«ՀՀ պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարող են որոշում կայացնել ԶՈւ առանձին ստորաբաժանումների առանձին միջոցների օգտագործման վերաբերյալ». Վիգեն Սարգսյան
«Օրենքն իրավական հիմքեր է ստեղծում պաշտպանության ոլորտի նոր քաղաքականությունների մշակման և ներդրման համար»,- այսօր Ազգային ժողովում Պաշտպանության մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ սա առանցքային օրենք է պաշտպանության ոլորտի քաղաքականության տեսանկյունից, որն ամրագրում է պետություն-հասարակություն-քաղաքացի հարթություններում երկրի ռազմական անվտանգության հիմնական հասկացությունները, ապահովում պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ-երի, կազմակերպությունների և քաղաքացիների լիարժեք փոխգործակցությունը երկրի պաշտպանության նախապատրաստման և կազմակերպման գործում:
«Հստակեցվել է խաղաղ ժամանակ և պատերազմի պայմաններում պաշտպանության կազմակերպման և զորահավաքային նախապատրաստության գործընթացը: Օրենքի նախագծի 2-րդ և 4-րդ գլուխներում ՀՀ -ի Սահմանադրության պահանջներին համապատասխան՝ սահմանվել են պաշտպանության ոլորտում Ազգային ժողովի, Կառավարության, Անվտանգության խորհրդի, վարչապետի, Պաշտպանության նախարարության և Պաշտպանության նախարարի պետական և տարածքային կառավարման, ՏԻՄ-երի և պաշտոնատար անձանց լիազորությունները, անկախ կազմակերպական իրավական ձևից՝ կազմակերպությունների, քաղաքացիների պատասխանատվությունները, Զինված ուժերի և այլ զորքերի գործունեությունը, որոնք ներառում են խաղաղ և ռազմական դրության պայմաններում ՀՀ-ի պաշտպանության ապահովման գործողությունների զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման համալիրը»,- նշեց նախարարը:
Նա ասաց, որ մասնավորեցվել են Սահմանադրությամբ ամրագրված լիազորությունները. «Մասնավորապես, բացազատվել է ՀՀ վարչապետի լիազորությունները խաղաղ ժամանակ, ՀՀ-ին նպառնացող անմիջական վտանգի կամ զինված հարձակման դեպքում և պատերազմի դեպքում՝ որպես գերագույն հրամանատարի: Սահմանադրությամբ նախատեսված է, որ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը»:
Վ. Սարգսյանն ասաց, որ Սահմանադրության համապատասխան՝ Զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ենթակայության ներքո: Նա նշեց, որ օրենքի նախագծում ամրագրվել են Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմները.
«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքի դիմակայության պայմաններում ՀՀ պաշտպանության նախարարը և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը կարող են որոշում կայացնել սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման կամ հատուկ առաջադրանք կատարելու նպատակով Զինված ուժերի առանձին ստորաբաժանումների առանձին միջոցների օգտագործման վերաբերյալ: Այսպիսի որոշումների վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարը զեկուցում է ՀՀ վարչապետին վերջինիս կողմից սահմանված պարբերականությամբ»: