«Monsanto-ն ամենաանընդունելի ընկերությունն է ամբողջ աշխարհում. ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ». Կարինե Դանիելյան
Բնապահպան Կարինե Դանիելյանն անընդունելի է համարում Monsanto ընկերության հնարավոր գործունեությունը Հայաստանում։
«ԵՄ-ն ակնհայտ պայքարում է, որ իր տարածքը մաքուր մնա, իսկ մենք այս մի փոքր տարածքը դնում ենք ուղղակի հարվածի տակ։ Եվ հետաքրքիր է, թե ինչպե՞ս ենք պատկերացնում՝ հետագայում մեր գյուղատնտեսական արտադրանքը արտահանել ԵՄ երկրներ, ՌԴ, որտեղ արգելված է այդ արտադրանքը։ Գյուղատնտեսական արտադրանքը կարող է շատ փոքր տոկոս ԳՄՕ պարունակել, և անպայման վրան էլ նշում պետք է արվի, թե ինչքան է։ Ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչ է կատարվում Հայաստանի հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանը՝ ընդգծելով, որ մի կողմից հանքարդյունաբերությունով են քանդում երկիրը, հիմա էլ ավելացնում են՝ ԳՄՕ։
Կարինե Դանիելյանը նկատեց. «Ունենք տարածքներ, որոնք նույնիսկ չենք կարողանում գյուղատնտեսության համար օգտագործել, և այնպես չէ, որ ամբողջն օգտագործել ենք, հիմա պետք է արտադրողականությունը բարձրացնենք։ Ո՞րն է այդ ընկերության հետ համագործակցելու իմաստը։ Երևի փող են խոստացել ծրագրի դիմաց»։
Monsanto-ն, ըստ Դանիելյանի՝ էկոլոգների համար ամենաանընդունելի ընկերությունն է ամբողջ աշխարհում. «ԳՄՕ-ների մասին բոլոր հրապարակումներում խոսվում է հենց իրենց աշխատանքի մասին։ Ընկերությունը կամաց-կամաց սկսում է տիրապետել գյուղատնտեսական տարածքներին, գիտե՞ք՝ ինչպես․ այսպես կոչված՝ գենտերմինատորների գաղափար գոյություն ունի, որ սերմերի մեջ լինում է գեն, որը թույլ է տալիս, որ ցանելուց հետո մի տարի արտադրանքը լինի, հաջորդ տարվա համար սերմը հավաքում-ցանում ես, բայց բերք չի տալիս։ Դու ստիպված ես նորից դիմել այդ ընկերությանը, նորից սերմեր վերցնել»։
Բնապահպանի խոսքով՝ Հայաստանը չպետք է իր համաձայնությունը տա. «Վերջապես, մեր իշխանությունները գիտնականների կարծիքները պետք է հաշվի առնե՞ն, թե՞ ոչ. թե՞ այս պահին միայն մի քանի մարդկանց տնտեսական շահն է խոսում, ուրիշ ոչինչ։ Երկրի շահը չի խոսում, ապագայի խնդիրը չի խոսում»։
Նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպել էր գործարար համաժողով՝ նվիրված գյուղատնտեսությանը: Համաժողովի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն ու կապերի ձևավորումն էր:
Համաժողովին արձագանքել էր աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը՝ կոչ անելով Հայաստանին՝ հեռու մնալ ամերիկյան ագրոքիմիական և գյուղատնտեսական ոլորտում կենսատեխնոլոգիական արտադրությամբ զբաղվող Monsanto ընկերությունից: Ընկերությունը տրանսգենային սերմեր ու թունաքիմիկատներ է արտադրում: Նա, մասնավորապես, գրել է.
«Հայաստաՙն, խնդրում եմ հեռու մնա: Կան շատ ապացույցներ, որ Monsanto-ն թունավորել է մեր շրջակա միջավայրը՝ մասնավորապես՝ նպաստելով մեղուների ոչնչացմանը: Նրանց կողմից մշակված գենետիկորեն մոդիֆիկացված մթերքներն օրգանական սննդի վերջն են նախանշում: ԱՄՆ-ում և Եվրոպայում Monsanto-ն իր վարվելակերպով հայտնի է՝ որպես չարիքի կորպորացիա: Նրանք չեն ընդունում և դատապարտում են ֆերմերներին:
Երբ ես Հայաստան եմ այցելում և այդտեղ խնձոր եմ ուտում, այն իսկական է և համեղ, քանի որ հանդիսանում է հազարավոր տարիների գյուղատնտեսական աշխատանքի արդյունք: Թող ամեն ինչ այդպես էլ մնա: Monsanto-ի «շնորհիվ» ես ԱՄՆ-ում նման խնձոր չեմ կարող գտնել»:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը չի համագործակցում Monsanto ընկերության հետ:
Կարինե Դանիելյանի խոսքով՝ ամբողջ աշխարհում օրգանական ապրանքները շատ ավելի թանկ են. «Մեր մշակած՝ «Կենսաբանական անվտանգության մասին» օրենքի նախագծում մենք նախատեսել էինք՝ Հայաստանը՝ որպես ԳՄՕ-ներից ազատ երկիր։ ԵՄ-ն ահագին ժամանակ պայքարեց, որ առհասարակ որևէ ԳՄՕ այնտեղ չլինի, բայց, ցավոք, դատը տանուլ տվեցին։ Բայց հետո ամեն առանձին երկիր սկսեց իր տարածքը ԳՄՕ-ից ազատ հայտարարել, և այդ հարցը լուծվեց։ Մենք օրենքի նախագիծ էինք մշակել նախանցյալ տարի, հետո ձգձգվեց, մտավ ԱԺ, օրենքը կիսեցին․ մենք և՛ շրջակա միջավայրի խնդիրներն էինք բարձրացրել, և՛ մարդկանց առողջության։ Առողջության հատվածը օրենքից հանեցին, ասացին՝ դա հետո, և այդ կիսատ օրենքը մտավ ԱԺ, մեկ լսում եղավ, և վերջ։ Հետո ձգձգվեց-ձգձգվեց ու հետ եկավ։ Հիմա սկսում ենք մտածել, որ դա պատահականություն չէ»։