«Այսպես կաթիլ առ կաթիլ է պետք աշխատել, որ ծով դառնանք»
Երևանում և Ծաղկաձորում օրերս անցկացվեց Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը, որին մասնակցում էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած գրողներ, թարգմանիչներ, գրականագետներ: Համաժողովի կարևորության, թարգմանվող գրականության չափանիշների և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց գրականագետ, թարգմանիչ, գրող Ալեքսանդր Թոփչյանի հետ:
«Առաջին իսկ համաժողովից մասնակցում եմ այդ միջոցառումներին: Թող անհամեստ չհնչի, բայց Հայաստանում հայագիր և օտարագիր գրողներին անդրադարձող համաժողովներ կազմակերպելը նաև իմ նախաձեռնությունն է եղել: Այդ մասին բազմիցս խոսել ենք ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հետ ու եկել այն եզրակացության, որ դրանք ոչ միայն մշակութային, այլև քաղաքական նշանակություն ունեն: Համաժողովները նոր գաղափարներ են ծնում, ճանաչելի են դարձնում Հայաստանում և Սփյուռքում ստեղծագործող գրողների գործերը: Համաժողովներին հայապահպանությանը վերաբերող հարցեր են քննարկվում»,-շեշտեց գրականագետը:
Նա հավելեց, որ Սփյուռքում տարբեր լեզուներով ստեղծագործողներ կան, որոնք այդ երկրներում նկատելի հաջողությունների են հասել, պատվավոր մրցանակների արժանացել և կարող են հայոց հարցը ներկայացնել, մեր դեսպանները դառնալ օտար երկրներում: «Բնավ պարտադիր չէ, որ այդ գրողները Հայոց ցեղասպանության մասին գրեն: Իրենց լավ գրքերով կարող են հայերի շուրջ բարենպաստ մթնոլորտ ստեղծել»,-ասաց Թոփչյանը:
Խոսելով համաժողովի հաջողություններից` գրականագետն ասաց, որ դրանցից հետո գրողների ստեղծագործությունները սկսեցին ավելի հաճախ թարգմանվել ու տպագրվել Ամերիկայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և այլ երկրներում: Այդ ստեղծագործողներն իրենց կապերը, հնարավորություններն օգտագործում են ի շահ հայրենիքի:
«Բելգիայում ապրող գրող Ժան Բատիստ Բարոնյանը, որի գրքերից չորսը ես եմ թարգմանել հայերեն, նշանավոր ծանոթներ ունի Բելգիայի խորհրդարանում, նախարարների շրջանում և ամեն անգամ առիթը չի կորցնում ի նպաստ Հայաստանի որևէ քայլ անել: Այսպես կաթիլ առ կաթիլ է պետք աշխատել, որ ծով դառնանք: Ամերիկայում նույնպես կան օտարագիր հայ գրողներ` Պիտեր Բալաքյանը, որը Պուլիցերյան մրցանակի դափնեկիր է. նա էլ այնտեղ է լուրջ աշխատանքներ տանում, քիչ չեն նման գրողները նաև Ֆրանսիայում: Պետք է ավելի խորացնել, ընդարձակել գրողների կապերն ու գործունեության շրջանակը»,-նշեց նա:
Ալեքսանդր Թոփչյանը շեշտեց, որ հայաստանաբնակ և հայագիր գրողների գործերը նույնպես թարգմանվում են այլ լեզուներով, բայց դա տարերային բնույթ է կրում: Կազմակերպված աշխատանքը բացակայում է: Նրա խոսքով` եթե մարդն ունի կապեր, ծանոթներ, կարողանում է իր սեփական միջոցներով տպագրել իր գրքերը և թարգմանել: Սակայն հարց է, թե ի՞նչ որակի են դրանք, արդյոք վաճառվու՞մ են այլ երկրներում, պահանջարկ ունե՞ն:
«Թարգմանում, նվիրում ենք, և վերջ: Անհրաժեշտ է թարգմանել այն գրքերը, որոնք հետաքրքրում են եվրոպական, ամերիկյան հեղինակավոր հրատարակչություններին: Նրանք կարող են կազմակերպված աշխատանք իրականացնել և բարձրակարգ ձևով թարգմանել մեր արդի և դասական գրականության ներկայացուցիչների գրքերը: Ես այստեղի թարգմանիչների լեզվի իմացության վրա բնավ չեմ կասկածում, սակայն մի բան է, երբ գրական գործընթացում ես, այլ բան է, որ լավ լեզու գիտես: Պետք է հասկանալ գրական ստեղծագործության գեղագիտությունը»,- ընդգծեց նա:
Թոփչյանը խոսեց նաև հայերեն թարգմանվող գրականության ընտրության մասին: «Ֆրանսերենից հայերեն 75 գիրք եմ թարգմանել, տպագրել: Ամեն անգամ գործը սկսելուց առաջ ինքս ինձ հարց եմ տալիս, թե որքանով է տվյալ ստեղծագործությունն այդ պահին անհրաժեշտ: Իսկ ընտրության չափանիշները տարբեր են: Մենք ունենք ազգային հարցեր: Կան վեպեր, որոնք արդիական են, նոր խոսք են ասում, և դրանք անպայման պետք է ժամանակին թարգմանել: Կարևոր է նաև բարեկամության խնդիրը: Վահե Գոդելը հիանալի բանաստեղծ է, որը հայ բանաստեղծության հատորներ է թարգմանել, և մենք պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հիշել նրան և ներկայացնել: Մի խոսքով, չափանիշներն ու խթանները տարբեր են, սակայն պետք է անել մի գործ` համոզված, որ եթե հեղաշրջում չես անում, գոնե մի քար ես դնում քո մշակույթի պատին»,-եզրափակեց Թոփչյանը: