
«Մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ «քեզ դեռ ինֆարկտ չի խփել, հենց խփի, նոր կգաս»». Նիկոլ Փաշինյանը՝ Առողջապահության նախարարին

«Արդեն քանի տարի մենք հայտարարում ենք, որ սրտի ստենտավորման ծառայությունները կատարում ենք պետության հաշվին, բայց պրակտիկայում խնդիրներ են ծագում»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ մարդը գնում է հիվանդանոց, ասում են՝ «քեզ դեռ ինֆարկտ չի խփել, հենց խփի, նոր կգաս»: Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք սրտի ստենտավորման գինը համապատասխանո՞ւմ է իր իրական շուկայական գներին. «Որովհետև մարդիկ, ասենք, գնում՝ Թիֆլիսից էին թռնում, հիմա սկսել են նաև սրտի վիրահատության համար Թիֆլիս գնալ»:
Ի պատասխան՝ Լ. Ալթունյանը նախ՝ ասաց, որ նախարարությունը և պետությունը չեն հայտարարել, որ ցանկացած ստենտավորում անվճար և պետության հաշվին է. «Մեր առողջապահական բյուջեի ներքո երաշխավորված են պետպատվերի շրջանակներում սոցիալապես անապահով խավերի սրտի խնդիրների հոգածությունը, զինծառայողների և նրանց ընտանիքների սրտի խնդիրների հոգալը և ամբողջ բնակչության համար սուր ինֆարկտի զարգացման փուլում կյանքը փրկելու ծախսերը: Եթե ST սեգմենտի բարձրացում չկա, չի կարող այդ ծրագիրը հատկացվել տվյալ հիվանդին: Մենք պետպատվերում ունենք 1500 հիվանդի գումար, ստենտավորումների քանակը Հայաստանում շատ ավելի շատ է: Ինչ վերաբերում է գնագոյացմանը, նախարարությունը ձեռնամուխ է եղել, որ սահմանի մի գին, որը տրամաբանված կլինի երաշխավորված պետպատվերի դեպքում: Կարծում եմ՝ մեզ կհաջողվի գինը հասցնել 700-750 հազարի, որը 2018-ից կաշխատի»:
Ն. Փաշինյանը նաև մտահոգություն հայտնեց, որ 2018-ի բյուջեում գումար նախատեսված չէ անպտուղ զույգերին արհեստական բեղմնավորման հարցում աջակցություն ցույց տալու համար. «Դա ընդամենը 78 միլիոն դրամ էր, որը, կարծում եմ՝ կարելի էր ոչ միայն չկրճատել, այլև կրկնապատկել, եռապատկել և նույնիսկ քառապատկել»
Լ. Ալթունյանը նկատեց, որ գումարը քիչ էր ու տեղիք էր տալիս և՛ սուբյեկտիվիզմի, և՛ անարդյունավետության: Նրա խոսքով՝ մի երեխայի ծնունդը 12 միլիոն դրամ է արժենում: Նախարարն ասաց, որ այժմ ծրագրեր են մշակում անպտղության բուժման առումով: