Երբ կրկին եթե-ները շատ էին, արդյունքը՝ զայրացնող
Հայաստանի ազգային հավաքականը ավարտեց ելույթներն Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում: Ընտրական փուլում մեր մասնակցությունը հաջող չեն համարի անգամ ամենալավատեսները: Հավաքականը նախավերջին տեղում է, հաղթել է՝ 2, ոչ-ոքի է խաղացել՝ 1, և պարտվել է 7 անգամ: Մեր ֆուտբոլիստները խփել են 10 գնդակ՝ սեփական դարպաս բաց թողնելով 26-ը:
Խումբը ամենևին էլ հեշտերից չէր, սակայն ընտրական փուլի սկզբում Հայաստանի հավաքականը հավակնում էր լավ արդյունքի: Հավաքականը հյուրերի դաշտում մեծ կորուստներով կարողացավ ատամ ցույց տալ խմբի առաջատար Լեհաստանին, բայց ընդամենը մի քանի օր առաջ 1:6 հաշվով պարտվեց նույն թիմին: Խաղամակարդակները տարբեր էին, իրավիճակները՝ ևս, բայց ամենամեծ տարբերությունն այս խաղերում այն էր, որ, ի տարբերություն առաջինի, երկրորդ խաղում հավաքականի տղաները կարծես ընդունել էին պարտվողի կարգավիճակը և ցանկանում էին, որքան հնարավոր է՝ արագ ավարտել հանդիպումը: Հետաքրքիր է այն, որ թե՛ լեհերի դեմ երկրորդ խաղի, թե՛ ընտրական մրցաշարի ցանկացած հանդիպման դրվագներում հավաքականն այնքան լավ ֆուտբոլ էր ցուցադրում, որ թվում էր, թե անգամ 1:6 հաշվի դեպքում քամբեքը հնարավոր է: Սակայն այս ամենը միայն որոշ դրվագներում է:
Աշխատա՞նք, թե՞ խաղ ազգի համար
Երբեմն տպավորություն է, որ հավաքականի տղաների համար ազգային հավաքական հրավիրվելն ու խաղալը միայն աշխատանք է: Նրանք գալիս են, անցկացնում հանդիպումը և հեռանում: Սակայն հենց այս ընտրական մրցաշարում էլ տեսել ենք, թե ինչպես կարող են խաղալ տղաներն այն ժամանակ, երբ իրոք նվիրվում են:
Հավաքականում կան մի շարք ֆուտբոլիստներ, ովքեր իրոք ամեն ինչ են անում լավ խաղ անցկացնելու համար: Այս ընտրական մրցաշարում մի շարք ֆուտբոլիստներ իրենց խաղով ապացուցեցին, որ արժանի են խաղալու հավաքականում և իրենց գործի նվիրյալն են, սակայն առանձնացրել ենք երեք ֆուտբոլիստների, ովքեր առանձնանում էին գրեթե բոլոր խաղերում:
Հենրիխ Մխիթարյան
Առաջին հերթին, իհարկե, պետք է նշենք մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: «Եթե չգիտես՝ ինչ անել գնդակը, փոխանցիր Չավիին» հայտնի տողերն ամբողջությամբ Մխիթարյանի մասին են ասում հավաքականում: Հենրիխը շատ է աշխատում, ակտիվ է գրեթե բոլոր դիրքերում: Ընրական մրցաշարի ընթացքում հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը կատակեց, թե Հենրիխը չի կարող միայն դարպասապահ լինել, քանի որ ցածրահասակ է:
Ինքը՝ Հենրիխը, նշում է, որ հավաքականում այնպես է անում, որ խաղը թիմային լինի, սակայն խաղերից հետո գրեթե միշտ ակնառու են դառնում Արթուր Պետրոսյանի այն խոսքերը, որ ոչ միայն Հենրիխը պիտի օգնի թիմին, այլև թիմը՝ Հենրիխին:
Մխիթարյանի վրա պատասխանատվությունը հսկայական է: Նա պատասխանատու է ոչ միայն դաշտում, այլև դրանից դուրս: Պատահական չէ, որ Դանիայի հետ խաղից հետո Մխիթարյանը, ով միշտ հանդիպում է լրագրողների և երկրպագուների հետ՝ պարզապես փախչելով հեռացավ մարզադաշտից:
Մարկոս Պիզելի
Պիզելին այս ընտրական մրցաշարում կրկին ապացուցեց, որ չնայած նրան, որ ընդհանրապես չունի հայկական արմատներ, շատ նվիրված է հավաքականին:
Երկրպագուները միշտ նշում են, որ հայ ֆուտբոլիստները չեն կատարում օրհներգը խաղի սկզբում՝ համարելով դա նվիրվածության պակաս: Սակայն անգամ ռուսական կայքերն էին նկատել, թե ինչպես է բրազիլացի Պիզելին կատարում Հայաստանի օրհներգը:
