Հիշողության 12 գաղտնիքներ օտար լեզուների բառերը միանգամից հիշելու համար
Անգլերեն լեզու մենք սովորում ենք մեր ողջ կյանքում, բայց միևնույն է, հաճախ օտարերկրացուն չենք կարողանում գրագետ պատասխանել, կամ տանջվում ենք այս կամ այն բառը հիշելու համար: Գերմանացի հոգեբան Գերման Էբբինհաուզն առաջարկում է հիշելու ունիվերսալ բանաձև:
Ինչո՞ւ ենք մենք 1 ժամից մոռանում ստացած 100% ինֆորմացիայի 44%-ը: Ուղեղը մեզ պաշտպանում է գերծանրաբեռնվածությունից և շարունակ ազատվում է ոչ պիտանի ինֆորմացիայից: Հենց այդ պատճառով էլ բոլոր նոր բառերը, որ մենք սովորում ենք, սկզբում ընկնում են ոչ թե երկարաժամկետ, այլ կարճաժամկետ հիշողության մեջ: Եթե դրանք չես կրկնում ու չես օգտագործում, արագ մոռացվում են:
Էբբինհաուզի «մոռացման կորը» ցույց է տալիս, որ սովորելուց արդեն մեկ ժամ անց մենք մոռանում ենք ինֆորմացիայի կեսից ավելին, իսկ մի շաբաթ անց հիշում սոսկ 20%-ը:
Ինչպե՞ս հիշել ամբողջը:
Արագ հիշելու համար 1-ին անգամ սովորածը պետք է կրկնել անմիջապես սովորելուց հետո, 2-րդ անգամ՝ 15-20 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 6-8 ժամ հետո, իսկ 4-րդ անգամ՝ 24 ժամ հետո: Երկար ժամանակով հիշելու համար սովորածը 1-ին անգամ պետք է կրկնել անմիջապես, 2-րդ անգամ՝ 20-30 րոպե հետո, 3-րդ անգամ՝ 1 օր հետո, 4-րդ անգամ՝ 2-3 շաբաթ հետո, իսկ 5-րդ անգամ՝ 2-3 ամիս անց: Որպեսզի նոր բառերը գլխից չթռչեն, պետք է աշխատել դրանք տեղակայել երկարաժամկետ հիշողության մեջ: Անգիր անելն այս պարագայում արդյունավետ չէ, քանի որ ուղեղը չի հասցնում արագ իմաստավորել ինֆորմացիան և ամուր ասոցիատիվ կապեր գտնել: Երկար հիշելու համար այդ գործընթացն ավելի լավ է ձգել մի քանի օր և անգամ շաբաթ: Ընդ որում, այդ ընթացքում պարտադիր չէ անընդհատ կրկնել այդ բառերը:
Ձեր դատին ենք ներկայացնում նոր բառեր հիշելու ևս 12 գաղտնիք…
1. Սովորեք գիտակցված, քանի որ իմաստավորված նյութը 9 անգամ ավելի հեշտ է հիշվում:
2. Գրեք այն բառերի ցանկը, որը պետք է զրույցի բռնվելու համար: Սովորաբար դրանք շուրջ 300-400 բառեր են: Հիշեք դրանք առաջին հերթին:
3. Նկատի ունեցեք, որ ամենալավը հիշվում են ցուցակի սկզբում և վերջում եղած բառերը:
4. Ձեր ուշադրությունը մի թեմայից մյուսին բևեռեք: Իմացեք, որ նման հիշողությունները խառնվում են և վերածվում շիլաշփոթի:
5. Սովորեք հակադիր բառեր: Օրինակ, եթե սովորում եք day-ը, ապա սովորեք նաև night-ը: Հականիշներն ավելի արագ ու հեշտ են հիշվում:
6. Սովորելիք բառերն իմաստային առումով կապեք որևէ կոնկրետ վայրի հետ: Օրինակ, սենյակում քայլելիս նոր բառերը ասոցիացրեք ինտերիերի առանձին դետալների հետ: Մի քանի անգամ կրկնեք ու լքեք տարածքը: Հաջորդիվ ձեր հիշողության մեջ վերականգնեք սենյակի տեսքը, և դրա հետ միասին, որպես հուշումներ, սովորած բառերը:
7. Օգտագործեք մեխ բառերի հնարքը: Մեթոդի էությունը սովորելիք բառերն արդեն սովորածների հետ կապելն է: Այսպես, եթե դուք մտածում եք այդ մեխ բառի մասին, ինքնաբերաբար կարող եք հիշել նաև մյուս բառը:
8. Նոր բառերն ասոցիացրեք ձեզ արդեն հայտնիների հետ: Օրինակ heel – գարշապար բառը կարելի է սովորել՝ հիշելով Աքիլեսին և նրա աքիլեսյան գարշապարը:
9. Պատմություններ հորինեք: Եթե ձեզ անհրաժեշտ է բառերը հիշել որոշակի կարգով, փորձեք դրանցով նույն հերթականությամբ պատմություն հորինել: Կարևոր է, որ բոլոր բառերը սյուժեով միմյանց հետ կապված լինեն:
10. Ձայնագրիչից օգտվեք: Բառերն արտաբերելիս ձայնագրեք, ապա լսեք ձայնագրվածը մի քանի անգամ: Այս մեթոդը հատկապես հարմար է նրանց համար, ովքեր լավ զարգացած լսողական հիշողություն ունեն:
11. Կենդանացրեք և տեսողական պատկերներ տվեք հիշվելիք նյութին: Օգտագործեք դիմախաղը, երբ սովորում եք էմոցիաներ արտահայտող բառեր, շարժվեք, երբ սպորտային թեմատիկային վերաբերող բառեր պետք է հիշեք: Այսպիսով դուք գործի կդնեք նաև մկանային հիշողությունը:
12. Լեզուն մի սովորեք բառարանով և դպրոցական դասագրքերով: Եթե սիրում եք, ասենք, «Գահերի խաղը» սերիալը, փորձեք բառեր սովորել՝ ըստ այդ սերիալի, այսինքն՝ բառեր, որոնք գործածվում են դրա մեջ: Այդպես ավելի հետաքրքիր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը