«Հայաստանը պետք է կես էջանոց նախագիծ դնի սեղանին». Մանոյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

ՀՅԴ Հայ դատի հայաստանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Հայ-թուրքական հարաբերություններն արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ հակադարձեց քաղաքագետ Գևորգ Մելիքյանի այն դիտարկմանը, թե  հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է մտնել 2018թ. որպես վարչապետ, ով չի ունենա պաշտոնավարման նախորդ շրջանից ունեցած բեռը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով։

Մանոյանը մասնավորապես ասաց, որ նախագահն արտաքին հարաբերություններում հետապնդում է ուրիշ խնդիր՝ միջազգային հանրությանը Հայաստանը ներկայացնել՝ որպես վստահելի գործընկեր.

«Այս զգուշացումն էլ նաև ուղղված էր միջնորդ և հովանավոր պետություններին՝ ասելու, որ ժամանակ ենք տալիս, որ վերջին պահին չասեք, թե Հայաստանն իր կեցվածքը փոխեց»։ Մանոյանն առհասարակ այն կարծիքին է, որ Հայաստանը պետք է կես էջանոց նախագիծ դնի սեղանին ու այլևս ժամանակ չվատնի Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վրա.

«Այդ նախագիծը պետք է ասի՝ երկու պետությունները որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, որոշել են ճանապարհները բացել, ոչ թե սահմանը, և տնտեսական հարաբերություններ խորացնել։ Եվ երրորդ՝ Հայաստանը և Թուրքիան որոշել են իրենց միջև առկա բոլոր խնդիրները կարգավորել՝ միջազգային իրավունքի և պրակտիկայի համաձայն։ Սա կլինի իսկապես առանց նախապայմանների հարաբերություններ սկսել, և սրանից ավելի ժամանակ վատնել Թուրքիայի հետ ինչ-որ բան անելու չարժե»։

Կարդացեք նաև

Նրա դիտարկմամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն առավելագույնից ավելին է, որ Հայաստանը կարող է տալ Թուրքիային։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանն էլ պնդեց՝ Սերժ Սարգսյանն այս հարցը դուրս է բերում օրակարգից, որպեսզի 2018թ. որպես վարչապետ Սարգսյան՝ նա չունենա նախագահ Սարգսյանի՝ հայ թուրքական բեռը, որն իր վրա ծանրացավ պաշտոնավարման սկզբում.

«Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, որ դրանք ուղղված են նաև արտաքին լսարանին, ապա այո, այդպես էլ կա, բայց 2010թ. արդեն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դրանք առկախված են, ինչն արդեն ազդակ էր արտաքին աշխարհին։ 2015թ. Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս արձանագրությունները պետք է հետ կանչվեն, սա արդեն արտաքին աշխարհին ուղղված մի բան էր։ Հայաստանում այս թեմայի շուրջ կենտրոնացումը չափազանց հայկական է, քանի որ անգամ Թուրքիայում ու արտաքին աշխարհում 2009թ. հետո դրանց մասին գրեթե չէին խոսում։ 2019թ. եթե Էրդողանն ընտրվի, նա փորձելու է վերականգնել հարաբերությունները, բայց դրանք Ցյուրիխյան արձանագրությունները չեն լինի, և կարող է նոր գործընթաց սկսվել»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն այն կարծիքին է, որ պետք է հրաժարվել հայ-թուրքական արձանագրություններից՝ նշելով, որ, թեև դրանց կողմնակիցն էր, բայց դրանք արդյունք չունեցան.

«Ես շատ եմ մասնակցում տարբեր կոնֆերանսների, որտեղ նաև թուրքեր կան, և նույնիսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձագետները տանում են այն գիծը, թե իբր հայկական սփյուռքի պատճառով է, որ տապալվեց այս պրոցեսը։ Պարզ է, որ Թուրքիան շահարկում  է այդ փաստը, փորձում է իրեն ներկայացնել՝ որպես պետություն, որն ուզում է հարաբերություններ հաստատել, բայց հայկական կողմերը չեն ուզում, դա է պատճառը, որ պետք է դադարեցնել այդ շահարկումը Թուրքիայի կողմից։ Այդ իմաստով՝ Սերժ Սարգսյանի ելույթը նորմալ էր»։

Ինչ վերաբերում է Գևորգ Մելիքյանի վերոնշյալ կարծիքին, թե Սերժ Սարգսյանն ուզում է նոր փուլում ազատվել այդ խնդրից, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն էր դա սկսել, նա էլ պետք է փակի. «Անկախ նրանից՝ կլինի վարչապետ, թե ոչ, նշանակություն չունի։ Համաձայն լինելով այդ մտքի հետ՝ կրկնում եմ՝ ինքը սկսեց, ինքն էլ պետք է ավարտի»։

Տեսանյութեր

Լրահոս