«Մենք պետք է մաս կազմենք ապագայի նորարարություններին». Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ ուսանողներին

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից Արցախ ժամանած մի խումբ ուսանողների:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ողջունելով ուսանողներին՝ Ա. Հարությունյանը նշել է, որ կրկնակի ուրախությամբ է ընդունում նրանց, քանի որ նախքան Արցախյան պատերազմը՝ ինքը ևս ուսանել է ՀՊՏՀ-ում: Պետնախարարն այնուհետև ներկայացրել է վերջին տասը տարիների ընթացքում Արցախի գրանցած տնտեսական հաջողությունները, ինչպես նաև խոսել է տնտեսության մեջ առկա հիմնական օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների մասին:

Ա. Հարությունյանն անդրադարձել է նաև գլոբալ տնտեսական և տեխնոլոգիական զարգացումներին և հորդորել ուսանողներին, որպես ապագա տնտեսագետներ ու որոշում կայացնողներ, ուշադիր լինել այդ գործընթացների հանդեպ և շարժվել արդի միտումներին համընթաց:

«Աշխարհն այսօր անընդհատ առերեսվում է էլեկտրոնային հեղափոխական գործընթացների, որտեղ, այլ նորարարությունների կողքին, ձևավորվում է նոր՝ կրիպտոարժույթ, և բազմաթիվ երկրներ արդեն թույլ են տվել դրա օգտագործումը տարբեր ապրանքների գնման ու ծառայությունների մատուցման համար: Հետևե՛ք, օրինակ, բիթքոյնի առաջընթացին, որը սկսել է շատ դեպքերում մրցակցել ազգային արժույթների հետ: Մենք պետք է հետ չմնանք այս և այլ արդի զարգացումներից, այլապես ավելորդ կդառնա տնտեսության շարունակական զարգացման մասին խոսելը: Այդ ճանապարհին կարևոր նշանակություն ունի ճկուն և առաջադեմ կրթական համակարգի առկայությունը, ինչը կօգնի ուսանողներին ու պետությանը մաս կազմել ապագայի նորարարություններին և առաջ մղել սեփական տնտեսությունը»,- ասել է պետնախարարը:

Հանդիպման ընթացքում Ա. Հարությունյանը պատասխանել է նաև ուսանողների տարաբնույթ հարցերին: Խոսելով ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ պետնախարարը, մասնավորապես, նշել է, որ փաստացի չկան բանակցություններ, կան հանդիպումներ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, որոնց ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններն Ադրբեջանը մշտապես խախտում է:

«Երբ լինեն իրական բանակցություններ հակամարտության կարգավորման վերաբերյալ, համոզված եմ, որ Արցախը, որպես լիարժեք կողմ, մաս է կազմելու դրանց: ՀՀ նախագահն էլ է բազմիցս ընդգծել, որ հակամարտության կարգավորման ճանապարհին որևէ որոշում պետք է կայացվի Արցախի ժողովրդի մասնակցությամբ»,- նշել է Ա. Հարությունյանը:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը և Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Տեսանյութեր

Լրահոս