարանի կառավարման մեջ, իսկ մենք մեր կառավարման խորհուրդները բոլորովին այլ սկզբունքով ենք ձևավորել: Եթե, ասենք, «Սինոփսիսը» կարողանա դերակատարում ունենալ Ճարտարագիտական համալսարանի  կառավարման խորհրդում, հավատացնում եմ, որ ինքն այդ համալսարանի ֆինանսական հաշվետվությունը մանրամասն կնայի, և այդ  խորհուրդը չի հավաքվի միայն ռեկտոր ընտրելու ժամանակ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս