«Առաջնորդը պետք է իր շուրջ առաջնորդներ ստեղծի, ոչ թե հետևորդներ». Վիգեն Սարգսյանի հաջողության բանաձևը

«Ես հավատում եմ նրան, որ հասարակությունն առաջ մղող ուժը հաղորդակցությունն է, իսկ հաղորդակցությունը այսպիսի շփումներն են»,- երեկ «Այբ» կրթական կենտրոնում «Հաջողության բանաձևը» նախագծի շրջանակներում «Առաջնորդությունը հանրային հատվածում» թեմայով դասախոսության ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Հանրային առաջնորդի օրակարգ որոշողը

Նա ընդգծեց, որ կարևոր է հասկանալ հանրային և այլ տեսակի առաջնորդության տարբերությունը. «Ցանկացած առաջնորդ առաջնորդ է, եթե ունի մարդիկ, որոնք կիսում են իր տեսլականը, խնդիրները և պատրաստ են դրանց համար աշխատել: Ընտրություններից հետո քո հանրությունը դառնում են բոլորը՝ ովքեր քեզ ձայն են տվել, և ովքեր չեն տվել: Ցանկացած այլ առաջնորդության մեջ, այնուամենայնիվ, կա խումբ, որոնց հետ աշխատում ես, և խոսքը միայն թիմի մասին չէ: Եթե լրատվամիջոցի աջանորդ ես, աշխատում ես քո լսարանի, ընթերցողի համար: Հանրային առաջնորդի դեպքում այդպես չէ: Երբ ընտրություններից հետո զարթնում ես, քո օրակարգը որոշում ես ոչ միայն դու, այլև հանրությունը և հատկապես այն հատվածը, որը քեզ քվե չի տվել, որովհետև հենց իրենց դու ավելի շատ ունես ապացուցելու խնդիր: Հանրային իշխանության արդյունավետության հիմնական բաղադրիչը հանրության շահերի հավասարակշռված գնահատումն է»:

Հանրային առաջնորդի օրակարգը պարտադիր է կատարման համար

Վ. Սարգսյանի խոսքով, որպես հանրային առաջնորդ, քո օրակարգը պարտադիր է կատարման համար, որովհետև դու ընդունում ես որոշումներ, օրենքներ, և նույնիսկ քեզ ձայն չտված հասարակությունն սկսում է ապրել այդ օրենքներով և կարգավորումներով. «Այդպիսի որոշումների նախապատրաստման և կայացման մեջ առանցքային նշանակություն ունի հետադարձ կապը, որովհետև այն ամենը, ինչ դու իրականցնում ես, ինքնանպատակ չէ: Այն, ինչ փորձում ես կյանքի կոչել, գոնե քո համոզմամբ պետք է ծառայի ընդհանուր բարեկեցությանն ու առաջընթացին: Գուցե դա սուբյեկտիվ լինի, գուցե քո ընկալումը լինի անհամապատասխան հասարկության ընկալմանը, բայց դա պետք է լինի քո համոզմունքը»:

Ո՞րն է հանրային առաջնորդի հետադարձ կապը

Նախարարն ընդգծեց, որ եթե առաջնորդության մեջ դու ունես հանրության լայն շրջանակները, որոնց հետ աշխատում ես, դու պարտավոր ես ձևավորել արդյունավետ մեխանիզմ, որպեսզի քո տեսլականը հիմնվի հանրային պատկերացման վրա. «Բայց միշտ չէ, որ հանրային պատկերացումը պետք է ուղղորդի առաջնորդին, շատ դեպքերում առաջնորդը կարող է և պետք է ունենա տեսլական, որն առաջ է ընկնում հանրության ակնկալիքից: 21-րդ դարի յուրահատկությունը հաշվի առնելով՝ պետք է հասկանալ, թե որն է առաջնորդի հետադարձ կապը: Առաջինն ընտրություններն են և հաջորդ ընտրություններում քո ստացած քվեն: Երկրորդ՝ ավելի կարճ ու արդյունավետ ճանապարհը հետադարձ կապն է՝ այսօրվա բոլոր գործիքներն օգտագործելով՝ մամուլ, սոցցանցեր, սոցիոլոգիական հարցումներ»:

Տեղեկատվական դաշտը՝ մեծ, չֆիլտրված հոսք

Պաշտպանության նախարարի դիտարկմամբ՝ տեղեկատվական հեղափոխության ֆոնի վրա, որն, ըստ նրա, արդեն տեղի է ունեցել, սոցիալական ֆիլտրերի բացակայություն կա. «Տեղեկատվական հեղափոխությունը, իմ կարծիքով, տեղի ունեցավ այն ժամանակ, երբ հասարակության ամեն բաղադրիչ հանրային տեղեկատվության սպառողից դարձավ հանրային տեղեկատվություն մատակարարող: Ամեն մարդ իր համակարգչի դիմաց նստած դարձավ հանրային տեղեկատվության մատակարարող: Հանրային ոլորտի առաջնորդի համար ամբողջովին փոխվեց տեղեկատվական հոսքի մեխանիզմը: Մենք ունենք իրականություն, երբ տեղեկատվական դաշտը մեծ, չֆիլտրված հոսք է: Ես հիմա չեմ խոսում բացասական հոսքի մասին, ավելի վտանգավոր բան կա. այդ հոսքի մեջ դրականն ու կառուցողականը, որ պետք է քեզ օգնի որոշումներ կայացնել, չի զտվում բացասականից: Հետևաբար,  հանրային առաջնորդության մեջ երեք հիմնական բաղադրիչ կա՝ առաջին՝ գիտակցում, որ դու ունես հանրություն, որին պատասխանատու ես, երկրորդ՝ քո կայացրած որոշումը պարտադիր է իրականացման համար, երրորդ՝ հետադարձ կապի մեխանիզմներ՝ հասկանալու համար քո գործողություններն արդյունավե՞տ են, թե՞ ոչ»:

Վ. Սարգսյանը նշեց, որ առաջնորդի հմտություններն էլ են երեքը՝ տեսլական, հսկայական աշխատունակություն, հսկայական համբերություն. «Տեսլականը պետք է շատ արագ դառնա լուծման խնդիր, պետք է լինի հստակ և հասկանալի: Միայն այս երեքի համադրման դեպքում քո տեսլականը կարող է դառնալ իրական կյանքի վրա ազդող փոփոխություն: Առաջնորդության մեջ ամենակարևորը հասկանալն է, որ առաջնորդությունն աշխատանք չէ, չկա աշխատանքային ժամ, երբ դու առաջնորդ ես, իսկ հետո կարող ես զբաղվել քո սիրելի գործով: Եթե ինքդ, նայելով հայելու մեջ, չես հավատում, որ քո ասածը բխում է քո մտքից, իսկ քո գործը բխելու է քո ասածից, դու չես կարող առաջնորդ լինել»:

Վիգեն Սարգսյանի մենթորները

Ներկաներից մեկը նախարարից հետաքրքրվեց՝ ունեցե՞լ եք մենթոր, և ինչպե՞ս է նա ազդել Ձեր մտահորիզոնի վրա: Ի պատասխան՝ նախարարն ասաց.

«Ես իրականում համարում եմ, որ շատ հաջողակ եմ եղել կյանքում՝ ինձ ընձեռնված հնարավորությունների առումով: Այնպես ստացվեց, որ դպրոցն ավարտելու ընթացում ընդունվեցի Լենինգրադի քաղաքագիտական համալսարանի նախապատրաստական ֆակուլտետ, մենք դժվար ճանապարհ անցանք մեր դասախոսների հետ, որովհետև նրանք սովոր էին, որ իրենց ուսանողներն առնվազն ռայկոմի քարտուղարներ էին, իսկ մենք 10-րդ դասարանցիներ էինք: Նրանց մեջ կար հետաքրքիր մի մարդ Յուրի Վինագրադը, որն ամբողջ 5 տարի ուղեկցեց մեզ, բազմաթիվ հմտություններ փոխանցնեց՝ սովորելու, փոխհարաբերություններ կառուցելու, ճանապարհ հարթելու առումով:

Իմ մասնագիտական կայացման առումով շատ մեծ էր նաև իմ առաջին ղեկավարի դերակատարումը 1995 թվականին, երբ ես դարձա ԱԺ նախագահի օգնական, այդ ժամանակ ես 19 տարեկան էի, այդ ժամանակ ԱԺ նախագահը Բաբկեն Արաքցյանն էր, ես իրոք շատ բան սովորեցի իրենից: Հետո առիթ եմ ունեցել աշխատելու երկրի բազմաթիվ ղեկավարների հետ՝ Խոսրով Հարությունյան, Սերժ Սարգսյան, երբ պաշտպանության նախարար էր, Ռոբերտ Քոչարյան, հետո Սերժ Սարգսյանի հետ, երբ նախագահ էր: Դա հսկայական դպրոց էր ինձ համար՝ որպես առաջնորդի ձևավորման: Ցանկացած մարդու համար իր գործընկերները, ուսումնական շրջապատը մեծ նշանակություն ունեն»:

Հաջողությունը բոլորի համար միշտ կա

Վ. Սարգսյանը կարծում է՝ հաջողության բանաձևը երջանկության բանաձևն է. «Պետք է սիրես այն, ինչ անում ես, նվիրվես, կարևորություն տաս դրան և միշտ ներս թողնես հնարավորությունները: Մարդու կյանքը լի է հնարավորություններով, և եթե դու նկատում ես այդ հնարավորությունները, գնում ես դրանց ընդառաջ, դու հաջողում ես: Ես մեր պետության հիմնադրման պահից առիթ եմ ունեցել ծառայել իմ պետությանը: Մենք կարող ենք նեղանալ պետությունից, համարել, որ պետությունը բավարար չի վերադարձնում մեր ջանքերի դիմաց, բայց դա անիմաստ գործ է: Իրականում, իմ փորձով գիտեմ՝ ես բավականին հաջողված կայացած ընտանիքից էի, իմ գերդաստանում բոլորը բժիշկ էին, ենթադրվում էր, որ ես էլ պետք է բժիշկ դառնայի, իմ կայացման մեջ որևէ խնդիր չեմ ունեցել, բայց քաղաքական էլիտայի հետ կապեր չունեինք կամ նման մի բան, որ ինձ մղեր դեպի պետական սեկտորը»:

Նախարարը գտնում է՝ հաջողությունը բոլորի համար միշտ կա, դրա համար պետք է փորձել բոլոր բաց դռները, և անպայման կգտնես բոլոր ճանապարհները, որ տանում են հաջողության. «Առաջնորդը պետք է իր շուրջ առաջնորդներ ստեղծի, ոչ թե հետևորդներ: Եթե ստեղծում ես միայն հետևորդներ, դու ընդամենը լավ կառավարիչ ես, բայց ոչ առաջնորդ»:

Վիգեն Սարգսյանի երեք ցանկությունները

Վ. Սարգսյանից նաև հետաքրքրվեցին՝ եթե կախարդական փայտիկ ունենայիք, ի՞նչ կանեիք: Ի պատասխան՝ նա ասաց. «Կախարդական փայտիկ ունենայի, ամենաշատը կուզեի, որ իմաստություն գար աշխարհի ժողովրդին, խաղաղություն լիներ ամենուր, որ մարդիկ կարողանային առաջ շարժվել: Հիմա երբ նախարար եմ, նայում եմ, թե ինչքան ռեսուրս է ծախսվում զենք ու զինամթերքի վրա, որ մարդիկ կարողանան իրար ոչնչացնել, սարսափելի է: Երկրորդ կուզենայի, որ առհասարակ վերանար անգրագիտությունը, որը բազմաթիվ չարիքների հիմքն է: Աղքատությունը կվերանա այն ժամանակ, երբ վերանա անգրագիտությունը: Իսկ երրորդ՝ մեկ բաժակ սուրճ կուզեի, որովհետև առաջին երկուսից հետո միայն դա կպակասեր»:

Նախարարի համար իր այս մեկ տարվա պաշտոնավարման մեջ ամենամեծ ձեռքբերումը Մոնթե Մելքոնյան վարժարանի տեղափոխումն էր Դիլիջան. «Դա ճանապարհն է դեպի որակյալ սպայակազմի ձևավորում, որը շատ կարևոր է մեր երկրի համար: Տարիներ անց մենք դրա արդյունքն անպայման տեսնելու ենք»:

Հայրենասիրություն չի կարող լինել առանց Նարեկացու ընկալման

Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ է Վ. Սարգսյանի համար հայրենասիրությունը: Նա պատասխանեց, որ հայրենասիրությունն առաջին հերթին ազգային ինքնության լիարժեք գիտակցումն է. «Հայրենասիրությունը պահանջում է շատ խորը ինքնագիտակցում, ինքնաճանաչում: Մեր անկախության 20-րդ տարում նոր անդրադարձ կատարեցինք Նարեկացուն, ու, ընդ որում, պահանջվեց միջազգային հանրության դրդումը: Ես կարծում եմ, որ հայրենասիրություն չի կարող լինել առանց Նարեկացու ընկալման: Մենք, լինելով փոքր բնակչություն ունեցող ազգ, համաշխարհայի ժողովուրդ ենք, որովհետև աշխարհի բոլոր սրբազան վայրերում ունենք մեր նշանակալի մասնիկը: Մենք հայրենասեր ենք եղել նույնիսկ այն ժամանակ, երբ չենք ունեցել պետություն ու պետականություն»:

Բոլոր կանանց պարգևատրում եմ, բայց սիրում եմ միայն իմին

Նախարարից նաև հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս անել, որ աշխատանքը չխանգարի ընտանիքին, օրինակ, սեպտեմբերի 1-ին Դուք Ձեր երեխային շնորհավորելու փոխարեն՝ գնում եք Մոնթե Մելքոնյանի վարժարան , նույնը նաև կանանց տոնին՝ բանակի բոլոր կանանց պարգևատրում եք և այլն: Ի պատասխան՝ նախարարը կատակեց. «Բոլոր կանանց պարգևատրում եմ, բայց սիրում եմ միայն իմին: Շատ պարզ բան կա, աշխատանքը չի կարող խանգարել ընտանիքին, ընտանիքը կարող է խանագարել աշխատանքին»:

Պետք է միշտ պատրաստ լինես երկխոսության

Ներկաներից մեկը նաև հետաքրքրվեց, թե որպես առաջնորդ՝ Պաշտպանության նախարարն ի՞նչ բանաձև է օգտագործում՝ դժգոհությունները չեզոքացնելու համար: Ի պատասխան՝ նա ասաց, որ եթե դու անում ես ինչ-որ բան, որը քո տեսլականի մեջ հստակ տեղավորվում է, առաջին քայլն արդեն արված է: Նրա խոսքով՝ պետք է միշտ պատրաստ լինես երկխոսության:  Պատրաստ լինես բացատրելու, շատ անկեղծ լսելու.

«Իմ նշանակվելուց օրեր անց ժողովրդի կողմից կնքված «1000 դրամների» օրինագիծն առաջ քաշեցի: Ես շատ հպարտ եմ նրանով, ինչ ունենք մենք արդյունքում: Մենք որպես հասարակություն ձևավորեցինք մեր պատասխանն այն ընտանիքների ցավին, որոնք այսօր հարազատ են կորցրել, կամ իրենց հարազատը հաշմանդամություն է ստացել: Մենք միջազգային չափանիշին համապատասխան այդ ընտանիքներին օգնելու հնարավորություն են ձևավորել: Երբ ես այդ փոփոխությունն առաջարկում էի, գրեթե վստահ էի, որ դա շատ ակնհայտ բան է մեր հասարակության մեջ: Ես ունեի շատ քիչ ժամանակ, այլապես մենք 1.5 տարի հետ էինք ընկնելու: Դա դարձավ ասեկոսեների թեմա, թե՝ «մեր գրպանն են մտնում, տանելու են մեր փողերն ուտեն»: Ես շատ ուրախ եմ, որ նա Հայաստանի ամենաթափանցիկ հիմնադրամներից մեկն է, և օնլայն կարելի է հետևել, թե ինչքան գումար է հավաքվում և ծախսվում»:

Ամենասիրելի գիրքը

Պաշտպանոււթյան նախարարից նաև հարցրին, թե ո՞րն է նրան ամենասիրելի գիրքը: Նա պատասխանեց, որ սիմվոլիկ առումով իր ամենասիրած գրքերից մեկը «Չիպոլինոյի արկածներն» են, քանի որ կարծում է՝ դա ամենառաջին գրքերից մեկն է, որը նպաստում է քաղաքացու ձևավորմանը:

Իսկ այն հարցին, թե ո՞ր լրատվամիջոցներին է հետևում, նախարարը հումորով պատասխանեց. «Արծրուն Հովհաննիսյան կետ քոմ»: Հետո ավելացրեց, որ նախարարի մամուլի խոսնակն ամեն առավոտ իրեն է տալիս մամուլի հաղորդագրություններ՝ լրատվությանը հետևելու համար:

Վ. Սարգսյանի խոսքով՝ ժամանակն ու տեղը շատ կարևոր են առաջնորդի ձևավորման համար. «Ժամանակն ու պատմությունը, մեկ է՝ ծնում են իրենց  համարժեք հանրային պահանջ, իսկ դա ծնում է առաջնորդ»:

Տեսանյութեր

Լրահոս