«Ղարաբաղյան հակամարտության բռնկումն անխուսափելի է թվում և կախված չէ Մոսկվայի կամքից»
Չնայած հայ հասարակությունը ՀԱՊԿ շրջանակում հայ-ռուսական ռազմական համագործակցությունից պատրանքներ չունի, ՀՀ ԱԺ-ն թեժ քննարկումների արդյունքում ընդունեց Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրված «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը՝ ձայների 87 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ:
Ըստ համաձայնագրի, լիազորված մարմինները մշակում, համաձայնեցնում և Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատմանն են ներկայացնում միացյալ խմբավորման կիրառման պլանավորման առաջարկությունները, փաստաթղթերի ցանկը և բովանդակությունը, դրանց մշակման և գործունեության մեջ դնելու կարգը:
Միացյալ խմբավորման կիրառման համատեղ պլանավորում իրականացվում է նախապես՝ խաղաղ պայմաններում երկու երկրների զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների հաստատած ընդհանուր մտահղացմանը համապատասխան: Համաձայնագրի համաձայն, միացյալ խմբավորման հրամանատարին նշանակում և ազատում է ՀՀ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով ՌԴ ԶՈՒ գերագույն-գլխավոր հրամանատարի հետ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ խաղաղ պայմաններում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ագրեսիայի անմիջական սպառնալիքի և պատերազմի ժամանակաշրջանում՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, կամ կողմերի զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարների որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին:
Համաձայնագրի ամենախնդրահարույց կետերից մեկը զորախմբի միջամտությունն է երկրում ներքին ընդվզումներին: ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը մտահոգություններին ի պատասխան՝ ԱԺ լսումների ընթացքում ասաց, որ խոսքը քաղաքական ակցիաներին, ներքաղաքական խնդիրներին չի վերաբերում: Ըստ նրա, խոսքը ներքին ծագում ունեցող ռազմական սպառնալիքների մասին է, ու կողմերը միակողմանի չեն կարող ներխուժել համապատասխան տարածաշրջան, պետք է լինի կողմերի համաձայնություն, և յուրաքանչյուր կոնկրետ դեպք պետք է քննարկվի և որոշվի, թե ինչ քանակով և ինչ տեսակի զենք, զինված ուժեր են հարկավոր:
«168 Ժամի» հետ զրույցում ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ այս զորախմբի մասին խոսակցությունները շրջանառության մեջ հայտնվեցին ոչ պատահական ժամանակահատվածում: Նա հիշեցրեց, որ այս խոսակցությունների հիմքերը դրվեցին ռուս-թուրքական լարվածության ժամանակ: Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ռուսական կողմը մտավախություններ ունի, որ լարվածությունների ժամանակ այս կողմից կարող են սադրանքներ լինել Ռուսաստանի դեմ, ուստի այս զորախմբի առաքելությունն է լինելու՝ վերահսկել այս ուղղությունը և զսպիչ դերակատարություն ունենալ:
«Զորախումբը գործում է դեռևս 1990-ական թվականներից, սակայն կողմերը որոշեցին այդ մասին բարձրաձայնել հակառակորդներին զսպելու նպատակով: Կարծում եմ՝ դրա հասցեատերը կարող է լինել նաև Ադրբեջանը, որն այս տարիների ընթացքում սպառազինություն ձեռք բերելով Իսրայելից, Ռուսաստանից՝ առավելություն է ձեռք բերել Հայաստանի նկատմամբ: Լուրջ նշանակություն այս զորախմբին պետք չէ տալ, այն գործել է և կգործի այնպես, ինչպես նախկինում, պարզապես ավելի համակարգված եղանակով»,- ասաց Ֆելգենգաուերը: Նրա խոսքով, գործող հարաբերություններին համաձայնագրային տեսք տրվեց:
Անդրադառնալով ներքին խժդժություններում այս ուժերի հնարավոր մասնակցությանը, ռուս փորձագետն ասաց, որ որքան իրեն հայտնի է՝ այդ ուժերը չեն կարող միջամտել, նման որոշումները միացյալ կերպով են կայացվում: Նա վստահեցնում է՝ ռուսական կողմը չի կարող միակամորեն որոշել միջամտել Հայաստանի ներքին գործերին, քանի որ այս զորախմբի նպատակը դա չէ: Ֆելգենգաուերի խոսքով, հստակ չէ նաև, թե ինչպես զորախումբը կգործի ռազմական սպառնալիքի դեպքում: Նրա կարծիքով՝ դա կախված կլինի իրավիճակից:
Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմական սպառնալիքին, ապա ռուս ռազմական փորձագետը նշեց, որ Հայաստանն ունի լուրջ ռազմական սպառնալիք, և այն վերացած չէ: «Ղարաբաղյան հակամարտության բռնկումն ինձ համար անխուսափելի է թվում, և դա կախված չէ Մոսկվայի կամքից, Մոսկվային պետք է հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում ազդեցության գոտու ընդլայնման նպատակով, սակայն Ռուսաստանին նաև անհրաժեշտ կլինի զսպել հնարավոր պատերազմը, թե դա որքանով կհաջողվի՝ ևս հարց է, քանի սրման վտանգը մեծ է՝ քաղաքական լուծման հեռանկարի բացակայության պատճառով:
Ռուս-թուրքական բարենպաստ հարաբերությունների դեպքում Ռուսաստանի զսպիչ գործողությունները կարող են շատ ավելի արդյունավետ լինել: Հակառակ դեպքում Թուրքիայի միջամտությունը կարող է կործանարար լինել և որոշիչ՝ ի օգուտ Ադրբեջանի: Այնուամենայնիվ, այս գոտում լայնածավալ պատերազմով որևէ գերտերություն հետաքրքրված չէ, որի ականատեսը դարձանք ապրիլյան պատերազմի ընթացքում»,- նման կարծիք հայտնեց Ֆելգենգաուերը:
Նրա որակմամբ, լինելով Հայաստանի ռազմավարական և ռազմական դաշնակիցը՝ Ռուսաստանի համար ներկայումս արդեն բարդ է հավասարակշռել ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի ռեսուրսներն ու առավելությունը մեծ է, և Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերում շուկայական գներով մի քանի աղբյուրներից, իսկ Հայաստանը ռուսական գներով ձեռք է բերում ռուսական սպառազինություն, և ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ որոշ զինատեսակներով Հայաստանը զիջում է Ադրբեջանին: Նրա համոզմամբ, եթե լինի նոր պատերազմ, ապա այն հաղթահարելը Հայաստանի համար դժվարին խնդիր է լինելու:
Հարցին, թե ինչ կտա ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակում տարեվերջին կազմակերպվելիք նախագահական գագաթաժողովը, Ֆելգենգաուերը պատասխանեց, որ հաշվի առնելով շփման գծում միջադեպերի բռնկման ինտենսիվությունը, կարգավորման հեռանկարների բացակայությունը՝ դեռևս ոչինչ: