«Սահմանների հարցը ներառում է նաև Հյուսիսային Արցախը, Շահումյանի, Գետաշենի շրջանները, Մարտակերտի, Մարտունու՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները». Դավիթ Բաբայան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում կարդացած դասախոսության ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցին, նշել է, որ լուծումը ցավոտ է լինելու. «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»:

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որպեսզի Արցախի հարցի լուծումը համապարփակ լինի, մի շարք քայլեր պետք է կատարվեն։ Նախ և առաջ, ըստ նրա՝ պետք է վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը՝ Արցախի մասնակցությամբ. «Պետք է այնպես լինի, որ կողմերը պատրաստ լինեն գալ ընդհանուր հայտարարի։ Բայց Ադրբեջանի կողմից մենք նման պատրաստակամություն չենք տեսնում»։

Դավիթ Բաբայանի խոսքով՝ շատ բարդ հարցեր են քննարկվում, և իհարկե, պետք է նաև բարդ կարգավորում լինի. «Բայց դրա համար ամենակարևոր նախապայմանն այն է, որ վերականգնվի բանակցային լիարժեք ձևաչափը, և Ադրբեջանը հրաժարվի իր կարծր ու ռասիստական քաղաքականությունից։ Քանի դեռ այդ բանը չի եղել, իհարկե, դժվար է այդ հարցում առաջընթաց ակնկալել»։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նկատեց՝ տարածքի խնդիր չկա, կա սահմանների խնդիր. «Մենք չենք կարող ասել, որ այդ հարցը չկա, բայց սահմանների հարցը մենք չպետք է դիտարկենք լոկ Ադրբեջանի հավակնությունների ներքո։ Չգիտես՝ ինչու, միշտ այդպես է, ադրբեջանցիներն են ուզում, որ այդպես դիտարկվի։ Սահմանների հարցը ներառում է նաև Հյուսիսային Արցախը, Շահումյանի, Գետաշենի շրջանները, Մարտակերտի, Մարտունու՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքները, Նախիջևանի հարց կա, այսինքն՝ սա այնքան մեծ հարց է։ Իհարկե, ցավոտ է, որովհետև այնքան բարդ հարցեր կան այստեղ։ Եվ չպետք է մենք կենտրոնանանք Ադրբեջանի հավակնությունների վրա, այսինքն՝ ներկայիս Արցախի Հանրապետությունը դարձնել նախկին ԼՂԻՄ-ի սահմանների ներքո, այդպիսի բան չի կարող տեղի ունենալ, որովհետև դա նոր ցեղասպանություն է բերելու։ Դա բոլորի համար պարզ է, և մեզ համար ամբիցիաների խնդիր չէ, այլ անվտանգության հարց է։ Հետևաբար, եթե խոսում ենք սահմանների մասին, ապա իհարկե, բարդ է, իհարկե, ծանր է, բայց դա ավելի բարդ խնդիր է․25 հազար քառակուսի կիլոմետրի մասին է խոսքը՝ հստակեցնելու համար սահմանները»։

Անդրադառնալով շփման գծում տիրող իրավիճակին, նա ասաց, որ իրավիճակը համեմատաբար հանգիստ է․ «Տարօրինակ է, երբ բոլորը զարմանում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը, կարծես թե Ադրբեջանը երբևիցե չի խախտել կամ ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք Լյուքսեմբուրգ կամ Դանիա։ Բա ի՞նչ պետք է անի՝ ահաբեկչական երկիր է, ուզում եք չխախտի՞ զինադադարի ռեժիմը»։

Տեսանյութեր

Լրահոս