Բաժիններ՝

Հյուսիս-հարավ մայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան. Վահան Մարտիրոսյան

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը վստահեցնում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ կոռուպցիոն ռիսկեր չկան, շինարարական աշխատանքներն իրենց հունով ընթանում են: ՀՀ կառավարության լրատվական վարչության «Հրապարակում» հեռուստանախագծին տված հարցազրույցում նախարարն ընդգծել է, որ շինարարներն այսօր ակտիվ աշխատում են, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակն աշխատում է իր իրավասությունների շրջանակներում և պատշաճ կատարում իր աշխատանքը»,-ասել է նախարարը:

Նա նշել է, որ Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: «Պայմանագրի ժամկետը 2019թ. է, և մենք հույս ունենք պայմանագրով նախատեսված ժամկետում ավարտել աշխատանքները»,- նշել է Վահան Մարտիրոսյանը:

Նախարարը հստակեցրել է, որ կառավարությունը չի հայտարարում 2019թ.-ին Հյուսիս-հարավ ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու մասին` թեև ժամանակին որպես ծրագրի ամբողջական ավարտի ժամկետ նշվել է հենց 2019թ.-ը: Նա ընդգծել է, ինչ-ինչ պատճառներով մայրուղու շինարարության ավարտի ժամկետները ձգձգվել և երկարաձգվել են:

Ճանապարհի շինարարության ընթացքում մինչև այժմ ծախսվել է 150 միլիոն դոլար և 20 միլիոն եվրո, արդյունքում կառուցվել է մոտավորապես 31 կիլոմետր ճանապարհ, նվազագույնը 500 կիլոմետր դեռ պետք է կառուցվի: Վահան Մարտիրոսյանը հստակեցրեց, որ 150 միլիոն դոլարը և 20 միլիոն եվրոն ծախսվել է ոչ թե 31 կիլոմետրը կառուցապատելու վրա, այլ այդ 31 կիլոմետրն արդեն հանձնվել է շահագործման: «Գումարները ծախսվել են հողիրացման, հողօտարման, հողային աշխատանքների վրա: Շինարարությունը ակտիվ գնում է Աշտարակ-Թալին-Գյումրի հատվածում, սրանց վրա էլ են գումարներ ծախսվել, բայց այս հատվածը դեռ շահագործման չի հանձնվել, ուստի սխալ է ներկայացնել, թե այդ գումարները ծախսվել են 31 կիլոմետր կառուցելու վրա»,- հստակեցրել է նա:

Վահան Մարտիրոսյանը դժվարացել է հստակ նշել, թե որքան գումար կծախսվի ծրագիրն ամբողջությամբ ավարտին հասցնելու համար, քանի որ նախագծային և նախահաշվարկային աշխատանքները վերջնական չեն: Նա ընդգծել է, որ կարող է մոտավոր թիվ ներկայացնել, որը ստույգ չէ: «Մոտավորապես 2 միլիարդ դոլար կարող է ծախսվել: Բայց շինարարության ընթացքում այս թիվը փոփոխությունների է ենթարկվել: Նախապես թիվ է հնչեցվել այն հատվածների համար, որտեղ նախագիծ է եղել, որի հիման վրա էլ մոտավոր թիվ է հնչեցվել` մոտավորապես 1 միլիարդ դոլար: Սակայն հիմա մոտավոր հաշվարկներով այդ թիվն ավելացել է, ինչը կապված է ոչ ճիշտ հաշվարկների հետ»,- եզրափակել է նախարարը :

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս