«Պլանավորում ենք օպտիմալացնել և արդիականացնել քրեակատարողական հիմնարկների համակարգը». Փոխնախարար
«Շատ կարևոր ռազմավարական փաստաթղթի մասին ենք խոսում»,- այսօր այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը՝ «Ի՞նչ բարեփոխումներ կբերի քրեակատարողական համակարգում 2018-2038 թթ. ռազմավարության ծրագիրը» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ քրեակատարողական համակարգում կան խնդիրներ, որոնք առաջացել են տարիների ընթացքում և, բացի քաղաքական կամքից՝ պահանջում են նաև լուրջ ֆինանսական միջոցներ:
«Ամենամեծ և առանցքային փոփոխությունը կայանում է նրանում, որ մենք այստեղ չենք ֆիքսվում այն խնդիրների վրա, որոնք կարճաժամկետ են ու գլոբալ բարեփոխումներից չեն բխում: Քրեակատարողական համակարգը քրեական պատիժների իրականացման համակարգ է: Այս համակարգը բարեփոխելուց մենք որպես հիմք պետք է ընդունենք պատժի իրականացումը: Պատժիներն ունեն հստակ նպատակներ: Ըստ այդմ՝ այս ամբողջ ռազմավարությունը կառուցված է պատժի նպատակների վրա: Մենք մի սկզբունք ենք ամրագրել՝ քրեակատարողական համակարգը պետք է հստակ ամրագրի պատժի նպատակների իրականացումը, և ռազմավարությունը բաժանվել է համապատասխան գլուխների: Առաջինն օրենսդրությունն է, որը պետք է համապատասխանի միջազգային լավագույն պրակտիկային, հաշվի ենք առնում հասարակական դաշտի մեր գործընկերների, Մարդու իրավունքների պաշտպանի, Խոշտանգումների դեմ կոմիտեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ամրագրված այն բոլոր խնդիրները, որոնք ունենք և այստեղ փորձելու ենք լուծումներն ամրագրել»,- նշեց փոխնախարարը:
Նա նկատեց, որ ունենք քրեակատարողական հիմնարկների համակարգ, որը պլանավորում են օպտիմալացնել և արդիականացնել. «Ոչ օպտիմալ կառույցների օպտիմալացում, անհրաժեշտության դեպքում՝ փակում, նոր կառույցների ձևավորում: Մենք պետք է ունենանք օպտիմալ համակարգ, որտեղ տնտեսվարումը պետք է լինի օպտիմալ՝ նվազագույն անհրաժեշտ ծախսերով, որպեսզի պատժի նպատակներն իրականացվեն: Մենք ունենք նախորդ դարում ստեղծված քրեակատարողական հիմնարկներ, որոնց պայմանները, մեղմ ասած, շատ դժվար է օպտիմալ տարբերակի բերել, դրա համար նախատեսվում է թե՛ գործող կառույցների վերակառուցում, թե՛ նորերի կառուցման ապահովում: Գիտեք՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն արդեն 1200 անձի պահման պայմանների խնդիր լուծել է, դա մեր կարիքների շուրջ 25-30 տոկոսն է, կարիք կունենանք ևս 2-3 նման մեծ հիմնարկներ ստեղծելու: Մենք ունենք շենքային վատ պայմաններ ունեցող հիմնարկներ, որոնցում, չնայած վերանորոգում ենք անում, բայց տարիների ընթացքում պլանավորում ենք դրանց փոխարեն նորերն ունենալ»:
Ս. Քրմոյանի խոսքով՝ վերասոցիալականացման կոմպոնենտը շատ կարևոր է, որպեսզի կանխենք կրկնահանցագործությունը և անձին պատրաստենք համապատասխան միջավայրում ապրելու համար. «Չէ՞ որ մենք դատապարտյալին միայն պատժելու և սոցիալական արդարությունը վերականգնելու համար չենք տեղափոխում քրեակատարողական հիմնարկ: Մենք պետք է այնպես անենք, որ այդ անձը, վերադառնալով հասարակություն, վտանգ չներկայացնի ու որպես հասարակության լիարժեք անդամ՝ այնտեղ գտնվի»:
Փոխնախարարն ասաց, որ հատուկ ուշադրություն է դարձվում խոցելի խմբերին՝ անչափահասներին, կանանց և հաշմանդամներին. «Կարևոր բաղադրիչներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է քրեակատարողական հիմնարկներում՝ թե՛ կանխարգելիչ, թե՛ համապատասխան իրավապահ գործողություններ են նախատեսված»:
Ս. Քրմոյանի դիտարկմամբ՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների զարգացման փուլում հնարավորություն կա խնդիրները լուծել՝ հենց էլեկտրոնային ծառայությունները ներմուծելով. «Օրինակ, մենք խոսում ենք, որ քրեակատարողական ծառայողների թիվը բավարար չէ, բայց ներկայումս դիտարկում ենք նաև նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ օպտիմալացնել քրեակատարողական ծառայողների աշխատանքները: էլեկտրոնային քրեակատարողական համակարգ ծրագիր ենք ներդրել, որպեսզի ռիսկերը բացառենք, բոլոր գործառույթները պետք է իրականացվեն էլեկտրոնային եղանակով՝ դատապարտյալի գործի վարումը, տույժի վարումը, դիմումների ներկայացումը, և այլն: Արդեն նախնական մշակվել է էլեկտրոնային քրեակատարողական համակարգը, որը փորձարկման փուլում է»: