Գևորգ Կոստանյանը բացատրեց, թե ինչո՞ւ նպատակահարմար չէ կասկածյալի և մեղադրյալի ցուցմունքները տեսաձայնագրելը
«Այս կառավարությունը բնավ օրիգինալ չէ, ու շարունակում է բոլոր նախորդ կառավարությունների արատավոր ավանդույթը՝ կոնվերային սիստեմով մերժել ընդդիմադիր խմբակցությունների առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները»,- այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նշենք, որ Ազգային ժողովի օրակարգում չընդգրկվեց նաև «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Քվեարկությունից առաջ Ն. Զոհրաբյանն ասաց, որ իրենք ընդամենն առաջարկում են, որ կասկածյալի և մեղադրյալի հարցաքննությունները տեսաձայնագրվեն.
«Հիշեցնեմ, որ դա Եվրոպային խորհրդի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի հիմնական պահանջներից մեկն է: Ի՞նչն է խանագարում, որ մենք այս հարցը դարձնենք բովանդակային քննարկման առարկա ու քննարկենք: Խորհուրդ կտամ խորհրդարանական մեծամասնությանը, որ գոնե մեկ անգամ չենթարկվեն կառավարության կոնվերային մտածողությանը՝ մերժել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացրած նախագծերը»:
Նշենք, որ գլխադասային պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանն ասաց, որ մի քանի գլոբալ նկատառում ունի նախագծի հետ կապված:
«Իսկ ինչո՞ւ միայն մեղադրյալի և կասկածյալի, ապացուցողական բազայի հիմնական մասը ձևովորում են վկաները, տուժողները և այլն: Հիմա ասեմ՝ խնդիրը որն է, խնդիրն այն է, որ տեսագրությունն օգտագործելն ինքնին կաշկանդում է ցուցմունք տվող սուբյեկտին: Այսինքն՝ այն սուբյեկտը, որը տեսաձայնագրությամբ ցուցմունք է տվել, արդեն իսկ կաշխականդված է:
Միջազգային պրակտիկայում մեծամասամբ երկրներում սկսել են հրաժարվել ցուցմունքների վերցման տեսաձայնագրման պրոցեսից, որովհետև այդ նույն ճնշման պրոցեսները մինչև տեսաձայնագրությունն են կիրառվում, հետևաբար՝ ցուցմունքները տեսաձայնագրելը չի համարվում արդյունավետ միջոց»,- նշեց Գ. Կոստանյանը:
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանն էլ նկատեց, որ ցուցմունքն ամեն դեպքում սղագրվում է, այնպես որ, ցուցմունք տվողի կաշկանդվելու խնդիրը չկա:
«Թղթային արձանագրությունը երբեք չի կաշկանդել, որովհետև ինքն ամեն անգամ ասում է՝ իր ձեռագրով չի գրել, կա՛մ հարկադրել են, կա՛մ ստիպել են»,- ի պատասխան՝ ասաց Գ. Կոստանյանը:
«Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պետք է մտցվի օրակարգ և քննարկել այդ նախագիծը: