«Սարգսյանը հասկացավ Ալիևի հայտարարության նպատակները»

«Ադրբեջանական կողմը փորձում է տապալել առաջիկայում սպասվող նախագահական հանդիպումը կամ խուսափել դրանից»,- 168̣am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, սպասվող նախագահական հանդիպմանը և շփման գծում ստեղծված լարվածությանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վերականգնվել է առանց որևէ նախապայմանի:

Ալիևը Հայաստանին մեղադրել էր բանակցային գործընթացը ձախողելու փորձերի մեջ` նշելով, թե Երևանը տարբեր նախապայմաններ էր առաջ քաշում, որպեսզի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները չվերականգնվեն:

«Միայն թե ես միանգամից հայտարարել էի, որ նախապայմաններից ոչ մեկը չի բավարարվի: Նման քայլը Հայաստանին հիմար վիճակի մեջ է դրել, և Հայաստանը հիմա ստիպված է հրաժարվել այդ քաղաքականությունից»,- ասել էր Իլհամ Ալիևը` հավելելով, թե Հայաստանը հերթական անգամ խայտառակվեց միջազգային հանրության առաջ:

Կարդացեք նաև

«Բանակցային գործընթացի վերականգնումը շնորհ չէ Ադրբեջանին: Հայաստանի հիստերիկ հայտարարությունները և վախով լի դիմումներն այլ երկրներին բացահայտ ցույց են տալիս, որ նրանք ի վիճակի չեն դիմակայել մեզ մարտի ժամանակ: Շփման գծում իրավիճակը ցույց է տալիս, որ մեր վերահսկողության տակ են լավագույն դիրքերը: Իհարկե, Հայաստանը պետք է շահագրգռված լինի բանակցային գործընթացը վերականգնելու հարցում»,- ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նաև ընդգծել էր, որ միջնորդները նույնպես ձգտում են վերականգնել բանակցային գործընթացը: Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած այցից հետո հայտարարություն էին տարածել` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ բանակցել են նրանց հնարավոր հանդիպման մանրամասների շուրջ: Նշենք նաև, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ադրբեջանի նախագահի այս բացահայտումներին:

Նա նշել է, որ բանակցությունների գնալու հայկական կողմի համաձայնությունը որևէ կերպ չի նշանակում դիրքորոշման փոփոխություն ԼՂ կարգավորման հարցում կամ հետքայլ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների պայմանավորվածությունների կատարման հրամայականից: Ըստ ՀՀ նախագահի մամլո խոսնակի, եթե միջազգային այդ պայմանավորվածությունների կատարումն է Ադրբեջանը համարում մեր կողմից առաջ քաշված նախապայման, ապա բոլորը գիտեն, թե ինչ են այս կապակցությամբ բազմիցս հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և նրանք վստահաբար դեռ ասելիք ունեն: Սրան զուգահեռ՝ որոշակիորեն սրվել է իրավիճակը սահմանին: ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.):

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ դժվար է խոսել ընդհանրապես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Սարգսյան-Ալիև հանդիպման օրակարգի մասին, քանի որ այն բավականին նեղ է, և դժվար է պատկերացնել բովանդակային բանակցություններ, ինչի մասին խոսում է Ադրբեջանի նախագահը: Ըստ նրա, այստեղ մեկ այլ նրբություն կա:

Սկակովի կարծիքով, խոսելով բովանդակային բանակցությունների մասին, Ալիևն ակնարկում է, ինչը և հայկական կողմը հասկացել է և պատասխանել, որ օրակարգում չեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները, որոնք ի սկզբանե ադրբեջանական կողմը մերժում էր և համարում ոչ այնքան կարևոր, և քանի որ համանախագահներն այսօր այդ համաձայնագրերի մասին քիչ են խոսում, Ալիևը դրանք փորձում է դիտարկել օրակարգից դուրս, իբրև թե սկսելով բովանդակային բանակցություններ:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ այդ պայմանավորվածություններն իսկապես օրակարգից դուրս են եկել, քանի որ միջնորդներն էական ջանքեր, ճնշումներ չեն բանեցնում դրանք կողմերին պարտադրելու նպատակով:

«Միջնորդների համար ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իր ներկայիս սահմանային իրավիճակի արդյունքում երկրորդական տեղում է հայտնվել, կարծես բոլորին գոհացնում է ներկայիս հարաբերական խաղաղությունը: Իսկ գերտերությունների ուշադրության առաջին պլանում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Սիրիան, քրդական հարցը, Հյուսիսային Կորեան, ամերիկաիրանական հարաբերությունները, ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Ղարաբաղը մնում է այս ամենի ստվերում, սակայն, եթե այնտեղ կրկնվի ապրիլյան սցենարը, համանախագահ երկրները կանհանգստանան՝ սկսելով որոշ ազդեցիկ քայլեր նախաձեռնել, գուցեև պարտադրելով իրագործել վերջին երկու գագաթաժողովների պայմանավորվածությունները: Ակնհայտ է, որ այդ երկու գագաթաժողովների համաձայնությունները չեն քննարկվի առաջիկա հանդիպմանը: Իմ համոզմամբ, կքննարկվեն այն հարցերը, որոնց մենք տեղյակ ենք, որևէ բան չի փոխվել, և այդ քննարկումից էլ որևէ արդյունք ակնկալելն անմտություն կլիներ: Բայց այս հանդիպումն անհրաժեշտ է միջնորդներին՝ խաղաղ գործընթացի շարունակականության համար»,- նման տեսակետ հայտնեց Սկակովը:

Նա չի բացառում նաև, որ նման հայտարարություն է հնչում ապագա հանդիպումը տապալելու նպատակով, քանի որ այս ուղղությամբ որևէ առաջընթաց Ադրբեջանի նախագահի ծրագրերում չէ: Ըստ նրա, հայկական կողմը, ի դեմս ՀՀ նախագահի, կարողացավ ճիշտ հասկանալ այդ հայտարարության նպատակները՝ համապատասխան հայտարարություն տարածելով: Ռուս վերլուծաբանը նաև հստակեցրեց, որ ներկայումս ստատուս-քվոն ձեռնտու է նաև հայկական կողմին:

Տեսանյութեր

Լրահոս