Չիչխանի գինի, օղի, լիկյոր, յուղ, քացախ. հայկական «Սամելոն» ընկերությունում դեն չեն նետում նույնիսկ չիչխանի մզված կորիզները

Հոկտեմբերի 13-15-ն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում չիչխանից պատրաստված տարբեր արտադրատեսակներով էր ներկայանում «Սամելոն» ընկերությունը։ Ընկերության գլխավոր տնօրեն Սամվել Մադոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց ընկերությունը հիմնադրվել է 2000թ., զբաղվում է չիչխանի վերամշակմամբ և չիչխանից ստանում տարբեր օգտակար արտադրակեսակներ։

««Սամելոնն» իր գործունեությունը սկսել է 2000 թվականից՝ այդ ժամանակ փոքր փորձարարական աշխատանքներով, իսկ 2005 թվականից սկսած՝ արդեն ուսումնասիրել ենք չիչխանի առողջարար հատկությունները։ Սկզբից փորձեցինք չիչխանի յուղ ստանալ, բայց այդ ժամանակ մեծ քանակությամբ հյութի պաշար էր փչանում, և բացի յուղից՝ որոշեցինք նաև չիչխանի հյութ ստանալ, որը հետո մշակեցինք, ստացանք թանձրուկը»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ չիչխանի հյութի վրա ավելացնում ենք բնական մեղր, նրա մոտ առաջանում է հարուստ թթվի ռեակցիա, որից առաջանում է մոնոսախարիդ, որը շատ օգտակար հատկություն ունի։

«Դրանից սկսեցինք պատրաստել գինի։ Գինին շատ որակով ստացվեց, հետո գինուց թորեցինք օղի, որն անուշահամ, հաճելի թունդ խմիչք էր։ Օղուց հետո որոշեցինք լիկյոր պատրաստել, որի նմանը չկա։ Բացի լիկյորից՝ փորձարարական աշխատանքներով ստացանք քացախ, որն իր բուժիչ հատկություններով, համային լավ տվյալներով՝ բազմապատիկ գերազանցում է խնձորի քացախը։ Երբ յուղը ստանում ենք, կորիզը ինչքան էլ քամես, մեջը վիտամիններ մնում են, դա դառնում է շատ հարուստ անասնակեր։ Դա էլ տնային կենդանիների ու ձկների համար շատ սննդարար, օգտակար կեր է դառնում»,- ասաց «Սամելոն» ընկերության գլխավոր տնօրենը։

Սամվել Մադոյանն ասաց, որ ընկերության արտադրանքը չի արտահանվում, որովհետև արտահանման քանակություն դեռ չեն ապահովում. «Տեղական շուկայում պահանջարկը մեծ է, բայց չենք հասցնում մեծ քանակությամբ արտադրել, քանի որ հիմնականում փորձարարական աշխատանքներ են անում, իսկ դրան զուգահեռ՝ նաև որոշակի արտադրանք ապահովում։ Դրա համար որոշել ենք մեր արտադրատեսակները ցուցադրելով՝ ժողովրդին ծանոթացնել, թե ինչ արտադրատեսակներ կարելի է պատրաստել չիչխանից։ Հետո կսկսենք արտադրանքը մեծացնել։ Այս տարի մեծ բերքահավաք ենք անում։ Օգտագործում ենք Սևանի առափնյա տարածքի էկոլոգիապես մաքուր, որակյալ չիչխանը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս