Ի՞նչ լուրջ վտանգներ կան Հայաստան-Եվրամիություն-«Եվրոատոմ» համաձայնագրում
Հարցազրույց Հայաստանում էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ
– Պարոն Մարջանյան, օրերս Հայաստան-Եվրամիություն նոր շրջանակային համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո աղմուկ է բարձրացել Մեծամորի ատոմակայանը փակելու կապակցությամբ, որի մասին դրույթ կա փաստաթղթում, թեև ժամկետներ չեն նշվում։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին։
– Նախ՝ այդ փաստաթուղթը նշելիս՝ պետք է հղում կատարել դրա լրիվ անվանմանը, որը հայկական ԶԼՄ-ներում չի արվում։ Դա ոչ թե Եվրամիության և Հայաստանի միջև փաստաթուղթ է, այլ Հայաստանի, Եվրամիության և «Եվրոատոմ» կոչվող կազմակերպության միջև համաձայնագիր է։ Եվ դրա ամբողջ աշխարհաքաղաքական էությունը կենտրոնացված է 42-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ից զատ՝ նաև «Եվրոատոմը» և «Եվրոատոմի» 28 երկրներ այսուհետ իրավասու կլինեն հայկական ԱԷԿ-ի հետ կապված խնդիրները քննարկել։
Այստեղ լավը մեզ համար այն է, որ ԵՄ-ն հանձնառություն է վերցրել փակել ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկը, որի ռեսուրսն ավարտվելու է 2026-ին։ Իսկ վտանգը և վատ կողմն այն է, որ «Եվրոատոմին» հնարավորություն է ընձեռվում արգելափակել ցանկացած տեխնոլոգիաների օգտագործումը նոր բլոկի համար, որն իրեն այս կամ այն նկատառումներից ելնելով՝ չի բավարարի։
Օրինակ՝ Տալինը կամ Բուխարեստն իրավական հիմք կունենան արգելափակելու ռուսական WWR տեխնոլոգիայի օգտագործումը նոր բլոկի շինարարության ժամանակ։ Սակայն, այսօրվա դրությամբ՝ WWR-ը միակ մրցունակ տեխնոլոգիաներն են ատոմային էներգետիկայի ասպարեզում։ Հայտնի է, որ Ճապոնիայում Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարից հետո և՛ «General Electric»-ը, և՛ «Hitachi»-ն, և՛ «AREVA»-ն, և՛ «Westinghouse»-ը կանգնեցին սնանկացման առաջ։ Այսինքն՝ այդ փաստաթղթի ստորագրումն ունի և՛ դրական կողմեր, և՛ լուրջ վտանգներ։
Ցավալին այն է, որ մինչև հիմա այդ մասին չէր խոսվում, և միայն հրապարակումից հետո, նախ՝ պարզ դարձավ, որ դա եռակողմ համաձայնագիր է՝ ՀՀ-ԵՄ-«Եվրոատոմ», և «Եվրոատոմն» ու 28 անդամ երկրներն այսուհետ իրավասու կլինեն հայկական ատոմակայանով զբաղվել։ Հիշեցնեմ, որ մինչ այս միակ իրավասու կազմակերպությունը ՄԱԳԱՏԷ-ն էր։ Իրադրությունը նման է նրան, թե ինչպես են ուզում այլ շրջանակներ ներառել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում, կամ հենց ՄԱԳԱՏԷ-ի լիազորություններն ընդլայնել՝ իրանական միջուկային ծրագրի հետ կապված։ Այս զուգահեռները շատ մտահոգիչ են։
– Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ փոփոխել համաձայնագիրը՝ նախքան ստորագրումը։
– Կարծում եմ՝ այո, որովհետև այդ 42-րդ հոդվածի տեքստը ձևակերպված է այնպես, որ որոշակի մեկնաբանությունների տեղիք է տալիս, և որոշակի լյուֆթ է ստեղծվում։ Եթե հայկական կողմը ճիշտ և խելացի վարվի, ապա այդ մտահոգությունները կհանվեն։ Բայց շատ կարևոր է, որ տեխնոլոգիաների ընտրության հարցում, ՄԱԳԱՏԷ-ից բացի՝ ուրիշ որևէ կազմակերպություն արգելափակման իրավունք չունենա։
– ՀՀ կառավարության ներկայացուցիչները չեն բացառել, որ ՀՀ-ն կարող է հրաժարվել նոր ԱԷԿ-ի կառուցման գաղափարից։
– Հայկական կողմը գտնում է, որ ԱԷԿ-ի գործող բլոկը, այսպես թե այնպես, պետք է աշխատի իր երաշխիքային ժամկետը և 2026 թ. հանվի շահագործումից։ Դա մեր պարտավորությունն է և բխում է մեր շահերից։ Եվ շատ լավ է, որ Եվրոպան, ՌԴ-ն կամ ԱՄՆ-ը օժանդակեն Հայաստանին այդ գործում։ Սակայն այստեղ այլ հարց կա. ԱԷԿ-ի շինարարությունը տևում է առնվազն 5 տարի, իրականում՝ ավելի, մոտ 2 տարի էլ պահանջվում է նախագծման համար, այսինքն՝ խոսքը 7-8 տարվա մասին է։ Այսինքն՝ 2026-ին պետք է մոտենալ արդեն 2019 թ.-ին։
Երկրորդ՝ միջուկային կայանն առաջին հերթին՝ երաշխավորված հզորության աղբյուր է, և հետո միայն՝ էլեկտրական էներգիայի աղբյուր։ ԱԷԿ-ի արժեքը ՀՀ-ի համար կայանում է նրանում, որ առաջին հերթին՝ երաշխավորում է իր հզորությունը։ Այս տեսանկյունից ո՛չ արեգակնային, ո՛չ հողմաէներգետիկան, ո՛չ փոքր հէկ-երը չեն կարող դիտարկվել՝ որպես փոխանակող հզորություն։ Փոխարինող հզորություն կարող է լինել կա՛մ ԱԷԿ-ի նոր բլոկը, կա՛մ մեծ ՀԷԿ՝ մեծ ջրամբարով, որն ունակ կլինի կարգավորել համակարգը 1 տարի և ավելի կտրվածքով։
– Այս իրավիճակում ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն այդ կետը հանելու, ժամկետների՞ շուրջ, թե՞ ներդրողներ գտնեն նոր բլոկի կառուցման համար։
– Պետք է ֆիքսել, որ երաշխավորված հզորություն դուրս հանելու միակ փոխարինողը կարող է լինել երաշխավորված հզորությունը։ Այսինքն՝ կա՛մ ԱԷԿ-ի նոր բլոկ, կա՛մ մեծ հէկ՝ մեծ ջրամբարով։ Ընդ որում՝ ատոմակայանը փոխարինել նոր բլոկով՝ դա ոչ թե մեր ցանկությունն է, այլ ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարության փաստաթղթի 2-րդ և հիմնական պահանջն է։ Եվ, հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթն ընդունված է և հաստատված է ՀՀ նախագահի կողմից։