
ՌԴ-ն կպաշտպանի Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիներին, կապի մեջ է Բաքվի հետ. Պեսկով

Կրեմլը ուշադրություն է դարձրել Ադրբեջանում ձերբակալված ռուսաստանցիների տեսագրություններին, Մոսկվան կպաշտպանի նրանց օրինական շահերը բոլոր հնարավոր միջոցներով։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին։
«Իսկապես, մենք տեսանք, ուշադիր դիտեցինք բոլոր տեսագրությունները։ Մենք ուշադրություն դարձրինք բոլոր մանրամասներին։ Մենք կպաշտպանենք մեր քաղաքացիների օրինական շահերը դիվանագիտական ուղիներով և կօգտագործենք դրա համար բոլոր հնարավոր միջոցները», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Կրեմլն ուշադրություն դարձրել է ձերբակալվածների արյունոտ և այտուցված դեմքերին։
Կրեմլի խոսնակը նաև հայտնել է, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի հետ. նրանք քննարկում են Եկատերինբուրգում և Բաքվում տեղի ունեցած աղմկահարույց իրադարձությունների հետաքննության հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերը։
«Ներկայում Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը մշտական կապի մեջ է Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ. այդ շփումների ընթացքում նրանք կարգավորում են խնդրահարույց թվացող հարցերը», – ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Եկատերինբուրգում ձերբակալությունները կատարվել են այդ թվում Ադրբեջանի քաղաքացիների դեմ իրականացված հանցագործությունների հետաքննության շրջանակներում։ Հունիսի 27-ին ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են անցկացրել Եկատերինբուրգում՝ ձերբակալելով մի քանի ադրբեջանցիների՝ կապված տարիներ առաջ տեղի ունեցած սպանությունների հետ։
Ձերբակալությունների ընթացքում երկու մարդ մահացել էր։ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ նրանցից մեկի մահվան պատճառ է դարձել սրտային անբավարարությունը։ Զոհերի մարմինները տեղափոխվել են Ադրբեջան, որտեղ պարզվել է, որ մահը վրա է հասել բռնության հետևանքով։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց առանձնակի դաժանությամբ և խոշտանգումներով կանխամտածված սպանության փաստով:
Բաքուն այս իրադարձություններից հետո արշավ է սկսել Մոսկվայի դեմ։ Հունիսի 30-ին խուզարկություններ են անցկացվել Բաքվում գտնվող ռուսական «Sputnik Ադրբեջան» գործակալության գրասենյակում, որի ղեկավարը և գլխավոր խմբագիրը 4 ամսով կալանավորվել են։ Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել լրագրողների ձերբակալության առնչությամբ։ Բաքվում 4 ամսով կալանավորվել է նաև ՌԴ 8 քաղաքացի, որոնց մեղադրել են կազմակերպված հանցավոր խմբավորմանը մասնակցության, Իրանից թմրանյութեր տեղափոխելու և կիբեռհանցագործությունների մեջ։