Բաժիններ՝

Վիգեն Սարգսյանը՝ զինծառայողների գրքույկներում գրառումներ չկատարվելու, հիգիենիկ պարագաները ծնողների կողմից ուղարկելու և ՊՆ-ի կողմից զինծառայողների բուժումն ապահովելու խնդիրների մասին

Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ են պատրաստվում բանակում վերացնել մի շարք խնդիրներ, որոնք առկա են:

«Տարբեր լսարանների առաջ խոսում են «Ազգ-Բանակ» կոնցեպտի մասին և այն ծրագրերի մասին, որոնք փորձում ենք իրականացնել ու լուծել մի շարք խնդիրներ: Այդ խնդիրներն առաջացել են մի շարք պատճառներից, որոնց մասին լուծումներ առայժմ չենք լսում: Օրինակ, մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների գրքույկներում գրառումներ չեն կատարվում, որպեսզի չօգտվեն որոշակի արտոնություններից, առաջին անհրաժեշտության հիգիենիկ պարագաներն ապահովվում են ընտանիքի անդամների կողմից, զինվորական ծառայության ժամանակ ձեռք բերված հիվանդությունները, այդ թվում՝ նաև քաղցկեղը, ամբողջական բուժում չի ստացվում ՊՆ-ի կողմից: Նմանատիպ խնդիրները ե՞րբ եք պատրաստվում լուծել»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Անդրադառնալով այն հարցին, որ մարտական գործողություններին մասնակցած զինծառայողների գրքույկներում գրառումներ չեն կատարվում՝ Վ. Սարգսյանն ասաց, որ այդ խնդիրն ի հայտ գալուն պես՝ իրենց կողմից տարածվեց հայտարարություն, և ՊՆ-ի թեժ գիծն անհատական դիմումներ ընդունելով՝ գնացել է տարբեր դեպքերի հետևից, հատ-հատ նայելով դիմումները. «Բազմաթիվ դեպքերի պարագայում անճշտությունը հայտնաբերվել է 1 տասնյակից ոչ ավելի: Յուրաքանչյուր պարագայում ուղղում է կատարվել այդ գրքույկներում: Միևնույն ժամանակ, որպեսզի դա չառաջացնի բացասական ընկալում, բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան քառօրյային եղել են  մարտական հերթապահություն իրականացնող զորմասում, միայն այդ հիմքով նույն արտոնությունները տրվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ծրագրի միջոցով: Այդտեղ քայլ արել ենք ու շարունակելու ենք անել»:

Խոսելով զինծառայողների հիգիենիկ միջոցներն ընտանիքի կողմից ուղարկելու մասին՝ Վ. Սարգսյանն ասաց, որ յուրաքանչյուր զինծառայող բյուջեով նախատեսված չափաբաժնով ամսական ստանում է գումար իր համար անհրաժեշտ հիգիենիկ պարագաները գնելու համար ու դրանք սովորաբար գնում է անմիջապես զորամասի կողքին գտնվող խանութներից մեկից. «Եթե, դրանից բացի, այլ հիգիենիկ պարագաների կարիք է ունենում, շատ հնարավոր է, որ տնից է խնդրում, մենք ամեն ինչ անում ենք, որ դրա կարիքը չլինի»:

Պաշտպանության նախարարը նաև ասաց, որ քաղցկեղի բուժումը ներկա և նախկին զինծառայողների համար գտնվում է պետպատվերի շրջանակներում. «Ձեր կողմից նշված զինծառայողը, ստանալով ախտորոշում, որոշում է կայացրել այլ բուժման կուրս անցնել, որ պետպատվերից դուրս է: Նա դիմել է ՊՆ, և ՊՆ-ն ընդառաջելով իր խնդրանքին՝ գտել է այլ միջոցներ՝ ոչ բյուջետային, և շուրջ 5 միլիոն դրամի օգնություն է ցույց տվել այդ քաղաքացուն: Մենք այդքանով ենք կարողացել օգնել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս