««Գարեջրի ակադեմիան» առաջինն ու դեռևս միակն է Հայաստանում, որ արտադրում է բիոգարեջուր»
Հոկտեմբերի 13-15-ն անցկացվեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպած Armprodexpo 2017 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում իր բիոգարեջրի տեսականին էր ներկայացնում «Գարեջրի ակադեմիան» (Beer Academy)։
««Գարեջրի ակադեմիան» առաջինն ու դեռևս միակն է Հայաստանում, որ արտադրում է բիոգարեջուր։ Ունենք 6 տեսակի գարեջուր, սեփական արտադրության նրբերշիկներ՝ տեղական մսից, չիփսերի մեծ տեսականի, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Գարեջրի ակադեմիայի» վաճառքի խորհրդատու Վահագն Հարությունյանը։
Նրա խոսքով՝ առաջարկվող 6 տեսակի գարեջուրը համադրելի է տարբեր ուտելիքների հետ, օրինակ՝ բաց գույնի գարեջուրը համադրելի է չիփսերի հետ. «Ունենք երկու տեսակի ցորենի գարեջուր՝ ամառային և ձմեռային։ Ամառայինը թեթև խմվող, զովացուցիչ գարեջուր է համարվում՝ 4.3% ալկոհոլով, խտությունը՝ 12։ Իսկ ձմեռայինի և՛ խտությունն է կրկնակի, և՛ ալկոհոլը։ Ունենք 2 տեսակի մուգ գարեջուր, որից մեկը տաք վիճակում է մատուցվում։ Մեջն ավելանում է դարչին, մեղր և դոշաբ»։
Վ. Հարությունյանի խոսքով՝ գարեջրի արտադրության մեջ օգտագործվող գարին աճեցվում է Ավստրիայում՝ բիոհողի վրա, և ներմուծվում է Հայաստան. «Աճեցվում է Ավստրիայում, որովհետև գարին հարթավայրում է ավելի լավ աճում, իսկ մենք լեռնային պայմաններում ենք։ Տեխնոլոգիան գերմանական է։ Իսկ գարեջրի արտադրությունն արդեն տեղի է ունենում Հայաստանում։ Արտադրության մասով սկզբում կասկածներ կային, որ միգուցե ջուրը չհամապատասխանի և լինի ֆիլտրացիայի կարիք, բայց ջուրն ուղարկվել է հատուկ ստուգումների, և պարզվեց, որ այն ֆիլտրացիայի կարիք չունի։ Օգտագործվում է Զեյթունի ջուրը, գործարանն էլ գտնվում է Զեյթունում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում