«Հայաստանը պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը. Թուրքիայի նկատմամբ պետք է ավելի ագրեսիվ լինել»

Այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված  «Հայ-թուրքական հարաբերություններն արձանագրությունների ստորագրումից առաջ և հետո» թեմայով քննարկման ժամանակ «Մոդուս Վիվենդի»կենտրոնի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրություններով փորձ արվեց այլ հարթություն տեղափոխել հայ-թուրքական հարաբերությունները, ինչը, ըստ նրա՝ հնարավոր չէր։

«Ի վերջո, հայ թուրքական շփումները եղել են 1990-ականների սկզբին, ես 1995-96թթ. դրանց մասնակցել եմ, և ակնհայտ էր, որ քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել, ապա խնդիրը չի բարելավվի։ Մեծ կասկածներ կան, թե սահմանների բացումն ինչքանով վիճակը կլավացնի։ Ես սպասում եմ, որ չեղարկվի ստորագրությունը»,- ասաց Պապյանը՝ նկատելով, որ այդ փաստաթղթերն իրենց գոյությամբ արդեն իսկ բացասական հետևանք ունեցել են։

«Մենք չգիտենք, թե 100-ամյակին ընդառաջ ինչպիսի ալիք կլիներ, և թուրքերին հաջողվեց «Հայկական ցունամիի» դեմն առնել, այդ փաստաթղթերը նրանց օգնեցին։ Ինքս տարբեր քննարկումների եմ եղել, երբ այն փաստարկն էր բերվում, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթաց կա, և պետք չէ նման քայլեր անել, քանի որ ամբողջ գործընթացը փակուղի կմտնի։ Այսինքն՝ թուրքերն օգտագործեցին այս փաստաթուղթը»,- նշեց նա։

Պապյանն այն կարծիքին է, որ Հայաստանը՝ որպես պետություն, էապես պետք է փոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հատկապես Թուրքիայի նկատմամբ. «Պետք է լինել ավելի ագրեսիվ»։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցիացված փորձագետ Գևորգ Մելիքյանն ասաց, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հայտարարությամբ Սերժ Սարգսյանը փորձում է մտնել 2018թ. որպես վարչապետ, ով չի ունենա նախագահ Սարգսյանի բեռը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասով. «Իրականում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկումները սկսվել են 1990-ականներից, իսկ այն փուլը, որ այսօր ունենք՝ 2000-2001թ.-ից։ 2008թ. Սերժ Սարգսյանի համար փրկության օղակ էր, քանի որ Հայաստանում ընտրություններից հետո վիճակը շատ լուրջ էր, և նա կարողացավ ակտիվացնել քննարկումները՝ հասցնելով այն կետին, որը ճանաչում ենք՝ որպես ֆուտբոլային դիվանագիտություն։ Իրականում այդ դիվանագիտությունն այսբերգի ամենավերևի հատվածն է»։

Նրա խոսքով՝ Թուրքիան այսօր շատ լուրջ ներքաղաքական գործընթացների մեջ է. «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ այդ արձանագրությունները Թուրքիայում մեռած են 2009թ. հոկտեմբերի 10-ից, այսինքն՝ այն պահից, երբ դրանք ստորագրվեցին։ Թուրքիան ընդհանրապես չէր պատրաստվում վավերացնել դրանք։ Սերժ Սարգսյանը փորձում էր շահած դուրս գալ այս ամենից, որովհետև կստորագրվե՞ր, թե՞ ոչ, իր համար շահեկան վիճակ էր։ Այսօր, երբ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ մինչև 2018թ. ժամանակ է տալիս, սա մեր ներքին լսարանի համար է, նաև այն բանի համար, որ 2018թ. ինքը պետք է մտնի առանց այդ արձանագրությունների բիծի»։

Տեսանյութեր

Լրահոս