ԱՄՆ-ում գործում են թմրամոլության դեմ հատուկ դատարաններ

ԱՄՆ-ում գործող թմրամոլության դեմ հատուկ դատարանների դատավոր Ջերի Քոհենը փորձում է փրկել մարդկանց կյանքը թմրանյութի կախվածությունից: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Դուք ստացել եք ֆենթանիլի մեծ չափաբաժին, որը մահաբեր է: Դուք ծանր հիվանդ եք: Ի վերջո այս ամենը Ձեզ համար կավարտվի նրանով, որ կամ կհայտնվեք ճաղերի հետևում կամ կմահանաք»,- ասում է դատավորը:

Դատավոր Քոհենը դիմում է հերոյին տեսակի թմրանյութ օգտագործող քաղաքացուն:

«Մենք Ձեզ կարող ենք օգնել ու կուղարկենք բուժման»,- նշում է դատավորը:

Թմրանյութերից կախվածություն ունեցող անձանց հարցերով զբաղվող դատավոր Քոհենը բանտի փոխարեն նրանց ուղարկում է հատուկ նշանակության վերականգնողական բժշկական կենտրոններ, ուր թմրամոլները ստանում են բժշկական օգնություն:

«Մենք պետք է բուժենք հիվանդներին: Նրանց մոտ արձանագրվում է ֆիզիկական-քիմիական կախվածություն, ինչպես նաև ուղեղի կենսաբանական կախվածություն թմրամիջոցներից, ուստի երկուսն էլ պետք է բուժենք»,- ընդգծում է բժիշկ Պատրիցիա Արես Ռոմերոն:

Սակայն դատավոր Քոհենը ցուցաբերում է նման գթասիրություն միայն այն անձանց նկատմամբ, ովքեր ցանկություն են ցուցաբերում փոխելու իրենց կյանքը: Այն թմրամոլների նկատմամբ, ովքեր չունեն ցանկություն ձերբազատվելու արատից, դատավորը խիստ պատիժ է սահմանում:

«Չեմ կարծում, որ հիվանդ մարդիկ պետք է հայտնվեն բանտում: Չեմ ուզում, որ նրանք մահանան: Կան դեպքեր, երբ ստիպված եմ նրանց պատասխանատվության ենթարկել, որ փրկեմ նրանց կյանքը: Ես ուզում եմ հնարավորություն տալ նրանց»,- ընդգծում է դատավոր Քոհենը:

Այսօր ԱՄՆ-ում գործում են թմրամոլության դեմ պայքարի շուրջ 2700 հատուկ դատարաններ, որտեղ տարբեր գործերով ներգրավված են 136 հազար մարդ: Առաջին նման դատարանը ստեղծվել էր 1989 թվականին Մայամիում:

Որոշ զեկույցների համաձայն, սակայն, շատ վայրերում բացակայում են համապատասխան պայմաններ՝ թմրամիջոցների կախվածությունից բուժումը կազմակերպելու համար:

Բացի համապատասխան բուժումից և բանտից խուսափելուց դատավոր Քոհենը հնարավորություն է տալիս բուժում անցած մարդկանց վերացնել իրենց կենսագրությունից թմրամոլության հետ կապված որևէ նշում, եթե նրանք անցնում են ամբողջական մեկ տարի տևողությամբ ծրագիրը:

«Մենք Ձեր վրայից կհանենք մեղադրանքները և թույլ կտանք, որ շարունակեք ուսումը»,- ասում է դատավորը:

Դատավորը հավատացած է, որ նման մոտեցումը ոգևորում է մարդկանց և հնարավորություն ընձեռում վերականգնվել և վերսկսել իրենց կյանքը:

Տեսանյութեր

Լրահոս