Ղազախստանի հետ խաղից հետո Մարկոսը նշում է, որ խատառակ ընտրական փուլի համար ինքը ևս մեղավոր է: Ըստ Մարկոսի՝ ֆուտբոլիստները պետք է կարողանան բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ 90 րոպե և չսպասեն մարզական հավաքներին, այլ աշխատեն իրենց վրա:
Մարկոսի օգտակար գործողության գործակիցը Հայաստանի հավաքականում շատ մեծ է: Հարկ ենք համարում նշել նաև, որ ընտրական փուլի վերջին խաղում Մարկոսը մասնակցեց հանդիպմանը՝ չնայած բարձր ջերմությանն ու մկանային լարվածությանը:
Հովհաննես Համբարձումյան
Շատ մռայլ ստացված ընտրական փուլի քիչ լուսավոր կետերից էր Հովհաննես Համբարձումյանը: Մակեդոնական «Վարդարի» ֆուտբոլիստը շատ վստահ անցկացրեց գրեթե բոլոր խաղերը: Լեհաստանի հետ խաղում ուշագրավ էր հայ մեկնաբաններից մեկի միտքը, ով նշեց, որ Համբարձումյանը ամենահաս է և կարողանում է հասնել օգնության գրեթե բոլոր դիրքերում:
Այս ընտրական մրցաշարում Համբարձումյանը ոչ միայն բարձր մակարդակի ֆուտբոլ խաղաց, այլև կարողացավ գոլ խփել Լեհաստանի հետ տնային խաղում:
Ո՞րն է ելքը
Այն, որ հավաքականը պետք է գտնի ելքեր, ակնհայտ է: Հավաքականը գլխավորելուց հետո Արթուր Պետրոսյանը մի քանի անգամ փորձել է առաջարկել ելքեր:
Ղազախստանում անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում Արթուր Պետրոսյանը խոսելով ԱՊՀ երկրներում ֆուտբոլի ցածր մակարդակի մասին՝ նշել էր.
– Հնարավոր է` խնդիր կա մտածելակերպի մեջ: Մենք անհամբեր ենք: Կարծում ենք, որ հաջողությունը կլինի այսօր կամ վաղը: Մենք չենք կարողանում երկարատև ծրագիր ստեղծել և տարիների ընթացքում հետևել այդ ծրագրին: Կա այսպիսի հոգեբանություն. 1000 դոլարի ներդրում ես անում և սպասում ես, որ վաղը կստանաս 3 հազարը: Ինձ թվում է` բոլորս էլ ունենք այդ խնդիրը: Ես աշխատել եմ արտասահմանում, այնտեղ աճել եմ՝ որպես մարզիչ: Նրանք ծրագիր ունեին և հետևում էին դրան շուրջ 10 տարի: Մեր երկրներում երիտասարդական ֆուտբոլում մարզիչն արդյունք չի տալիս, և նրան 3 խաղ հետո հեռացնում են:
Այժմ հավաքականը չափազանց ծանր վիճակում է: Մարզիչը կարծում է, որ հավաքականին թարմ արյուն է պետք: Նրա խոսքով՝ դա կարող է լինել Բայրամյանը կամ դրսում խաղացող այլ ֆուտբոլիստներ:
– Եթե սա մեր առավելագույն մակարդակն է, ապա հաջորդ ընտրական փուլում մենք անելիք չունենք։ Ես ասել եմ Լեհաստանի խաղից հետո և կրկնեմ, որ մեզ նոր ֆուտբոլիստներ են պետք, որովհետև այսօրվա կազմի 80%-ը խաղում է հավաքականում երկար տարիներ, և գալիս է ժամանակը, երբ պետք է ինչ-որ բան փոխել։ Կարծում եմ՝ հիմա ամենալավ պահն է ինչ-որ փոփոխություններ կատարելու, որովհետև այս խաղով մենք ոչ մի հնարավորություն չենք ունենա մյուս ընտրական մրցաշարում։ Այսօր դուք տեսաք երկու ֆուտբոլիստի, որոնք առաջին անգամ էին խաղում հավաքականի կազմում, և հուսով եմ, որ այսպիսի դեպքեր հաճախ են լինելու,- նշել է Արթուր Պետրոսյանը Ղազախստանի հետ խաղից հետո:
Հավաքականի մարզիչը նշել է նաև, որ ելքն ուժեղ առաջնությունն է: Ելք կլինի այն, որ ֆուտբոլիստները աշխատեն ոչ միայն հավաքականում, այլև իրենց ակումբներում, փորձեն բարելավել փոխանցումների որակը:
Հավաքականի խաղերից հետո համացանցում պտտվում է մի հայտնի կատակ, որում ասվում է, թե արդյո՞ք հավաքականի տղաները ճանաչում են իրար: Ցավոք, նման պատկեր է ստացվում խաղադաշտում:
Հայկական ֆուտբոլի պատմության էջերում փակում ենք ևս մեկ ընտրական մրցաշար: Փակում ենք այն՝ միայն սխալների վրա սովորելու և նման ընտրական մրցաշարարեր այլևս չունենալու հույսով:
Սիրարփի Աղաբաբյան
Լուսանկարը՝ VivaroNews