Մոսկվան հաջորդ տարի պատրաստվում է ընդունել 21 մլն զբոսաշրջիկների, այդ թվում՝ ֆուտբոլի 1 մլն երկրպագուների
2018 թվականին Մոսկվա զբոսաշրջիկների հոսքը կարող է հասնել 21 մլն մարդու, որոնցից մոտավորապես 1 միլիոնը կլինեն ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրպագուները:
Այդ մասին Չինաստանի մայրաքաղաքում ընթացող «Մոսկվայի օրերը Պեկինում» միջոցառման շրջանակներում ռուս լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Մոսկվայի սպորտի եւ զբոսաշրջության դեպարտամենտի հյուրանոցային տնտեսության վարչության պետ Ալեքսեյ Տիխնենկոն:
«Մենք ավելի քան 21 մլն զբոսաշրջիկների եւ ֆուտբոլի մոտավորապես 1 մլն երկրպագուների ժամանում ենք ակնկալում Մոսկվա: Դա մեծ թիվ է Մոսկվայի համար»,-նշել է նա:
Ֆուտբոլի առաջնության մրցախաղերը 2018 թվականի հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 15-ն անցկացվելու են Ռուսաստանի 11 քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: