«ԱՄՆ-ը առաջնահերթ է համարում, որ Հայաստանի հետ համագործակցությունը օժանդակությունից անցում կատարի առևտրային հարաբերությունների». Ռաֆիկ Մանսուր
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, համագործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, այսօր՝ նոյեմբերի 1-ին, կազմակերպել էր գործարար համաժողով՝ նվիրված գյուղատնտեսությանը: Համաժողովի նպատակը ոլորտի հայկական ընկերություններին ամերիկյան հայտնի «Վալմոնտ» և «Մոնսանտո» ընկերությունների փորձի, ապրանքների ու տեխնոլոգիաների ներկայացումն ու կապերի ձևավորումն էր:
ԱՄՆ գործերի ժամանակավոր համատարմատար Ռաֆիկ Մանսուրը համաժողովից առաջ լրագրողների զրույցում ասաց, որ Միացյալ Նահանգները ջանում է բարելավել մեր երկու երկրների կոմերցիոն հնարավորությունները և խորացնել առևտրա-ներդրումային հարաբերությունները. «Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, այն ապահովում է ՀՀ ՀՆԱ-ի 19.6 տոկոսը, և հայաստանյան աշխատուժի 36.2 տոկոս զբաղվածությունը: Ուստի այս ոլորտը մեր ուշադրության կենտրոնում է: Ինչպես նաև մեր ուշադրության կենտրոնում են ՀՀ տնտեսության այն ճյուղերը, որոնք առաջնահերթություն են համարվում և կարևոր են երկրի համար»:
Մանսուրի խոսքով՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունները մասնավոր հատվածին, գործարարներին չեն կարող թելադրել, թե որ ոլորտում պետք է ներդրումներ կատարել, մասնավոր հատվածն ինքն է որոշումներ կայացնում, սակայն, նրա խոսքով՝ կառավարությունները կարող են աջակցել, որպեսզի շփումներ, կապեր ձևավորվեն գործարար հատվածների միջև. «Այս տարի նշանավորելով ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին, ՀՀ և ԱՄՆ կառավարություններն առաջնահերթ խնդիր են համարում, որպեսզի մեր համագործակցությունը օժանդակությունից անցում կատարի առևտրային հարաբերությունների, և մենք ջանքեր ենք գործադրում՝ խթանելու մեր երկրների միջև առևտրային հարաբերությունների խորացումը: Ուրախությամբ ուզում ենք նշել, որ 2017թ. առաջին 8 ամսվա ընթացքում ԱՄՆ վիճակագրական ծառայության տվյալներով՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալները մինչև 35 տոկոս աճ են ունեցել»:
Ինչ վերաբերում է ՀՀ ներդրումային միջավայրին, ապա նա ասաց, որ չի կարծում, թե կա որևէ երկիր, որտեղ ամեն ինչ կատարյալ է ներդրումային դաշտի առումով. «Հայաստանում մենք տեսնում ենք առաջընթաց՝ կարգավորելու, շտկելու այնպիսի հարցեր, որոնք կապված են կոռուպցիայի և այլ խնդիրների հետ, ինչը հայաստանյան ներդրումային միջավայրը գրավիչ է դարձնում արևմտյան ներդրողների համար»:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լելին էլ ասաց, որ այս աշխատանքներն իրականացվում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ներքո և միտված են երկու երկրների գործարար կապերի զարգացմանը:
Նրա խոսքով՝ համաժողովի նպատակը հենց այն է, որ ամերիկյան ընկերությունները տեսնեն հայկական շուկայի ներուժը, իսկ հայկական ընկերությունները կծանոթանան այն արտադրանքին, որ առաջրկում եմ ամերիկյան երկու ընկերությունները. «Միայն այս օրով աշխատանքները չեն սահմանափակվի: Այս ընկերություններն ավելի սերտորեն աշխատելով՝ կհասկանան, թե ինչ է հարկավոր իրենց՝ հայաստանյան շուկայում ներդրումներ կատարելու համար: Մեր նպատակն այս գործընեկության միջոցով՝ կոնկրետ գործարքների կայացմանը նպաստելն է, և նաև դրանք իրենց հերթին հետագայում կարող են իրենց ներդրումն ունենալ՝ բոլորի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորման համար»:
Միջոցառումն ամերիկյան ընկերություններին թույլ տվեց առավել հստակ պատկերացում կազմել Հայաստանի կառավարության և գործարար դաշտի նպատակների ու առաջնահերթ խնդիրների մասին, իսկ հայկական ընկերությունների համար այն հնարավորություն էր ծանոթանալու բերքատվության մեծացման և հավելյալ արժեք ձևավորելու նորագույն մոտեցումներին: