Ոստիկանական ու կրթական ծախսերն անհամադրելի են
2018 թ. պետական բյուջեի նախագծով կրթության ծախսերը 2017-ի համեմատ՝ կնվազեն 712.4 մլն դրամով։ Եթե 2016-ին կրթության ֆինանսավորումը փաստացի կազմել է ՀՆԱ-ի մոտ 2.4%-ը, 2018 թ.-ին կկազմի 2.17 %-ը։ 2007-2016թթ. ընթացքում կրթության բյուջեի փաստացի ծախսերի տեսակարար կշիռը 15%-ից իջել 1 մոտ 8.5%-ի:
Կրթության ֆինանսավորման վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կրթությանը հատկացված ծախսերի նման ֆինանսավորման միտումների դեպքում, 2020-ին կրթության ծախսեր/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի ընդամենը 1.8%: ԹԻ փորձագետ Արմեն Գրիգորյանը սոցիալական ցանցում կրթության և ոստիկանության ծախսերի համեմատություն էր ներկայացրել։
Ըստ այդմ՝ Հայաստանի կրթության ֆինանսավորումը 2016-ին եղել է մոտ 254 մլն դոլար, իսկ նույն թվին Ոստիկանության ֆինանսավորումը կազմել է 134 մլն դոլար, այսինքն՝ Ոստիկանության բյուջեն կազմել է կրթության բյուջեի մոտ 52%-ը: Հայաստանում աշակերտների թիվը մոտ 365 հազար է, իսկ ոստիկաների թիվը՝ մոտ 30 հազար (այս թվի շուրջ տարբեր կարծիքներ կան): Այսինքն՝ ոստիկանների թիվը մոտ 12 անգամ քիչ է աշակերտների թվից, բայց ֆինանսավորումն ընդամենը 2 անգամ է քիչ, կամ մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շատ ներդրում է կատարվում, քան՝ մեկ աշակերտի: Միաժամանակ՝ Ոստիկանության բյուջեն 2011 թ.-ին եղել է մոտ 49 մլն դոլար, իսկ 2016-ին 85 մլն դոլարով ավելացել է: Կրթության բյուջեն 2011-ին եղել է մոտ 220 մլն դոլար, իսկ 2016-ին հասել է 254 մլն դոլարի:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 168.am-ի հետ զրույցում կրթության և Ոստիկանության ծախսերի համեմատությունն անընդունելի համարեց։
«Նման համեմատությունը տեղին չէ։ Ոստիկանական համակարգի վրա նաև կան բավականին շատ մեծ կապիտալ ծախսեր, որ չունի կրթական ոլորտը։ Այնպես չէ, որ Ոստիկանությունը, օրինակ, դատարկ ձեռքերով կարող է անվտանգություն ապահովել։ Այսինքն՝ այնտեղ կան ծախսեր, որ չկան կրթության ոլորտում։ Այսինքն՝ այդպես չոր համեմատություն անելն առնվազն կոռեկտ չէ»,- ասաց Վ.Արամյանը։
Ըստ նրա՝ կրթության ծախսերը պետք է համադրելի դարձնել նմանատիպ այլ երկրների կրթության հետ. «Սա է ճիշտը, այլապես տանձը ձմերուկի հետ համեմատելը ճիշտ մոտեցում չէ»։
«Եթե պաշտպանությունը վերցնենք, թվերն է՛լ ավելի մեծ կլինեն։ Ոստիկանական ու կրթական ծախսերն անհամադրելի են»,- հավելեց նախարարը։