Հայաստանը կարող է սեփական արբանյակ ու նավատորմ ունենալ
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեցին և դրական եզրակացությամբ խորհրդարանի նիստերի օրակարգ ընդգրկվեցին «Լուսնի և այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը, «Միջազգային ծովային կազմակերպության մասին» և «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին նախագծերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանը ներկայացրեց փաստաթղթերի վավերացման դեպքում Հայաստանի առջև բացվող հեռանկարները:
«Արբանյակը թույլ է տալու ունենալ գիտահետազոտական, տեխնոլոգիական ծառայություններ, մասնավորապես` նավիգացիոն, օդերևութաբանական հետազոտությունների իրականացում»,- ասաց Ա. Խաչատուրյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի խոսքով` փաստաթղթի վավերացման արդյունքում կապահովվեն հոսքեր, մի օր էլ մեր արբանյակը կունենանք:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հետաքրքրվեց, թե այս պահին սրա հրատապությունն ինչո՞վ է պայմանավորված, քանի որ հանրությունն այսօր շատ առարկայական, կենսական նշանակության խնդիրներ ունի:
«Մենք միջազգային հանրության առջև ստանձնել ենք պարտավորություն և դրա շրջանակում վավերացնում ենք»,- ասաց Թորոսյանը:
Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նկատեց, որ այս հարցերի քննարկումը կարող է ժպիտ առաջացնել, քանի որ ամեն օր չէ, որ լուսնի և արբանյակների մասին հարցեր են քննարկվում, սակայն ՀՀ-ն կարող է մաս կազմել միջազգային կոնսորցիումներին, որ արբանյակներ կարող են ունենալ:
Ըստ նրա` կենցաղային ընթացիկ առաջնահերթ խնդիրներից բացի, մարդիկ տեխնոլոգիապես առաջ են գնում և երբեք այդ առաջընթացը չի խոչընդոտվում կենցաղային խնդիրներով. «Մենք մեր սոուսի մեջ տապակվելով չէ միայն, որ պետք է ներկայանանք աշխարհին»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանի խոսքով` «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու դեպքում ցամաքայինից բացի, հնարավորություն կունենանք զարգացնել ծովային փոխադրումները. «Կարող ենք նաև սեփական դրոշի տակ նավ ունենալ»:
Թե գործնականում դա ի՞նչ է տալու, Գ. Գրիգորյանը նշեց, որ ծովային փոխադրումներով զբաղվում են ոչ միայն ծով ունեցող երկրները, իսկ Հայաստանն այսօր չունի իր անունով գրանցված բեռնարկղեր, վարձակալում է այլ երկրներից.
«Շվեյցարական դրոշով այսօր ծովերով նավարկում են տարբեր տոննաժի և բեռնափոխադրումներ իրականացնող նավեր: Սա անհրաժեշտ է մեր նավատորմը գրանցելու համար, եթե ՀՀ-ն ուզում է սեփական դրոշի տակ նավ ունենալ և եթե կլինեն բիզնեսմեններ, որ կցանկանան զբաղվել ծովային բեռնափոխադրումներով, կկարողանան գրանցվել այստեղ և գործել»: