
Դեռահասների ծեծկռտուքից հետո ադրբեջանցի ընտանիքին արտաքսել են Ռուսաստանից

Սանկտ Պետերբուրգի իրավապահ մարմինները Ռուսաստանից արտաքսել են Ադրբեջանից 13-ամյա դեռահասի ընտանիքին այն բանից հետո, երբ տղան խմբակային կռիվ է սկսել մեկ այլ 16-ամյա տղայի հետ:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ոստիկանությունից հայտնել են, որ հունիսի 30-ին քաղաքի Նևսկի շրջանի հերթապահ ստորաբաժանումը բժշկական հաստատությունից հաղորդագրություն է ստացել ծեծի ենթարկված դեռահասի հոսպիտալացման մասին։
«Ոստիկանությունը պարզել է, որ Թելմանի փողոցում բնակվող երիտասարդը սոցիալական ցանցում կոնֆլիկտային նամակագրություն է ունեցել իր հարևանի՝ Ադրբեջանի 13-ամյա քաղաքացու հետ: Երիտասարդները որոշել են անձամբ կարգավորել իրավիճակը և պայմանավորվել են հանդիպել, սակայն միգրանտը հանդիպմանը եկել է ոչ մենակ, այլ երկու ընկերների հետ: Լինելով փոքրամասնություն՝ տուժած դեռահասը ծեծի է ենթարկվել, իսկ նրա հակառակորդները փախել են», – ասվում է հաղորդագրության մեջ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետաքննության աշխատակիցները ադրբեջանցի դեռահասին և նրա հորը հանձնել են ոստիկանության բաժին՝ քննության համար։
«Անչափահաս օտարերկրացու ամբողջ ընտանիքի նկատմամբ ձեռնարկվել են միգրացիոն բնույթի միջոցառումներ. կռվի մասնակիցն ինքը, նրա ծնողները, եղբայրն ու քույրը Ռուսաստանից արտաքսվել են Ադրբեջան», – նշել է մամուլի ծառայությունը։