«Ճիշտ մոտեցման դեպքում է կերտվում իրական արվեստը». Դավիթ Սարգսյան
«Քանդակագործությունն ինձ հետաքրքրել է դեռ մանկուց: Առաջին քանդակը պատրաստել եմ 1996 թվականին, երբ դեռ 8 տարեկան էի: Հիշում եմ՝ արևածաղիկ էր»:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այսպես սկսեց իր խոսքը երիտասարդ քանդակագործ Դավիթ Սարգսյանը և հավելեց, որ իր ուսուցիչը եղել է հայրը, ով ևս քանդակագործ է:
«Սովորել եմ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության բաժնում: Ներկայումս ոչ միայն քանդակում եմ, այլև՝ դասավանդում Ստեփանակերտի Հակոբ Գյուրջյանի և Շուշիի արվեստի դպրոցներում, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի կերպարվեստի բաժնում: Փորձում եմ իմ մասնագիտական կարողություններով կիսվել հաստատությունների սաների հետ»,- ասել է Դ. Սարգսյանը և ավելացրել, որ գործնական պարապմունքներին քանդակներ են պատրաստում են կավից և այլ նյութերից՝ անհրաժեշտության դեպքում համադրելով դրանք:
Մեր զրուցակիցը նշել է, որ ստեղծագործում է սիրով՝ յուրաքանչյուր քանդակի մեջ հոգի և շունչ դնելով:
«Քանդակագործության մեջ ստեղծագործողին անհրաժեշտ է նվիրում, երբ արվեստագետն իր արածը դիտարկում է ոչ թե որպես աշխատանք, այլև՝ ապրելակերպ: Ամեն մի նյութ ունի իր մոտեցումը: Ճիշտ մոտեցման դեպքում է կերտվում իրական արվեստը»,- նշել է Դ. Սարգսյանը և հավելել, որ իր ստեղծած քանդակները տեղադրված են Երևանի, Ստեփանակերտի և Շուշիի պատկերասրահներում, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում, որոշներն էլ՝ արտերկրի տարբեր պատկերասրահներում: