Ադրբեջանն ամրապնդում է իր դիրքերն իսլամական աշխարհում. Ի՞նչ վտանգներ են սպառնում Հայաստանին և ինչպե՞ս չեզոքացնել դրանք
Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ԵՊՀ դոցենտ, արաբագետ Արաքս Փաշայանի հետ
– Տիկին Փաշայան, Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձություններն ինչպե՞ս կգնահատեք, ինչպիսի՞ն է ընդհանուր իրավիճակը:
– Մերձավոր Արևելքում իրադրությունը շատ արագ փոփոխվում է։ Իմ պատկերացմամբ՝ ներկա փուլում այնտեղ երկու հիմնական գործընթաց է ծավալվում։ Առաջինը կապված է տարածաշրջանային ուժերի միջև սուր մրցակցության հետ։ Ազդեցության լծակների համար հիմնականում պայքարում են Իրանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, նաև՝ Կատարը։ Ժամանակ առ ժամանակ կողմերի միջև նկատվում է թե՛ համագործակցություն, թե՛ առճակատում։ Տարածաշրջանային զարգացումներում բացառիկ մեծ է նաև Իսրայելի դերակատարությունը, որը շատ դեպքերում չերևացող է, նույնիսկ՝ թաքնված, բայց՝ շոշափելի։ Բացի պետություններից, կան ազդեցիկ այլ ուժային կենտրոններ ևս, որոնց դերակատարությունը նույնպես շատ որոշիչ է։
Օրինակ՝ «Հիզբալլահը» և նրա հետ կապ ունեցող շիայական ռազմաքաղաքական խմբավորումները՝ աշխարհազորները։ Չնայած Սիրիայի և Իրաքի ազգային անվտանգության համակարգերը փխրուն հավասարակշռության մեջ են, բայց պետք է նկատել, որ Բաղդադի և Դամասկոսի դերակատարությունը նույնպես կարևոր է։ Իրաքյան և սիրիական բանակները շարունակում են զգալի հաջողություններ արձանագրել «Իսլամական պետության» և այլ ջիհադական խմբավորումների դեմ ռազմական գործողություններում՝ հանուն տարածքային ամբողջականության վերականգնման։
Ի դեպ, Մերձավոր Արևելքում պետությունների տրոհման գործընթացներ տեղի չեն ունենում, չնայած տևական ժամանակ է, ինչ շարունակաբար իրազեկվում ենք տարբեր սցենարների մասին։ Պետք է նկատի ունենալ նաև այն, որ տարածաշրջանային ներքին պայքարի հետ անմիջականորեն կապ ունեն գերտերությունները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք տեղերում ունեն հստակ շահեր, հետաքրքրություններ ու դաշնակիցներ։ Արտաքին ուժերն այսօր էլ փայլուն կերպով օգտագործում են տարածաշրջանում գոյություն ունեցող ներքին հակասություններն այնպես, ինչպես դա եղել է դարեր շարունակ։
Հաջորդ գործընթացը, կարծում եմ՝ կապված է գաղափարախոսական խմորումների, իսլամական վերածննդի, հասարակական և քաղաքական համակարգերի զարգացման մոդելների ընտրության հետ։ Կա ներքին, շարունակական հակամարտություն՝ աշխարհիկի և կրոնականի միջև։ Նկատելի է նաև իսլամական գործոնի հարաճուն դերակատարությունը միջազգային հարաբերություններում, քաղաքական ու քաղաքակրթական գործընթացների վրա։
– Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն մեծ աղմուկ բարձրացրեց, դրան քննադատաբար արձագանքեցին ինչպես՝ գերտերությունները, այնպես էլ՝ տարածաշրջանային մի շարք պետություններ: Ի՞նչ գործընթաց է սա, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:
– Պարզ է, որ աղմուկն ավելի մեծ էր, քան այն, ինչ պատահել է։ Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին, որն իրականում ցանկանում էր հերոսանալ, նաև՝ ամրապնդել Բարզանիների իշխող դիրքերը, ինչպես նաև՝ կռվաններ ձեռք բերել Բաղդադի և դաշնակիցների հետ հետագա հարաբերություններում, ոչ խոհեմ քաղաքականության պատճառով տանուլ տվեց։ Իմ պատկերացմամբ՝ Մերձավոր Արևելքում քրդական հարցում միֆերը շատ են։ Չափազանցություններ կան՝ քրդերի ռազմական և այլևայլ հնարավորությունների հետ կապված։
Հստակ է, որ հրեական լոբբինգը և միջազգային այլ ուժեր աջակցում են քրդական ռազմաքաղաքական շարժումներին, ինչպես նաև՝ տեղեկատվական հոսքերում քրդական ազգային պայքարի բրենդավորմանը։ Իրականում քրդական գործոնը շատ դեպքերում բացասական դերակատարություն ունի։ Նույն ամերիկյան կառավարությունը, օրինակ՝ Սիրիայում, լայնորեն հենվում է քրդերի վրա՝ Դամասկոսի վրա ճնշումներ բանեցնելու հարցում։
– Հայաստանի վրա այս գործընթացներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ՝ հաշվի առնելով նաև Արցախյան հակամարտությունը: Ի՞նչ մարտահրավերներ կան մեզ համար:
