Բաժիններ՝

«Կարագը վերջին 10 օրերին թանկացել է 30-35 տոկոսով, խոզի միսը՝ 20-25». Բաբկեն Պիպոյան

«Գյուղատնտեսության նախարարությունը չգիտի՝ ինչով է զբաղված»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով մսի գնի բարձրացման մասին՝ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ երբ նախարարությունը չգիտի՝ ինչով է զբաղված, ապրանքի գնի էական փոփոխությունը քննարկելն առնվազն սխալ է. «Որովհետև միշտ էլ կարող են լինել պատճառներ այս կամ այն ապրանքի թանկացման, բայց պետք է հասկանանք, որ այդ պատճառների հետ կապված առաջին արձագանքող, կանխարգելող և համապատասխան ռազմավարություն մշակող պատասխանատուն Գյուղատնտեսության նախարարությունն է: Մեր երկրում գյուղմթերքը կարող է լինել շատ էժան, հետո վաճառվել շատ թանկ, բայց չգիտեն՝ որն է այն իրատեսական գինը, որով պետք է վաճառվի: Երբ ուղղակի թողնում ենք շուկայական հարաբերությունների վրա, չգիտենք՝ որքանն է նորման, որքանն է իրատեսականը, գյուղացուն իր հոգսի հետ մենակ ենք թողնում, կամայական գործոնը նպաստում է գնի էական փոփոխության վրա»:

Բ. Պիպոյանն ասաց, որ հնարավոր է՝ մսի թանկացման վրա մի քանի կոմպոնենտ է ազդել՝ անասունների գլխաքանակի պակասումը, անասնակերի թանկացումը, և այլն. «Նաև քննարկվում է այն, որ արդեն մսամթերքի շուկայի հետ կապված կա աղմուկ, և այս աղմուկից կարող են օգտվել տնտեսվարողները՝ թանկացնելով գինը, ներկայացնելով դա՝ որպես որոշակի բարեփոխումներ, բայց աղմուկն ավելի շատ է, քան ռեֆորմը: Այսինքն՝ մենք խոսում ենք փաստաթղթավորման, ստուգման կարևորության մասին, բայց փաստացի աշխատանք այդ ուղղությամբ չենք կատարում: Այսինքն՝ ունենք ընդամենն աղմուկ, որից վնաս կրում է սպառողը, օգուտ չի ունենում ոչ մեկը: Արդյունքում ունենում ենք գների իրական փոփոխություն, անվերահսկելի վիճակ: Այս պահին կարող եմ նշել նաև կարագը, որն էական գնաճ ապրեց վերջին օրերին»:

Հարցին՝ այդ թանկացումն է՞լ եք համարում սուբյեկտիվ գործոնով պայմանավորված,  Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց. «Ես օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ պատճառ չեմ կարող դիտարկել, եթե չդիտարկենք մի բան. մենք պետք է նայենք միջազգային շուկայում գների փոփոխությունը, և կարող եմ փաստել՝ անհամարժեք է միջազգային շուկայի գների փոփոխության հետ, որևէ աղերս չունի այդ փոփոխությունը»:

Մենք նաև հետաքրքրվեցինք՝ թե՛ մսի, թե՛ կարագի դեպքում այս պահի դրությամբ ինչքա՞ն գնի փոփոխություն է եղել: Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց. «Կարագի դեպքում միայն վերջին տասն օրվա ընթացքում մինչև 30 տոկոսի հասնող թանկացում ունենք, որոշ դեպքերում հասել է անգամ 35 տոկոսի: Նախորդ տարվա համեմատ՝ խոզի մսի շուկայում կա մոտ 20-25 տոկոս գնաճ: Տավարի մսի շուկան այսքան շատ չէ, տարբերությունը մինչև 10 տոկոս է կազմում, բայց այս շուկայի հետ կապված շատ վատ բաներ եմ ես գուշակում, գլխաքանակի լուրջ պակասում կա»:

Մեր ճշտող հարցին, թե՝ տենդենց եք տեսնում, որ կշարունակվի՞ գնաճը, Բ. Պիպոյանն այսպես պատասխանեց. «Տենդենց կա: Օր օրի սկսում են գործից չհասկանալ: Այսինքն՝ ժամանակը գնում է առաջ, աշխարհը սկսում է գործից հասկանալ, բիզնեսը սկսում է գործից հասկանալ, նախարարությունը սկսում է գործից չհասկանալ: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ գյուղնախարարը չգիտի՝ ինչ արժե մեկ լիտր կաթը: Մի երկիր, որտեղ գյուղնախարարը չգիտի՝ ինչ արժի կաթի ինքնարժեքը, չգիտի 1 կիլոգրամ տավարի մսի ինքնարժեքն ինչքան է, խոզի մսի ինքնարժեքն ինչքան է, այդ երկրում ի՞նչ քննարկենք գյուղատնտեսական ապրանքների գները»:

Հարցին, թե՝ ինչո՞ւ եք վստահ, որ գյուղնախարարը չգիտի, Դուք հարցրե՞լ եք նրան, Բ. Պիպոյանն այսպես արձագանքեց. «Ես ի՞նչ հարցնեմ, ես գիտեմ, որ չգիտի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս