Բաժիններ՝

«Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր արձանների պարը». ԳԱԼԱ խմբակցության անդամ

Հոկտեմբերի 6-ին Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու նիստի ընթացքում քննարկվեց և ընդունվեց Աբովյան ճեմափողոցում գյումրեցի հայտնի անձանց (Ավետիք Իսահակյան, Մհեր Մկրտչյան և ուրիշներ) արձանները տեղադրելու որոշման նախագիծը:

Բացի տեղադրվելիք երեք հուշարձաններից, մնացած հուշարձանների ցանկը կազմելու համար պետք է կազմակերպվի հանրային բաց լսումներ և քննարկումներ: Ցանկը կազմելուց հետո առաջարկվում է կազմակերպել նախագծերի մրցույթ: Նշենք, որ Աբովյան ճեմափողոցում հուշարձաններ տեղադրելու մասին որոշումն ընդունելու դեպքում Գյումրու այս տարվա բյուջեում ավելացումներ կամ նվազեցումներ չեն լինելու:

Չնայած ավագանին հավանություն տվեց այս որոշման նախագծին, որի համաձայն՝ փողոցում 12 արձան է տեղադրվելու, այնուամենայնիվ, ավագանու անդամներից ոմանք դեմ են եղել քաղաքի կենտրոնն արձաններով ծանրաբեռնելուն՝ պատճառաբանելով, թե արձանների տեղադրմանն հատկացվող գումարով կարելի է բազմաթիվ այլ հարցեր լուծել:

ԳԱԼԱ խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանն հայտարարեց. «Բոլոր պարերը պարել էինք, մնացել էր միայն արձանների պարը»:

Կարդացեք նաև

Սակայն ավագանու այն անդամները, ովքեր կողմ են արձանախմբի տեղադրմանը, համարում են, որ այդ կերպ Գյումրին զբոսաշրջիկների համար ավելի գրավիչ կլինի:

Ավագանու նիստի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ արձանների տեղադրման համար ինքն է դիմել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և այդ ամենը քաղաքային բյուջեի հաշվին չի լինելու:

«Մեր հանրապետության նախագահն ընդառաջ գնաց, ասաց՝ ես եմ ֆինանսավորելու այս ծրագիրը, ընդհուպ մինչև սյուների սարքելը, պատվանդանի տեղադրումը: Էնպես որ՝ մեր բյուջեից լումա չենք ծախսելու: Գեղեցիկ բան է լինելու, ամբողջ աշխահում էսպիսի մշակույթ կա: Բրյուսելում եղել եմ, կա, Հռոմում եղել եմ, կա: Հիմա մեր Երևանում ինչքա՜ն էսպիսի արձաններ են տեղադրված»,- ասաց Գյումրու քաղաքապետը:

Այնուհետև ավագանին, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և հիմք ընդունելով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Գագիկ Տարասյանի գրությունը, որոշեց «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացնել 1.200.000 դրամ` 2017-2018 թվականների ձմռան ընթացքում համայնքի թվով 400 կարիքավոր ծերերի ջեռուցման կարիքները հոգալու համար: Որոշման ընդունումը պայմանավորված է ծրագրին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

«Տաք ձմեռ տարեցների համար» ծրագրով տարեցների առողջության պահպանման, ձմռան ամիսներին նրանց բնակարանների ջեռուցման խնդիրները լուծելու նպատակով անհրաժեշտ է համայնքի ներդրումը՝ ծրագիրը չձախողելու համար: Այն նպաստելու է ծերերի կենսակերպի որակի բարձրացմանը` ապահովելով նրանց անհատական, կարեկից և հետևողական խնամքին:

Ավագանու նիստի ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր, մասնավորապես՝ գույքահարկի արտոնության վերաբերյալ: Քաղաքացի Սամվել Մովսիսյանը դիմել էր Գյումրի համայնքի ղեկավարին՝ սեփականության իրավունքով իր որդուն՝ Արտյոմ Սամվելի Մովսիսյանին պատկանող «ՖՈԼԿՍՎԱԳԵՆ PASSAT» մակնիշի, 17SO228 պետհամարանիշով տրանսպորտային միջոցի 2017 թվականի գույքահարկի նկատմամբ արտոնություն սահմանելու խնդրանքով:

Ելնելով Գյումրի համայնքի «Ա.Բրուտյանի անվան թիվ 4 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության համար երաժշտական գործիքներ ձեռք բերելու անհրաժեշտությունից, հիմք ընդունելով կազմակերպության տնօրեն Խորեն Վարդանյանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 26-ին համայնքի ղեկավարին ուղղված գրությունը, ավագանին որոշեց կազմակերպությանը որպես նվիրատվություն հատկացնել 2.000.000 դրամ՝ անհրաժեշտ երաժշտական գործիքներ ձեռք բերելու նպատակով:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս