ՏՏ ոլորտը շարունակում է աճել՝ ի հեճուկս բջջային օպերատորների
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում շարունակում է շեշտակի աճել։ Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ հինգշաբթի օրվա ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանված ամփոփ տեղեկանքում կային տվյալներ նաև ՏՏ ոլորտի մասին, ըստ որոնց՝ վերջին տարիներին այն աճում է տարեկան միջինը 20%-ով։
Ինչպես տեսնում եք տեղեկանքից վերցված այս հաշվետվության մեջ, ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը 2014 թվականի 396-ից հասել է 520-ի (2016 թվականին), իսկ 2017 թվականի համար գնահատվում է, որ կլինի 570։ Աճել է նաև հասույթը։ Ընդ որում՝ ըստ գնահատականների՝ 2017 թվականին ՏՏ ոլորտի հասույթի աճն ավելի բարձր կլինի, քան նախորդ տարիներին՝ 27%։ Ըստ այդմ, 2017 թվականին ՏՏ ոլորտի ընկերությունները կգեներացնեն 650 մլն դոլարի հասույթ՝ 2016 թվականի 510 մլն դոլարի դիմաց։
Տեղեկանքում նաև նշվում է, որ ինտերնետից օգտվողների թիվը 2017 թ. աճել է 17 %-ով, որը 2014թ. կազմել է 50.03 %, 2015 թ.՝ 55.29 %, 2016 թ.՝ 60.39 %:
Սակայն սա դեռ ամենը չէ։ ՏՏ ոլորտի մասին տվյալներ հրապարակում է նաև ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը՝ եռամսյակային կտրվածքով։ Այդ տվյալներն ամփոփվում են «Հետաքրքրաշարժ վիճակագրություն» բաժնում։ Ինչպես տեսնում եք աղյուսակ 2-ում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ընդհանուր հասույթը 2017 թվականին կազմել է ավելի քան 194 մլրդ դրամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի 171 մլրդ դրամի դիմաց։ ՏՀՏ ոլորտի ծավալը, այսպիսով, աճել է 23 մլրդ դրամով կամ 13.5%-ով։ Իսկ համադրելի գներով դիտարկելու պարագայում աճն ավելի բարձր է՝ 14.3%։
Առաջին հայացքից կարող է հարց առաջանալ՝ եթե հունվար-սեպտեմբերին ոլորտն աճել է 14.3%-ով, ինչպե՞ս կարող է տարեվերջին 27% աճ լինել։
Բանն այն է, որ 14.3%-անոց այս աճը վերաբերում է ոչ թե՝ միայն ՏՏ, այլ նաև՝ հաղորդակցության ոլորտին։ Ու եթե ընդհանուր ցուցանիշից հանենք հեռահաղորդակցության ոլորտը, ապա կստանանք «մաքուր» ՏՏ ոլորտի տվյալները։
Այդ պարզ թվաբանական գործողությունը կատարելով՝ կպարզենք, որ միայն ՏՏ ոլորտի ծավալը 2016 թվականի հունվար-սեպտեմբերին կազմել է 62.3 մլրդ դրամ, իսկ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին՝ 92.6 մլրդ դրամ։ Այսինքն՝ միայն ՏՏ ոլորտն ընթացիկ գներով աճել է ավելի քան 30 մլրդ դրամով կամ 48%-ով։
Սա, իհարկե, լավ է։ Սակայն կա մեդալի մյուս կողմը՝ նվազում է հեռահաղորդակցության ոլորտի հասույթը (բջջային կապի օպերատորների)։ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին հեռահաղորդակցության ոլորտի հասույթը 108.6 մլրդ դրամ էր, այս տարվա հունվար-սեպտեմբերին՝ 101.5 մլրդ։ Ընդ որում, հեռահաղորդակցության ոլորտի անկումը նոր երևույթ չէ, այն սկիզբ է առել 2014 թվականից։
Ինչպես տեսնում եք գծապատկերում՝ 2013 թվականին աճել է թե՛ հեռահաղորդակցության ոլորտի, թե՛ ՏՏ ոլորտի ծավալը։ 2014 թվականից սկսած՝ հեռահաղորդակցության ոլորտի ծավալը կայուն կերպով նվազել է՝ 173.7 մլրդ դրամից հասնելով 143 մլրդ դրամի, իսկ ՏՏ ոլորտինը՝ աճել՝ 60.7 մլրդ դրամից հասնելով 95.1 մլրդ դրամի։
Համեմատության համար, եթե 2012 թվականին տեղեկատվական տեխնոլոգիաների կշիռը ՏՀՏ ոլորտի մեջ ընդամենը 22-23 տոկոս էր, ապա 2017 թվականի հունվար-սեպտեմբերին հասել է 47.7 տոկոսի։
Այս վիճակագրությունը՝ հեռահաղորդակցության ոլորտի անկումը, բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև համաշխարհային միտում է։ Բջջային օպերատորների համար լրջագույն խնդիր են դարձել OTT-ն (over-the-top content, որին հասարակ սպառողը ծանոթ է՝ որպես զանազան մեսինջերներ, ինչպիսիք են Վայբերը (Viber), Վոթզափփը (WhatsApp), Ֆեյսբուքը և այլն, որոնք թույլ են տալիս հաղորդակցվել ձայնի, տեքստի միջոցով): Մեսինջերների տարածման հետևանքով բջջային օպերատորների հասույթը GSM կապից նվազում է, քանի որ բաժանորդները դադարում են օգտվել բուն հեռախոսազանգերից և կարճ հաղորդագրություններից՝ օգտագործելով OTT-ի հնարավորությունները։
Վերադառնալով հայաստանյան վիճակագրությանը՝ նշենք, որ այստեղ ամեն ինչ այնքան էլ պարզ չէ։ Օրինակ, ինչպես նշեցինք, ըստ կառավարության տեղեկանքի՝ 2016 թվականին ՏՏ ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է 510 մլն դոլար՝ նախորդ տարվանից 20%-ով ավելի։
Իսկ ԱՎԾ տվյալներով՝ ՏՀՏ ոլորտի ծավալը 2016 թվականին կազմել է 238.1 մլրդ դրամ, որից 143 մլրդ դրամը հեռահաղորդակցությունն է, 95.1 մլրդ դրամը՝ ՏՏ-ն։