– Հայաստանը, աշխարհագրորեն գտնվելով Հարավային Կովկասում, իրականում պատկանում է Մերձավոր Արևելքին։ Մասնավորապես 7-րդ դարից, իսլամի հայտնվելուց հետո, հայերի պատմությունը թե՛ ավանդական պատմական Հայրենիքում, թե՛ դրա սահմաններից դուրս, ուղղակիորեն առնչվել է Մերձավոր Արևելքին։ Այդ իսկ պատճառով, չնայած տարածաշրջանին բնորոշ բարդ ու խրթին իրողություններին, մենք պետք է մեզ ինքնավստահ զգանք Մերձավոր Արևելքի հետ հարաբերություններում։
Հայաստանի համար կան Մերձավոր Արևելքում ձևավորված մի շարք մարտահրավերներ։ Դրանցից մեկը կապված է արցախյան հակամարտությունն իսլամական աշխարհ արտահանելու՝ Ադրբեջանի քաղաքականության հետ, որի արդյունքում հայ-ադրբեջանական հակամարտության հարցը հայտնվել է Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) օրակարգում։ Ադրբեջանի հակահայկական քարոզչության հետևանքով կազմակերպությունը, ունենալով միակողմանի և ոչ ճշմարտացի տեղեկատվություն, Հայաստանի նկատմամբ ձևավորել է կոշտ դիրքորոշում։ Իսկ որ ավելի մտահոգիչ է՝ ԻՀԿ անդամ պետությունները ՄԱԿ-ում քվեարկում են Հայաստանի դեմ՝ հօգուտ Ադրբեջանի։
Բաքուն դեպի իսլամական աշխարհ իր համար ճանապարհ հարթեց հենց ԻՀԿ-ի միջոցով՝ դառնալով կառույցի ամենաակտիվ անդամներից մեկը։ Ստանալով աջակցություն արցախյան հարցում՝ աշխարհիկ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ ապացուցել, որ իսլամական Ումմայի անդամ է, և ձգտում է իսլամական երկրների հետ հասնել համակողմանի համագործակցության հաստատման։
Հարկ է նկատի ունենալ, որ չնայած Իսրայելի հետ սերտ համագործակցությանը և սեփական երկրում իսլամական հավատացյալների ու ակտիվիստների դեմ ուղղված կոշտ ճնշումներին ու հալածանքներին, Ադրբեջանին զգալիորեն հաջողվել է ամրապնդել իր դիրքերն արաբական-իսլամական աշխարհում։ Խնդիրը պարզ է. Մերձավոր Արևելքի հանգուցային պետություններն իրենց շահերն ունեն։
– Այդ ամենը հաշվի առնելով՝ ի՞նչ քայլեր պետք է անի Հայաստանը:
– Բնականաբար, Հայաստանը շատ-շատ անելիքներ ունի Մերձավոր Արևելքում։ Չնայած դիվանագիտական խողովակներով կատարվող ահռելի աշխատանքին, այնուամենայնիվ, ավելի լայն ու համակողմանի համագործակցություն հաստատելու և սերտացնելու կարիք կա խորհրդարանական, գիտական, հասարակական, մշակութային, լրատվական, գործարար և այլևայլ շրջանակների հետ։ Մերձավոր Արևելքում Հայաստանը պետք է ավելի լավ ճանաչված լինի, և Հայաստանում էլ պետք է Մերձավոր Արևելքն ավելի լավ ընկալվի։ Շատ կարևոր է, որ Հայաստանը լավ ներկայացված լինի Մերձավոր Արևելքի տեղեկատվական հայտնի ռեսուրսներում (նույն Ալ-Ջազիրայում, Ալ-Մայադինում, Ալ-Արաբիայում, և այլն), նաև առանձին պետությունների տեղական մեդիաներում։
Տեսեք՝ միջազգային մեդիան ինչպես է բրենդավորել Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ կռվող քուրդ կանանց թեման։ Մենք իրականում ստույգ տվյալներ չունենք, թե որքան է քուրդ զինյալ կանանց թիվը, ռազմական գործողություններում նրանց մասնակցության ծավալները, գրանցած հաջողությունները, և այլն։ Երբ նայում ես, երբեմն այնպիսի տպավորություն է, որ ԴԱԻՇ-ին դիմագրավում են հիմնականում քուրդ կանայք, ինչը, բնականաբար, այդպես չէ։ Միայն Հայոց ցեղասպանության թեմային և Հայաստանին առնչվող հատուկենտ խնդիրներին ժամանակ առ ժամանակ կատարվող անդրադարձերը բավարար չեն։ Պետք է ակտիվ աշխատանք տանել, օրինակ՝ արցախյան հակամարտությունը Մերձավոր Արևելքի մեդիադաշտում բրենդավորելու ուղղությամբ։ Կարելի է տեղեկատվական հնչեղություն տալ հայ-արաբական, հայ-իրանական, ընդհանրապես՝ հայ-իսլամական փոխառնչությունների բազմաթիվ օրինակների՝ Հայաստանի մեդիա կերպարը ձևավորելու համար։ Այս հարցերի իրականացումը լուրջ և պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջում։
Մինչև վերջերս Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում Հայաստանին մեծապես օգնել են տեղի հայ համայնքները։ Մեր համայնքները կարևոր գործոն են եղել հայ-արաբական և հայ-իրանական հարաբերությունների ամրապնդման հարցում, հետևաբար՝ դափնիները նաև իրենցն են։ Բայց վերջին շրջանում առանձին երկրներում հայ համայնքները որոշակիորեն թուլացել են։ Այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել։ Մենք պետք է սովորենք արագ ու համարժեք շարժվել, եթե ցանկանում ենք չեզոքացնել Հայաստանի դեմ ձևավորված վտանգները։