«Հայաստանը կարող է համաշխարահային ուժային կենտրոնների միջև երկխոսության դաշտ դառնալ». Ալեքսանդր Մանասյան
«Պետք է արձանագրենք, որ Ռուսաստանը չի ցանկանում Ադրբեջանին կորցնել, մեզ համարելով ռազմավարական դաշնակից՝ նա դեմ չի լինի, որ Ադրբեջանը հայտնվի իր գրպանում»,- այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը:
Ըստ նրա՝ մենք պետք է հաշվի առնենք դա, ու նա գտնում է՝ արդեն հաշվի ենք առել. «Այն, որ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ մեր կապերն ամրապնդվում են, այդ հաշվի առնելու քայլերն են: Այստեղ կա խորը իմաստ, մի նոր հեռանկար: Դա այն է, որ այն պարագայում, երբ ժամանակակից աշխարհում կոնֆլիկտների կարգավորման գործընթացում չեզոք միջնորդներ չկան, Հայաստանը, Ռուսաստանին զուգահեռ՝ ամրապնդելով իր կապերը Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ, օբյեկտիվորեն ձեռք է բերում մի կարգավիճակ գլոբալ դաշտում, որը մենք պետք է լավ գիտակցենք ու զարգացնենք, դա համաշխարահային ուժային կենտրոնների միջև երկխոսության դաշտ, հարթակ դառնալն է: Այն, որ մենք ԵԱՏՄ-ում ենք և Եվրոպա ենք մտնում, այն, որ ԱՄՆ-ը մեզնից չի հեռանում, այն, որ մենք բազմաթիվ երկրներում ունենք լավ համայնքներ, դա է նշանակում»:
Ա. Մանասյանի խոսքով՝ ավելի կարևոր է ոչ այնքան այն, որ Հայաստանը կարող է դառնալ տնտեսական խաչմերուկ, այլ այն, որ նա կարող է դառնալ քաղաքակրթությունների խաչմերուկ, որի հիմքերը, ըստ քաղաքագետի, կան: